World News

ԵՄ-ն ընդունել է օրենք, որով մինչև 2030-ի վերջ կվերականգնվի Եվրոպայի բնության 20%-ը

ԵՄ անդամ պետությունների շրջակա միջավայրի նախարարները Լյուքսեմբուգում քվեարկության արդյունքում ընդունել են բնությունը պաշտպանելու ուղենշային օրենք՝ վերջ տալով անդամ երկրների միջև ամիսներ տևած փակուղուն, որն առաջացել էր ֆերմերների կատաղի բողոքների ֆոնին, գրում է The Guardian-ը:

Օրենքը, որը Եվրոպական Կանաչ գործարքի ամենավիճահարույց հենասյունն է, նպատակ է դնում վերականգնել ԵՄ-ի ցամաքի և ծովի առնվազն 20%-ը մինչև տասնամյակի վերջ:

«Այսօր նշանակալի օր է Եվրոպայի համար, քանի որ մենք սոսկ բնությունը պաշտպանելուց և պահպանելուց անցում ենք կատարում դեպի այն ակտիվ վերականգնելու փուլ», - ասել է Սեզար Լուենան՝ իսպանացի ձախ կենտրոնամետ պատգամավորը, որը Եվրոպական խորհրդարանի կողմից ղեկավարում էր օրենքի շուրջ բանակցությունները:

20 երկիր քվեարկել է բնության վերականգնման օրենքի օգտին: Ֆինլանդիան, Հունգարիան, Իտալիան, Նիդեռլանդները, Լեհաստանը և Շվեդիան դեմ են քվեարկել օրենքին, իսկ Բելգիան ձեռնպահ է մնացել։ Նրանք քննադատել են օրենքի ծախսատարությունը և ասել, որ դա չափազանց մեծ վարչական բեռ է իրենց վրա:

Բնությունն առավել քան երբևէ արագ է մահանում, և ԵՄ-ի շրջակա միջավայրի 81%-ը վատ վիճակում է, նախազգուշացրել է Եվրոպական շրջակա միջավայրի գործակալությունը: 


 

 

Читайте на 123ru.net