Անթույլատրելի է քաղաքականությունը Ֆուտբոլի ֆեդերացիա մտցնելը. Արթուր Վանեցյան
Չի կարելի էմոցիոնալ ֆոնի վրա որոշումներ կայացնել, և առանց վերլուծելու քայլեր կատարել, որոնք ավելի վատ հետևանքների կբերեն ֆուտբոլում: Այս մասին «Պրեսինգ» հաղորդման ժամանակ ասաց ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք, որ հաղորդումը նկարահանվել է մինչև Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելը:
«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պարտությունը Իտալիային մտահոգիչ էր: Նման արդյունք ֆուտբոլի պատմության մեջ երբևէ չի գրանցվել: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ինչ վերաբերվում է քննադատություններին, ես կարող եմ միայն ասել, որ ամենամեծ քննադատաը և այս արդյունքից դժգոհը ես եմ: Բայց չի կարելի էմոցիոնալ ֆոնի վրա որոշումներ կայացնել, և առանց վերլուծելու քայլեր կատարել, որոնք ավելի վատ հետևանքների կբերեն»,- ասաց նա և հավելեց՝ պետք է գտնել այն ուղին, որը կապահովի մեր ֆուտբոլի առաջընթացը:
Վանեցյանը նշեց, որ ունի մի սկզբունք. ֆուտբոլում առհասարակ չի խառնվում մարզչի աշխատանքին: Նա նշեց, որ ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստներ ընտրելու համար կան 100-ից քիչ ավելի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, այսինքն՝ հավաքականի գլխավոր մարզիչը կարող է ընտրություն կատարել 117 ֆուտբոլիստից: Նա ներկայացրեց, որ լինում են օբյեկտիվ պատճառներ, որ այդ ֆուտբոլիստներից ոմանք ունենում են ինչ-ինչ հիվանդություններ, վնասվածքներ կամ այլ պատճառներ և չեն կարողանում մասնակցել հավաքականի խաղին։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտարարել էր, որ պարտության թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ-ի նախագահն է և 9:1 հաշվի համար պետք է բացատրություն տան: Մկրտչյանը նաև նշել էր, որ առայժմ օրակարգում ֆեդերացիայի նախագահի հրաժարականի հարց չկա, լինելու դեպքում՝ կտեղեկացնեն:
Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Վանեցյանը նշեց, որ նրան հայտնի չէ որևէ որոշում, որով Արեն Մկրտչյանը լիազորված լինի գործկոմի անունից նման հայտարարություններ անել: «Պարոն Մկրտչյանը միայն իր անունից կարող է հայտարարություններ անել: Եվ կարծում եմ, որ իր հայտարարություններն այս պահին սյուբյեկտիվ են և իրականության հետ կապ չունեն: Կարծում եմ, որ ֆեդերացիայի նախագահը չպետք է ամեն մի մեկնաբանության պատասխանի»,- նշեց ՀՖՖ նախկին նախագահը:
«Ինչ վերաբերվում է ԱԱԾ-ի կողմից կատարված բացահայտումներին, խաղերի հետ կապված, կներեք, բայց անհեթեթություն է ասել, որ ֆեդերացիան չի արձագանքել: Ուզում եմ հստակ ասել, որ պայմանավորված խաղերի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է այն ժամանակ, երբ ես ԱԱԾ տնօրեն էի, դա անհերքելի փաստ է: Այդ գործն իմ օրոք է բացահայտվել»,- նշեց նա:
Անդրադառնալով ֆուտբոլը քաղաքականությունից տարանջատելու մասին հարցին՝ Վանեցյանը պատասխանեց, որ ՀՖՖ-ի և գործկոմի անդամները պետք է քաղաքական չեզոքություն դրսևորեն, ինքն ամեն ինչ արել է՝ այդ չեզոքությունը ապահովելու համար: «Վերջին շրջանում կատարված դեպքերը ցույց են տալիս, որ գործկոմի որոշ անդամներ փորձում են այդ հարթակն օգտագործել իրենց նեղ քաղաքական շահերը սպասարկելու համար, ինչն անթույլատրելի է: Եթե նրանք ինչ-որ խնդիր ունեն ինձ հետ, ապա պետք է լուծեն այլ միջոցով, ոչ թե բերել, ֆուտբոլի ֆեդերացիա մտցնել քաղաքականությունը:
Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի այսօրվա վիճակին՝ Վանեցյանն ասաց, որ չենք կարող վաղն արթնանալ և Հայաստանում ունենալ 5000 ֆուտբոլիստ.դրա համար մեծ աշխատանք և ժամանակ է պահանջվում:
«ԵՍ ՀՖՖ նախագահ ընտրվելու առաջին օրվանից հայտարարել եմ այդ մասին, հիմա մենք հետևողական կատարում ենք այդ աշխատանքը։ Մենք պետք է զարգացնել մասսայական ֆուտբոլը, մանկապատամեկան ֆուտբոլը, և դա արվում է»,- ասաց նա:
Նա նշեց, որ ահռելի աշխատանք է կատարվել: «Հաշվի առեք, որ երեխաները Հայաստանում ֆուտբոլ պարապում են անվճար, ֆեդերացիայի ենթակայությամբ գործող բոլոր ակադեմիաներում և դպրոցներում, ահռելի ծախսերի մասին է խոսքը, բայց մենք դա կարողանում ենք անել։ Դա է ֆեդերացիայի նախագահի հիմնական խնդիրը, որը մենք կարողանում ենք անել»,- նշեց Վանեցյանը:
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ ՀՖՖ նախագահի պաշտոնից իր հրաժարականից հետո պատրաստվում են առաջադրել իր տեղակալներից և շրջանառվում են Արմեն Նիկողոսյանի և Արմեն Մելիքբեկյանի անունները,Արթուր Վանեցյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ով ինչ մտադրություն ունի, ով ինչի մասին է խոսում, կարող եմ ասել մի բան, որ մենք չենք շեղվելու օրենքներից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությունից և գործելու ենք միայն դրանց շրջանակներում»։