World News in Armenian

Միշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի ձերբակալման օրդերի տրամադրումը «վրդովեցուցիչ» է որակել

Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերների արձակումը վրդովմունք է առաջացրել Իսրայելում և Միացյալ Նահանգներում։

Նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է որակել դա: Այս մասին Բայդենն ասել է Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության մեջ։

«Սա վրդովեցուցիչ է: Թույլ տվեք նորից պարզաբանել. ինչ էլ որ ենթադրի ՄՔԴ-ն, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հավասարություն չկա, բացարձակապես չկա: Մենք միշտ աջակցելու ենք Իսրայելին՝ նրա անվտանգությանը սպառնացող վտանգների դեպքում»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ:

Մինչդեռ ինքը՝ Նեթանյահուն, ասել էր, որ որոշումը պայմանավորված է «հակահրեական ատելությամբ»:

«Ոչ մի կատաղի հակաիսրայելական որոշում չի խանգարի մեզ, հատկապես ինձ՝ շարունակելու պաշտպանել մեր երկիրն անհրաժեշտ միջոցներով», - ասել է Նեթանյահուն:

ՄՔԴ-ի դատավորները հինգշաբթի ձերբակալության օրդեր են արձակել Նեթանյահուի և Գալանտի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իբրահիմ ալ-Մասրիի նկատմամբ՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներով։

Իսրայելը մեղադրվում է Գազայում սկսած ռազմական արշավի ժամանակ անհամաչափ թվով խաղաղ բնակիչների մահվան համար, որը հանգեցրել է անկլավում հումանիտար աղետի:

Читайте на 123ru.net