Գյումրիում ՔՊ-ն քարոզարշավը կսկսի շուտ՝ նախաքվեարկությունով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում «նախնական ընտրություններ» կանցկացնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար՝ այսպիսով սկիզբ դնելով համայնքում գալիք ընտրությունների քարոզարշավին։
Հոկտեմբերի 28-ին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները հրաժարվեցին մանդատներից։ Արդյունքում մեծամասնություն դարձած ՔՊ-ի ավագանիների քանակը բավարար չէր իրավազոր նիստ հրավիրելու և քաղաքապետի ԺՊ ընտրելու համար։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել էր, որ կա իրավական կազուս, որով պարզ չէ, թե ով պետք է նոր ընտրություններ նշանակի։
Ընտրական գործընթացների փորձագետ Անտոն Իվչենկոն Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ ցանկության դեպքում հնարավոր է օրենքն այնպես կարդալ, որ պարզ լինի, թե ով կարող է ընտրություններ նշանակել․ «Եթե համայնքի ղեկավարը չկա՝ առաջին տեղակալը, ապա երկրորդ տեղակալը և այդպես շարունակ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ուղիղ եթերում ասել է՝ առաջիկայում կլինեն օրենսդրական փոփոխություններ, որով ինքը քաղաքապետի պաշտոնակատար կնշանակի, սակայն մինչ այդ ՔՊ-ն հանրության շրջանում հարցումներ կիրականացնի։
«Եկել եմ այն եզրահանգման, որ միանձնյա վարչական որոշմամբ չէ, որ պետք է որոշում կայացնեմ։ Գյումրիում առաջիկայում տեղի կունենան նախնական քվեարկություններ կամ նախնական ընտրություն, որը միջազգայնորեն ընդունված է անվանել «փրայմերիզ»։ Նախնական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին», – ասել է վարչապետը։
Նա նշել է, որ այդ որոշմանն է եկել, որպեզի ՔՊ անդամները, համակիրներն ու աջակիցները հնարավորություն ունենան ինքնաառաջադրվել կամ առաջադրեն թեկնածուներ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար դառնալու համար։
Հարցումներ անելու գաղափարն, Իվչենկոյի կարծիքով, վատը չէ․ կուսակցությունը ցանկանում է խորհրդակցել ոչ միայն իր տարածքային կառույցի հետ, ոչ միայն կուսակցության ներսում, այլ նաև բնակչության կարծիքն է հարցնում։
«Փաշինյանը հենց հիմա էլ կարող է ԺՊ նշանակել, բայց խնդիրը հետևյալն է՝ կուսակցություն մեջ կոնսենսուս չկա, թե ով պետք է լինի թեկնածուն, տարբեր խմբեր տարբեր թեկնածուներ ունեն։ Փաշինյանն էլ ժողովրդավարություն է խաղացնում։ Ասում է՝ ես իմ վրա չեմ վերցնում պատասխանատվությունը, ապացուցեք, թե ձեզնից ով է ավելի լավը։ Մյուս կողմից, այդ մարդիկ ինչ էլ անեն-չանեն, դա քարոզարշավի սկիզբ է», – նշել է փորձագետը։
Ամենայն հավանականությամբ նախաքվեարկության ժամանակ հաղթած թեկնածուն կլինի ոչ միայն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, այլև քաղաքային նոր ընտրություններում կգլխավորի ՔՊ-ի ցուցակը։
Քաղաքացիական պայմանագիրն, ըստ փորձագետի, հարցումներից շահած դուրս կգա, քանի որ քարոզչություն է սկսում ընտրություններից շատ ավելի շուտ՝ ստանալով մի թեկնածուի, ով արդեն ունի որոշակի հայտնիություն։ Նրա կարծիքով, սակայն, կա մտավախություն, որ նախաքվեարկության մեջ մեծամասամբ ներգրավված կլինի վարչական ապարատը։
«Կարծես թե էթիկապես ճիշտ է՝ հարցումներ ես անում, թե ով ում է ուզում ընտրել, հետո էլ նայում ես, որ, օրինակ, տատիկներն ավելի շատ են ընտրում, քան պապիները, որոշակի վիճակագրություն ես ունենում։ Հարց է, թե առաջադրված թեկնածուներին ինչ հիմքով կմերժեն կամ կհաստատեն, կուսակցության տարածքային կառույցն այդ գործընթացին կմասնակցի, թե չէ։ Եթե էթիկապես ճիշտ պահեն իրենց այդ բոլոր ստադիաներում, շատ լավ բան է։ Բայց կարող է նաև այնպես ստացվել, որ կարող էին առանց ոչ մեկին հարցնելու որոշումներ կայացնել, բայց հարցրեցին և անարդար որոշումներ կայացրին», – ասել է Իվչենկոն։
Փորձագետը նաև նշել է, որ ընտրական օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է նախաքվեարկության գործիքակազմ, որը, սակայն, երբեք էլ չի կիրառվել և շուտով կհանվի։ Ըստ օրենքի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում պետք է լինի նախաքվերակության պլատֆորմ․ «Զուտ խորհրդատվական, ոչ մի բան չպարտավորեցնող գործիք էր, որը պետք է օգներ կուսակցություններին հասկանալ, թե որ թեկնածուն որքան ռեյտինգ ունի և ըստ դրա ընտրական ցուցակներ կազմեր։ Ոչ մեկին դա դուր չեկավ, և հիմա հանում են»։
The post Գյումրիում ՔՊ-ն քարոզարշավը կսկսի շուտ՝ նախաքվեարկությունով first appeared on Epress.am.