World News

Սահմանազատում ասվածը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը ճանաչելու է Հայաստանի սահմանները. Արամ Փոլադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը 

– Պարո՛ն Փոլադյան, Ալմաթիում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ, ու ինչո՞ւ է ադրբեջանական կողմը համաձայնել գնալ այս հանդիպմանը։

– Պետք է շեշտել, որ ադրբեջանցիները միշտ չէ, որ առարկություններ են ունենում՝ միջազգային հարթակներում հանդիպումների հետ կապված: Դրանք նրանք անում են այն ժամանակ, երբ լիովին հակասություններ կան իրենց շահերի հետ։ Հիմնականում փորձում են միջազգային հարթակներում ներկայանալ, թեև դա ոչինչ չի փոխում, որովհետև նրանք մշտապես պահպանում են իրենց առաջ քաշած նարատիվները, ու հենց այդ նարատիվներն են Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմքերը։ 

Չեմ ասի, թե այս հանդիպումը լուրջ նշանակություն ունի, կամ այնտեղ որևէ հստակ պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել։ Կարող եմ ասել, որ շատ մեծ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը սկսված սահմանազատման գործընթացի շրջանակներում համաձայնելու է դուրս գալ Հայաստանի օկուպացրած շրջաններից, որովհետև Ադրբեջանի ահաբեկչական վարչակարգի ղեկավարը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ իրենց զինվորները այնտեղից, որտեղ կանգնած են, ոչ մի միլիմետր չեն շարժվելու։ 

Թե՛ այս հանդիպման ընթացքում, թե՛ սպասվող, կարծում եմ, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, նաև նախագահը, շարունակելու են առաջ քաշել այն թեզը, որ Հայաստան պետք է վերադառնան հարյուր հազարավոր ադրբեջանցիներ։ Առաջիկայում ադրբեջանցիները փորձելու են ձևակերպել այն միտքը, թե իրենց սահմաններին ահաբեկչության վտանգ կա, երկրորդը՝ փորձելու են ասել, թե կան արտաքսյալ մարդիկ, որոնք պետք է վերադառնան ու ստանան միջազգային պաշտպանության երաշխիքներ, հավանաբար ՄԱԿ-ի կողմից, ու պնդելու են, որ պաշտպանություն իրականացնող մանդատակիր միակ պետությունը լինի Թուրքիան, թեկուզև ՄԱԿ-ի շրջանակներում: Սա գրեթե անհնար է պատկերացնել, բայց նրանք փորձելու են առաջ քաշել այդ միտքը՝ ինչ-որ հիմնավորումներ տալով։ 

Նրանք նաև շարունակելու են հոգեբանական ճնշման գործիքներ կիրառել, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից նաև հանդիսանում են ցեղասպանության տարր։ Նրանք, բնականաբար, փորձելու են սահմանային հատվածներում լոկալ ռազմական սադրանքներ իրականացնել, որոնց հետևանքը լինելու է բնակչության հեռացումը։ 

Սա աներկբա փաստ է, որովհետև Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ չի ճանաչում Հայաստանի պետական սահմանը, սահմանազատում ասվածը դեռ չի նշանակում, որ նրանք ճանաչելու են Հայաստանի սահմանները։ Այսքանից հետո կարող ենք ասել, որ Ալիևի այն նարատիվները, որ պետք է Հայաստանի Սահմանադրությունը փոխվի, հարյուր հազարավոր ադրբեջանցիներ վերադառնան, որ պետք է ազգային խորհրդանշաններից հրաժարում տեղի ունենա և այլն, այդ հանդիպման ընթացքում, բնականաբար, փոխանցվելու են նաև արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի շուրթերով։ 

– Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Ղազախստանը միջնորդ չի հանդիսանա Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև սպասվող բանակցություններում։ Սա նշանակում է, որ բանակցություններն արդեն ընթանում են երկկո՞ղմ ձևաչափով, ինչին ձգտում էր Ադրբեջանը։

– Գուցեև այս պահին կա երկխոսություն, բայց, ցավոք սրտի, ադրբեջանցիները ամենևին չեն պատրաստվում այդ երկխոսությունը վերածել առողջ մթնոլորտում ընթացող երկխոսության, ինչը նաև անհնար է այն պարագայում, երբ Ադրբեջանը պետական մակարդակով աննախադեպ հայատյացություն է վարում։ 

Այս պարագայում արդեն այնքան էլ ճիշտ չի լինի կենտրոնանալ հանդիպման ձևաչափի, միջնորդ լինել-չլինելու վրա, միայն պետք է կրկնեմ, որ նրանք չեն գնում այն բանակցություններին, որտեղ իրենց ձեռնտու խոսակցություն ու պահանջ չեն լինելու։ 

– Այսինքն՝ սրանք իրակա՞ն բանակցություններ չեն, իմիտացիա՞ են։

– Խոսքն այն մասին է, որ մեկ պետություն փաստացի, պաշտոնապես մեզ պահանջներ է ներկայացնում, հսկայական սպառնալիքներով լի հայտարարություններ է անում Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին, ու այս պարագայում մեր ուղիղ պարտավորությունը պետք է լինի նպաստել մեր երկրի պաշտպանության ուժեղացմանը, քանի որ թշնամին չի պատրաստվում քայլ անգամ նահանջել։

– Պարո՛ն Փոլադյան, եթե Ադրբեջանը բացահայտ է իր ծրագրերի մեջ, չի ճանաչել Հայաստանի սահմանները, այս պարագայում ինչո՞վ եք բացատրում այն երկրների արձագանքը, որոնք ողջունում են կողմերի միջև տեղի ունեցող գործընթացը։

– Միջազգային հանրության սուբյեկտների մեծ մասը, այդ թվում արևմտյան երկրների, շատ լավ գիտակցում են, որ թուրքերն ու ադրբեջանցիները առնվազն հետին պլան չեն մղել Ստամբուլից մինչև Միջին Ասիա պանթյուրքիզմի առկայության գաղափարն ու երազանքը, ու, բնականաբար, որևէ մեկին դա ձեռնտու չէ առնվազն։ 

Բայց երբ խոսքը սահմանազատման ու խաղաղության մասին է, նրանք չեն կարող վատ արտահայտվել, որովհետև դա կնշանակի, որ իրենք աշխարհի ինչ-որ մի կետում դեմ են խաղաղությանը։ Սա դիվանագիտության լեզուն է, բայց դա ամենևին չի նշանակում, որ երբ Ադրբեջանը հայտարարի, իսկ ես վստահ եմ, որ հայտարարելու է, որ դուրս չի գալիս Հայաստանի օկուպացված տարածքներից, այդ ժամանակ միջազգային հանրությունը դրական արձագանք հնչեցնի։

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Սահմանազատում ասվածը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը ճանաչելու է Հայաստանի սահմանները. Արամ Փոլադյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net