World News in Armenian

Առողջապահության համակարգում առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության  անցնելուն. Փաշինյան

Առողջապահության համակարգում առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության համապարփակ ապահովագրության ուղղությամբ մեծ քայլն անելուն: Վարչապետ Նիկոլ Փաշինայնն այս մասին ասաց հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մարզային այցերը շատ մեծ նշանակություն են ձեռք ինձ համար, որովհետև ես այնտեղից ստանում եմ տպավորություններ, տեղեկություններ, տեսնում եմ իրադրություններ, որ վարչապետի աշխատասենյակից երբեք չես տեսնի: Մարզային այցելությունների ընթացքում ինձ համար բացահայտվեցին պրոբլեմներ, որոնք առողջապահության համակարգում առկա են, և իմ գնահատականն այն էր, որ մենք դեռևս պատրաստ չենք այդ մեծ քայլը անելուն», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առողջապահության համապարփակ ապահովագրության մասին:  

Վարչապետի դիտարկմամբ՝ 2018-ից ի վեր առողջապահության բյուջեն կրկնապատկվել է, իսկ դեպքերը, որոնք սպասարկվում են պետական բյուջեի հաշվին՝ ավելի քան կրկնապատկվել: 

«Բայց մյուս կողմից զարմացնում է այն, որ ես չեմ զգում մարդկանց գոհունակության մակարդակի ավելացում: Սա ֆենոմեն է, որն ինձ համար բացում է անորոշություններ, և մինչև ես այդ անորոշությունների պատասխանը չստանամ, ես որոշում չեմ կայացնի առողջապահության ապահովագրության ներդրման վերաբերյալ, որովհետև կարող է պարզվել, որ մեր դիմաց մի մեծ խորշ կա, որը մենք չենք տեսնում և կարող է ուղղակի մեծ ձախողում, մեծ փլուզում լինել, որը մեզ վրա շատ ծանր կնստի», - նշեց վարչապետը: 

Նրա կարծիքով՝ եթե այդ հարցում փակուղի մտնեն, դա շատ հետևանքներ կարող է ունենալ: 

«Մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով, բայց մենք համակարգի ներդրումը կանենք այն պահին, երբ անորոշությունների այնքան մասի պատասխանը ունենանք, որ, պատկերավոր ասած, մի քանի կիլոմետր  տեսադաշտ  կունենանք», - ասաց վարչապետը:

Читайте на 123ru.net