World News in Armenian

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես (լուսանկարներ)

Կանադայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսը և Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը համատեղ Ներկայացուցիչների պալատում կազմակերպել են «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես:

 Հայաստանում Կանադայի դեսպանությունից հայտնում են, որ ցուցահանդեսում ներկայացված էին կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչատրյանի աշխատանքներն՝ իր «Արցախ. լուսանկարչի աչքերով» գրքից:

Հայաստանի դեսպանն բացման իր խոսքում շնորհակալություն է հայտնել խոսնակին և մյուս գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար: Դեսպան Հարությունյանը շեշտել է, որ ներկայումս Ադրբեջանը ԼՂ-ում ոչնչացնում է բնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը՝ ոչնչացնելով, յուրացնելով և պղծելով ԼՂ-ի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը:

Այդ համատեքստում դեսպանը զուգահեռներ անցկացրեց Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգության գրեթե 99 տոկոսի ոչնչացման ուղղությամբ Ադրբեջանի համակարգված քաղաքականության հետ։

Ընդգծելով ԼՂ հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը՝ նա մեծ նշանակություն տվեց միջազգային հանրության՝ այս ուղղությանը միտված անհապաղ ջանքերին և պատասխանատվությանը: Խոսնակ Ֆերգուսը նշեց Լեռնային Ղարաբաղում բազմադարյա հայկական ժառանգության ոչնչացման և պղծման անթույլատրելիությունը: Նա ընդգծեց նման գործողությունները կանխելու պայքարի կարևորությունը, քանի որ այս հուշարձանները կազմում են համամարդկային ժառանգության մաս:

Ցուցահանդեսին ներկա էին նաև Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի և Սենատի, այդ թվում՝ Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, Կանադայի Քվեբեկ նահանգում ՀՀ պատվո հյուպատոսը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք և հյուրեր։

Читайте на 123ru.net