World News in Armenian

Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի՝ մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր ու անցնել առաջ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայկական կողմը երեկ Ադրբեջանին նոր առաջարկ է արել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պաշտոնական Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի՝ մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր ու անցնել առաջ՝ շարունակելով դեռևս չհամաձայնեցված հոդվածների քննարկումը։

«Առաջարկի էությունը հետևյալն է․ խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված է, ներառյալ նախաբանը։ Եվս 3 հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասությունից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է։ Մեր առաջարկը հետևյալն է․ վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները և դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, որովհետև դա հենց խաղաղության պայմանագիրն է։ Ինչու՞ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև, ըստ էության, այդտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները», - նշեց նա՝ հավելելով, որ աշխարհում երբևէ չի կարող լինել խաղաղության պայմանագիր, որը կտա բոլոր հարցերի պատասխանները, ուստի հայկական կողմն առաջարկել է ստորագրել և վավերացնել արդեն իսկ համաձայնեցված կետերը, իսկ մնացած հարցերի քննարկումը՝ շարունակել։

Նրա խոսքով՝ այս դեպքում արդեն իսկ համաձայնեցված հոդվածներում կա մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս մշտական գոյություն ունեցող հարթակում քննարկել բոլոր հնարավոր հարցերը, որոնք կապված են խաղաղության պայմանագրի իրականացման հետ։

«Բացի այդ, ենթադրվում է, որ պայմանագրի ստորագրումից հետո նաև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների միջև, ինչը լրացուցիչ պլատֆորմ կդառնա բոլոր հնարավոր հարցերի քննարկման համար», - հավելեց նա։

Читайте на 123ru.net