Արթուր Ղազինյանը վայր է դրել մանդատը
Ստորև ներկայացնում ենք Ղազինյանի հայտարարությունը, որը հրապարակվել է Facebook–յան էջում։
«Սիրելի հայրենակիցներ, այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում:
Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը:
Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ:
Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ:
Վերահաստատում եմ Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ բոլոր գնահատականներն ու այս իշխանության հասցեին հնչեցրած բոլոր որակումները. ազգակործան կապիտուլյանտ դավաճանի տեղը բանտում է:
«Դիմադրության» շարժումն ունի չիրացված ահռելի ներուժ: Այն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները. շարժումը պետք է պահել և ուժեղացնել. որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի շարունակելու եմ մասնակցել և բոլորին կոչ եմ անում մասնակցել շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին:
«Հայաստան» խմբակցության իմ գործընկերներին մաղթում եմ քաղաքական շրջահայացություն և հաջողություն. հավատացեք, այնտեղ կան բազմաթիվ ազնիվ, նվիրյալ ու հայրենասեր անձիք:
Աստված պահապան Հայաստանին ու Արցախին
Աստված պահապան Հայ ժողովրդին»։
Ղազինյանը 2021թ.–ի օգոստոսի 25–ից մինչև 2022թ.–ի մարտի 4–ը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր։ Նրա թեկնածությունն ավելի քան 10 անգամ առաջադրվել է այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում, բայց նա այդպես էլ չընտրվեց։ Մարտի 4–ից Ղազինյանը ներառված էր ԱԺ պետական–իրավական հարցերի հանձնաժողովի կազմում։
Ընդդիմադիր խմբակցություններում ստեղծված իրավիճակի մասին
Հուլիսի 1–ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հեռացվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից, իսկ նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Ավելի ուշ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հրաժարվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական տվեց ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրաժարվեց հեռանալ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։–0–