World News

Աշխարհում վաճառվել է Կառլ Մարքսի պատկերով ավելի քան հարյուր հազար թղթադրամ` 0 եվրո անվանական արժեքով

Ամբողջ աշխարհում վաճառվել է Կառլ Մարքսի պատկերով ավելի քան հարյուր հազար հուշանվերային թղթադրամ՝ 0 եվրո անվանական արժեքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գերմանական Թրիեր քաղաքում զբոսաշրջության ոլորտում մարքեթինգով զբաղվող ընկերությունը Մարքսի պատկերով թղթադրամները թողարկել է մարտին՝ գերմանացի փիլիսոփայի ծննդյան 200-ամյակին ընդառաջ: Հինգ հազար նմուշով առաջին խմբաքանակը վաճառվել է մոտ մեկ ամսում:

«Թղթադրամները մեծ պահանջարկ ունեն: Ոչ մեկ չէր սպասում, որ դրանք այդքան պահանջարկ կունենան»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Հանս-Ալբերտ Բեքերը:

Ինչպես հայտնել է Բեքերը, հուշանվեր թղթադրամներն ուղարկվել են աշխարհի ավելի քան 40 երկիր: Դրանք առանձնահատուկ պահանջարկ են ունեցել Չինաստանում, ուր ուղարկվել է 25.000-30.000 օրինակ:

Ընկերության ներկայացուցիչը հավելել է, որ որոշ գնորդներ պատվիրել են անմիջապես 100-ական օրինակ, որոշ ձեռնարկություններ դրանք գնել են որպես աշխատակիցների համար նվեր:

Читайте на сайте