Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվել է դատավորի ինքնաբացարկի պատճառով
Այսօր Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում «Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատալսումներն էին մեկնարկել, սակայն «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվել է դատավորի ինքնաբացարկի պատճառով։
Դատավոր Տիգրան Ոսկանյանը հայտարարեց, որ իր կողմից գործի առնչությամբ տրվել է գնահատական և կայացվել է դատավճիռ։
«Ուստի սույն քրեական վարույթով որոշում եմ կայացրել՝ հայտնել ինքնաբացարկ, սույն քրեական գործը սահմանված կարգով կներկայացվի վերաբաշխման, իսկ դատարանի որոշումը կուղարկվի կողմերին»,-հայտարարեց նա։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանն ընդգծեց, որ շատ ափսոսում է դատավորի որոշման համար, քանի որ վերջին շրջանում Ոսկանյանն ապացուցել էր, որ իսկապես արդարադատություն է իրականացնում:
«Ապաքրեականացված հոդվածով հիմա իրենք գտնվում են կալանքի տակ: Խուլիգանությունն այս իշխանության հոդվածն է դառել՝ ում վրա ուզում կարում են: Հայաստանում դատավոր մենք ունենք Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով:
Եթե վերամակագրվի այնպիսի դատավորի, որ ունենա ուժ ու կամք, ապա կարող ենք ակնկալել որոշակի հույզեր, իսկ այս դատավորն այդպիսին էր հենց, գործ ունեինք արդարադատություն իրականացնող այն քիչ դատավորներից մեկի հետ, իսկապես ափսոսում եմ, բայց մասնագիտական առումով ինքնաբացարկը ես հասկանում եմ»,- շեշտեց Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը մեղադրվում են «Իմնեմնիմի» փոդքաստի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հայհոյելու մեջ, ինչը վարույթն իրականացնող մարմինը համարել է խուլիգանություն: