Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է. թուրք վերլուծաբան
Թուրք հայտնի լրագրող և մեկնաբան Մուրաթ Բարդաքչըն հոդված է հրապարակել՝ «Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է» վերտառությամբ։
Ermenihaber-ը որոշ հատվածներ է հրապարակել հոդվածից։
Հոդվածը դիտարկում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը՝ կասկածի տակ դնելով դրա իրատեսականությունը:
Չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման ու նորմալացման ցանկալիությանը, ըստ հեղինակի, դա գործնականում դատարկ երազանք է մի շարք պատճառներով:
«Թուրքիայի և Հայաստանի միջև դարավոր թշնամանքին վերջ տալը և կողմերի միջև նորմալ հարևանական հարաբերություններ հաստատելը, իհարկե, ցանկալի զարգացում է, բայց ցավոք դա ընդամենը դատարկ երազանք է: Սահմանը կարող է բացվել։ Չնայած փակ լինելուն՝ Թուրքիայում արդեն տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ կան, որոնք այստեղ աշխատում են, հետևաբար սահմանի բաց կամ փակ լինելը առանձնապես կարևոր չէ, սակայն կողմերի միջև բարեկամության, համագործակցության և այլնի հաստատումը հնարավոր չէ»:
Հեղինակը մատնանշում է մի շարք խոչընդոտներ, որոնք թուրք-հայկական հաշտեցումը դարձնում են դժվար իրագործելի ներկա պայմաններում:
1. Հայկական սփյուռքը Թուրքիայի դեմ ատելությունը դարձրել է վաստակի միջոց և թույլ չի տա, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններն ամբողջապես կարգավորվեն:
2. Թուրքիան ստիպված է մերժել Հայաստանի առաջ քաշած «չեղած ցեղասպանությունը ճանաչելու» պայմանը:
3. Երկու ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
«Մինչ Հայաստանն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են, իսկ Թուրքիայում բարի մտադրություններով, բայց երազկոտ որոշ շրջանակներ «մշտական խաղաղության և բարեկամության» մասին երազներ են տեսնում»,- գրում է Բարդաքչըն։
Հեղինակը նաև քննադատում է այն թուրք մտավորականներին, ովքեր ամեն ապրիլի 24-ին ներողություն են խնդրում հայերից։ Նա դա անվանում է անպատասխանատվություն, որը նշանակում է «Իմ պապը մարդասպան էր, քո պապին սպանել էր»։