World News

Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու, այդ թվում՝ ՌԴ և ԱՄՆ քաղաքացիների (տեսանյութ)

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի մեկ քաղաքացի և երկու ամերիկացու։

«Չնայած ոստիկանների կողմից ակցիայի մասնակիցներին և կազմակերպիչներին ուղղված բազմակի կոչերին, ինչպես նաև ոստիկանությանը ենթարկվելու անհրաժեշտության մասին ՆԳՆ հայտարարություններին, ակցիայի մասնակիցներից ոմանք հաշվի չեն առել օրենքի պահանջները,  խախտել են կարգը, առերեսվել իրավապահների հետ և վիրավորել նրանց...Ձերբակալվել է 20 մարդ, որից երեքն օտարերկրյա պետության քաղաքացիներ են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ ընդունել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը, հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Եկատերինա Խերխեուլիձեն։ 

«Հանձնաժողովի նիստը սկսվեց ժամը 9:00-ին և ավարտվեց ուղիղ 2 րոպե անց։ Մեր՝ ընդդիմադիրներիս, մուտքը սահմանափակվել էր։ Իրավական հանձնաժողովը (Վրաստանի խորհրդարանի) փաստաթուղթը ստորագրել է երկու րոպեում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Խերխեուլիձեն։

Այս օրինագիծը վրացական հասարակության մեջ բողոքի ակցիաներ է առաջացրել, դրանք ամեն օր տեղի են ունենում Թբիլիսիում։ Նախորդ գիշեր ցուցարարները հավաքվել ու գիշերել են Ռուսթավելի պողոտայում՝ դժգոհությամբ դիմավորելով երկուշաբթի առավոտյան խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստին ժամանած պատգամավորներին։ Հատուկ ջոկատայիններին հաջողվել է հետ մղել ցուցարարներին և թույլ տալ խորհրդարանականներին մտնել օրենսդիր շենք։ Խորհրդարանի մուտքերի մոտ, որտեղ ներկայում լայնածավալ բողոքի ակցիա է ընթանում, հավաքվել են մեծ թվով հատուկ ջոկատայիններ, բերվել են ջրցան մեքենաներ։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:




Читайте на 123ru.net