World News

Երբեք չի կարելի մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությունը հավասարեցնել զրոյի, այն կարող է թուլանալ, բայց չի վերանում. Սուքիասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը 

– Պարո՛ն Սուքիասյան, օգոստոսի 6-ին, երբ ուկրաինական զորքը գրոհեց Կուրսկի մարզ, որտեղ մարտերը մինչ օրս շարունակվում են, ոմանք միանգամից հայտարարեցին, թե Ռուսաստանն արդեն իսկ պարտվել է պատերազմում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում ռուս-ուկրաինական պատերազմի այս փուլը։

– Դեռևս վաղ է խոսել որևէ կողմի հաղթելու կամ պարտվելու մասին, որովհետև դա կարող ենք արձանագրել միայն պատերազմի ավարտից հետո: Այս երկու տարվա ընթացքում երկու կողմի համար էլ հաղթանակի և պարտության իմաստները փոփոխվել են. եթե սկզբում Ռուսաստանի համար հաղթանակը ապազգայնացումն ու ապառազմականացումն էր, որ ակնկալվում էր հասնել շատ կարճ ժամանակաշրջանում, տեսանք, որ ժամանակի ընթացքում այս նպատակները որոշ ձևափոխումների ենթարկվեցին։ 

Նույնը Ուկրաինայի պարագայում. թեև այնտեղ հաղթանակը որպես ռազմավարական նպատակ նշվում է բոլոր տարածքների դեօկուպացիա ու տարածքային ամբողջականության վերականգնում, բայց պատերազմի ընթացքին հետևողների, մասնագետների ու քաղաքական գործիչների համար, անգամ Ուկրաինայի դաշնակիցների շրջանում, հասկանալի է, որ այս նպատակն ամբողջովին իրականացնելն այնքան էլ իրատեսական չէ, այդ թվում՝ քաղաքական նպատակներով: 

Անգամ դաշնակիցները համաձայն չեն այն հարցում, որ պետք է հասնել պարտված Ռուսաստանի, որովհետև այդ Ռուսաստանը նույնպես կարող է վտանգավոր լինել, հետևաբար մարտավարական հաջողությունները մարտի դաշտում չպետք է շտապել ներկայացնել որպես հաղթանակ կամ պարտություն պատերազմում։ 

– Իսկ ձեր գնահատմամբ՝ Ռուսաստանն ինչո՞ւ է ուշացնում Կուրսկի վրա հարձակման պատասխանը, ու ի՞նչ կարգի պատասխան է լինելու։

– Սա պատերազմի ընթացքում ուկրաինական երկրորդ նմանատիպ գործողությունն է, երբ թիրախ են դառնում ամենաչպաշտպանված տարածքները: Նախորդը 2022-ի սեպտեմբերի հակահարձակումն էր, որի ընթացքում Ուկրաինային հաջողվեց շատ մեծ տարածություններ հետ գրավել, երկրորդը սա էր։ 

Երկու դեպքում էլ թիրախ դարձած տարածքներն աչքի են ընկնում իրենց թույլ պաշտպանվածությամբ և մարտական տեխնիկայի ու զինված ուժերի թույլ կենտրոնացմամբ: Կուրսկի շրջանում սահմանին հիմնականում տեղակայված են եղել սահմանապահներ, ժամկետային զինծառայողներ, բայց ոչ պայմանագրային պրոֆեսիոնալ այն բանակը, որը ներգրավված է ռազմաճակատի այլ՝ ավելի թեժ ուղղություններով։ 

Սրանով ու անսպասելիության հանգամանքով է պայմանավորված ուկրաինական հաջողությունը կարճ ժամանակում, բայց արդեն տեսնում ենք, որ հարձակման տեմպը կարծես թե սպառման է մոտենում, և ուկրաինական ուժերն արդեն սկսում են դիրքավորվել,  որպեսզի կարողանան պահպանել արդեն իսկ գրաված տարածքները, որոնք առաջին հերթին քաղաքական նպատակ են հետապնդում և ծառայեցվելու են հենց քաղաքական նպատակներով, որի ռազմական նշանակությունը երկրորդական է։

– Պարո՛ն Սուքիասյան, իսկ այս պատերազմի հանգուցալուծումը մենք երբ ենք տեսնելու, ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո որոշ չափով գոնե պարզ կլինի, թե ի՛նչ հանգուցալուծում է լինելու: 

– Դժվար է խոսել պատերազմի ավարտի մասին, որովհետև վերջին երկու տարիների ընթացքում մի քանի անգամ շատ լուրջ նշաններ են եղել, որ պատերազմն ուր որ է կավարտվի, բայց դրան դեռ մոտ չենք, առավելևս դժվար է ակնկալել նման ելք մինչ ԱՄՆ նախագահի ընտրությունների ավարտը, և Եվրատլանտյան դաշինքում դրա արդյունքում կոնսենսուսի ձևավորումը։ 

Կողմերն այսօր իրենց հռետորաբանությամբ բնավ մոտ չեն պատերազմի ավարտին, թեև երկու կողմից էլ նկատելի են ազդակներ, որոնք խոսում են թե՛ պատերազմից հոգնածության, թե՛ նախապատրաստական աշխատանքների մասին, որոնք պետք են գալու բանակցությունների ժամանակ: Մասնավորապես, ինչպես նշեցի, Կուրսկի գործողությունը չունի ռազմական նպատակ, առաջին հերթին քաղաքական նպատակ է հետապնդում, որից գլխավորը՝ օգտագործել այդ տարածքները հետագա բանակցություններում որպես փոխանակման առարկա այլ տարածքների կամ այլ քաղաքական զիջումների համար։ 

