World News

Հայ-ռուսական հարաբերությունները միտումնավոր են սրում. ԱԽ քարտուղարի ասածը կանխորոշված, կուլիսային խոսակցությունների հետևանք է. Կարապետյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, «Կառուցելով ապագան» խորագիրը կրող «ԱՊՐԻ» ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Ռուսաստանը եկել է, հանձնել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին ու վերադարձել Ռուսաստան: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ու եթե այդպես է՝ ինչո՞ւ միայն պատերազմից չորս տարի անց է հայկական կողմը խոսում այդ մասին։

– Գործող իշխանության բարձրաստիճան այրերը սիրում են սենսացիոն հայտարարություններով հանդես գալ, դա իրենց ոճն ու որդեգրած քաղաքականությունն է, երկրորդ՝ ես չեմ զարմանում, որ նման անպատասխանատու հայտարարություններ են անում, ուղղակի տարակուսանքով եմ վերաբերվում, որ դա անում է ԱԽ քարտուղարը, որովհետև նման հայտարարություն անելը խիստ պատասխանատու ու վտանգավոր է, քանի որ այդ հայտարարության «հետևից» գալու են։ 

Գալու են այն մարդիկ, որոնց ուղղված է կոնկրետ հայտարարությունը, իսկ այն ուղղված է կոնկրետ Ռուսաստանի իշխանությանը, իսկ այս պարագայում նրանք միանշանակ պահանջելու են նման հայտարարության պատասխանը փաստերով։ 

Այստեղ նաև երկրորդ տարակուսանքը կա. եթե դուք այդքան ուղղախոս եք, խոսքս, մասնավորապես, ԱԽ քարտուղարին է վերաբերում, ու եթե իրոք այդպես է՝ ինչո՞ւ չորս տարի անց պետք է նման հայտարարությամբ հանդես գաք, ինչ է փոխվել, որպեսզի հիմա առանց կաշկանդվելու նման հայտարարությամբ հանդես գաք։ Այն, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ունեն համատեղ ծրագրված որոշումներ, ու իրենց գործելաոճը բոլորս գիտենք, հայտնի է, բայց երբ նման հայտարարությամբ են հանդես գալիս, նաև պետք է հասկանան, որ նման հայտարարությունը շատ ծանրակշիռ փաստերով պետք է ներկայացնեն։ 

Այս պարագայում ես ուզում եմ հասկանալ՝ ԱԽ քարտուղարն ունի՞ նման փաստեր, որ կարողանա «պարզերես» դուրս գա ու իրոք Ռուսաստանի իշխանություններին դնի այնպիսի փակուղու մեջ, որ նրանք չկարողանան անգամ արդարանալ, որ նման բան տեղի չի ունեցել։ 

Անունը դնելով արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում, վեկտորի փոփոխություն և այլն, նման տխմար տրամաբանություններով փորձում են ցույց տալ, որ Ռուսաստանի ուղեծրից դուրս են գալիս, ավելի ազատ, անկաշկանդ են, հավաքական Արևմուտք են վազում, որտեղ նրանց, դեռ հարց է՝ սպասո՞ւմ են, թե՞ չէ։ Նման կատեգորիայի պետական այրը չպետք է նման անպատասխանատու հայտարարություններով հանդես գա, եթե նույնիսկ մասամբ ճշմարտություն կա այդ ասածի մեջ, բայց ես էլի եմ ասում՝ դրա հետևից Ռուսաստանը գալու է։ 

– Իսկ եթե հայկական կողմը փաստերով չապացուցեց այդ հայտարարության իսկությունը, ինչպես ասում եք, ի՞նչ հետևանքներ են լինելու։

– Դա ազդելու է միջպետական հարաբերությունների վրա, որքան էլ Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ բարեկամական, եղբայրական ու դաշնակցային հարաբերությունները չեն տուժելու, բայց մենք գիտենք, թե Ռուսաստանն ինչպիսի դեմարշներ կարող է անել: Բազմիցս տեսել ենք, երբ փակվել է Լարսը տարբեր պատճառաբանություններով, տնտեսական խնդիրներ է առաջացրել Հայաստանի համար։ Եթե դու թույլ ես տալիս նման հայտարարություն, գիտակցելով, որ նրանք թուրք-ադրբեջանական տանդեմի ենթադրյալ աջակիցներն են ու օժանդակողները, ապա հիմա ավելի լուրջ խնդիրներ են ստեղծելու քեզ համար։ 

Նույն ԱԽ քարտուղարը երբ նման էքստրավագանտ մտքեր է արտահայտում, հաշվի առե՞լ է, որ իր վարչապետը գնում է Ռուսաստան, բառի բուն իմաստով խնդրում է, որ ռուսական կոնտինգենտը դուրս չգա հայ-թուրքական, հայ-իրանական սահմանից, որովհետև անվտանգային ողջ համակարգը խարսխված է ռուսական պաշտպանական համակարգի հետ համատեղ աշխատանքի վրա։ 

– Պարո՛ն Կարապետյան,  ինչու՞: Հայ-ռուսական հարաբերությունները սրելու միտում տեսնու՞մ եք, թե՞ ոչ։

– Կարծում եմ՝ այո՛, միտումնավոր է, եթե ոչ, ապա ինչպես կարելի է մեկնաբանել այդ հայտարարությունը, դա կոնկրետ կանխորոշված, կուլիսային խոսակցությունների հետևանք է, նրան տրվել է այդ կանաչ լույսը։ 

– Ո՞վ է այդ կանաչ լույս տվողը։

– Բնականաբար՝ իր անմիջական ղեկավարը, այս դեպքում՝ երկրի ղեկավարը։

– Միտումը ո՞րն է։

– Միտումն այն է, որ հավաքական Արևմուտքի հետ գործակցությունը ներկայացվում է նոր ձեռքբերում, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում։ Փորձում են ռուսական ուղեծրից «վերջապես» դուրս գալ, քանի որ հավաքական Արևմուտքը «գրկաբաց» իրենց ընդունում է, հեսա Հայաստանին կզինի, թույլ չի տալու Ադրբեջանի ագրեսիա ու էքսպանսիա Հայաստանի հանդեպ, որովհետև, ըստ իշխանության, մենք շարժվում ենք դեպի Արևմուտք, Եվրոպա։ 

Բայց այստեղ ես ուզում եմ հարց տալ՝ Եվրոպան մեզ սպասո՞ւմ է կամ սպասում է Վրաստանի՞, թե՞ Ուկրաինայի օրինակով, երբ ուլտիմատումներ է դնում Վրաստանի առաջ՝սա կանեք, այսպես կլինի։ Այս ամենն անում են՝ ի հաշիվ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Հայ-ռուսական հարաբերությունները միտումնավոր են սրում. ԱԽ քարտուղարի ասածը կանխորոշված, կուլիսային խոսակցությունների հետևանք է. Կարապետյան  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net