Մենք տեսնում ենք Ուկրաինայի կողմից ակտիվացած դրոնային հարձակումներ ռուսական տարբեր տարածքների վրա, որոնք նույնպես չունեն ռազմական նշանակություն, կամ դրանց նշանակությունը երկրորդային է: Խոսքս էներգետիկ ենթակառուցվածքների մասին չէ, այլ քաղաքացիականների, որոնց նպատակը ևս քաղաքական է՝ ճնշում գործադրելու ռուսական հասարակության, քաղաքական համակարգի վրա՝ որևէ հանգուցալուծման մոտեցնելու համար։ Նմանատիպ քայլեր կարող ենք տեսնել նաև ռուսական կողմից, բայց այս օրինաչափությունները եղել են պատերազմի ողջ ընթացքում տարբեր ինտենսիվությամբ, և դեռևս վաղ է մեկնաբանել սրանք որպես պատերազմի ավարտ կամ սկիզբ։ 

– Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո պատերազմում էական փոփոխություններ նկատվելո՞ւ են։ 

– Դա կախված է ընտրությունների արդյունքում ԱՄՆ նոր վարչակազմի կողմից Ուկրաինային տրամադրվելիք աջակցության ծավալից ու քաղաքական կամքից, եթե ձևավորվի այնպիսի վարչակազմ, որը կտրուկ կկրճատի աջակցությունը Ուկրաինային, ապա Կիևի վարչակազմի մոտ արդեն կձևավորվի ռազմական դիմակայությունը ինչ-որ հանգուցալուծման հասցնելու բացասական մոտիվացա, որովհետև առանց ամերիկյան ռազմատեխնիկական աջակցության այս տեմպերով ռազմական գործողությունների շարունակումը հյուծիչ պատերազմում անիրատեսական է ու բերելու է թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ավելի մեծ կորուստների։ Եթե շարունակվի Ուկրաինայի աջակցությունն այս կամ ավելի մեծ տեմպերով, ապա, կարծում եմ, շարունակվող պատերազմը լուրջ խմբագրման չի ենթարկվի։

– Պարո՛ն Սուքիասյան, այս համատեքստում նաև շատ են հնչում կարծիքներ, որ այս պահին Ռուսաստանը, բացի այս պատերազմից, ուրիշ հարցերով զբաղվելու ո՛չ իրական ռեսուրս, ո՛չ էլ ժամանակ ունի, նկատի ունեմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ձեր գնահատմամբ՝ իսկապե՞ս Ռուսաստանը այսօր դուրս է այդ գործընթացից, թե՞, այնուամենայնիվ, Հարավային Կովկասում շարունակում է հետևել իրադարձություների զարգացմանը ու նաև ինչ-որ չափով միջամտել։ 

– Ուկրաինական պատերազմի ընթացքում այլ տարածաշրջաններում ու այլ հարցերում կենտրոնանալու Ռուսաստանի թե՛ ներկայությունը, թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական և ռազմական ջանքերը օբյեկտիվորեն անկում են ապրել, որովհետև այսօր դա ոչ միայն Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ ամենակարևոր հարցն է, այլ նաև ամենառեսուրսատար, հետևաբար տրամաբանական է, որ այլ ուղղություններով ջանքերը թուլացել են: Բայց որքան էլ քիչ ուշադրություն դարձնի կամ քիչ ռեսուրս կենտրոնացնի մեր տարածաշրջանին, ամեն դեպքում իր հարաբերական մեծությունն ու կարևորությունը իրեն թույլ են տալիս անգամ քիչ ներգրավվածությամբ վճռորոշ ազդեցություն ունենալ այս ու այլ տարածաշրջաններում։ 

Մենք տեսել ենք դրա արտահայտումը հենց պատերազմի սկզբից, դրա հետևանք էր թե՛ Ադրբեջանի ակտիվացումն ընդդեմ Հայաստանի, թե՛ Արցախում էթնիկ զտում իրականացնելու կարողությունն ու հնարավորությունը, բայց դրան զուգահեռ նաև տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է պարբերաբար թարմացնել իր ներգրավվածությունը հայ-ադրբեջանական գործընթացներում, ու կարծում եմ, որ Պուտինի՝ Բաքու կատարած վերջին այցի ընթացքում ու արդյունքում այդ ջանքերը նոր փուլ են մտնում ու հիմա ընթացքի մեջ են։

– Այսինքն՝ խոսակցությունները, թե Ռուսաստանն այսօր ազդեցություն չունի նաև Ադրբեջանի վրա, թե իր խոսքն այնքան էլ վճռորոշ չէ, այնքա՞ն էլ իրատեսական չեն։

– Չէ՛ իհարկե, երբեք չի կարելի մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությունը զրոյի հավասարեցնել, այն կարող է թուլանալ, բայց չի վերանում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Երբեք չի կարելի մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությունը հավասարեցնել զրոյի, այն կարող է թուլանալ, բայց չի վերանում. Սուքիասյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net