World News

Իրանում նախագահական ընտրություններ են. Իրանագետը՝ զարգացումների, Հայաստան-Իրան հարաբերությունների, մոտեցումների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, ինչպե՞ս է անցել Իրանի նախագահի արտահերթ ընտրությունը, ու ի՞նչ վերջնական տվյալներ են հայտնի։

– Այս պահին արդեն հայտնի են վերջնական արդյունքները, բայց թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել ստանալ ձայների մեծամասնությունը, այսինքն՝ 50 տոկոսի շեմը չի հաղթահարել, ինչի հետևանքով էլ ընտրությունը երկրորդ փուլ է տեղափոխվում, և երկրորդ փուլում պայքարելու են Մասուդ Փեզեշքիանը բարեփոխական թևից և Սաիդ Ջալիլին պահպանողականներից, քանի որ նրանք են առաջատարները․ Փեզեշքիանը 10 միլիոն ձայն է ստացել, 9 միլիոն էլ՝ Ջալիլին։ 

Ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մեկ շաբաթից, իսկ թե արդեն ինչ արդյունք կգրանցվի այդ ժամանակ, դժվար է կանխատեսել։

– Այսինքն՝ հիմա դժվարանո՞ւմ եք կանխատեսել, թե ո՛ր թեկնածուն կստանա առավելագույն ձայներ։

– Այո՛, նման պնդումներ անելը ճիշտ չի լինի, ինչպես արդեն տեսանք, այս ընտրությունները բավականին ուշագրավ զարգացումներով ուղեկցվեցին, ու այս ամբողջ ընթացքում ֆավորիտները փոխվել են։ Եթե սկզբում Ղալիբաֆն էր, հետո ակնկալվում էր, որ մրցակցությունը լինելու է Ղալիբաֆի և Ջալիլիի միջև, բայց ընտրապայքարի կեսից, երբ սկսվեցին հեռուստաբանավեճերն ու այցերը շրջաններ, ամեն ինչ փոխվեց հօգուտ Փեզեշքիանի, որը հանդես էր գալիս մի շարք պոպուլիստական հայտարարություններով ու դրանով կարողանում էր գրավել զանգվածի ուշադրությունը: Վերջին սոցհարցումներն արդեն ցույց էին տալիս, որ առաջատարը Փեզեշքիանն է, իսկ ընտրապայքարի սկզբում արված սոցհարցումներով առաջատարը Ղալիբաֆն էր։ 

Արձանագրված արդյունքների դրդապատճառներից մեկն էլ այն էր, որ պահպանողականներն այդպես էլ չմիավորվեցին մեկ թեկնածուի շուրջ, եթե միավորվեին, ապա ավելի մեծ հավանականություն կլիներ, որ հենց առաջին փուլով էլ հաղթանակ ապահովեին, տվյալ դեպքում՝ պահպանողականների ձայները կիսվեցին Ջալիլիի և Ղալիբաֆի միջև, ինչի հետևանքով էլ թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ անցողիկ շեմը հաղթահարել։

– Տիկի՛ն Վարդանյան, իսկ նոր նախագահով պայմանավորված՝ ի՞նչ հնարավոր փոփոխություններ կարող են լինել Հայաստանի ու Իրանի հարաբերություններում, Իրանի դիրքորոշումներում՝ տարածաշրջանի հարցերի վերաբերյալ։ 

– Ընդհանուր առմամբ, Իրանում արտաքին քաղաքականությունը համակարգային մատուցում ունի, այսինքն՝ մշակվում է ամբողջ համակարգի կողմից և ոչ թե մեկ համակարգի։ Հոգևոր առաջնորդի կողմից էլ է այդ քաղաքականությունը հաստատվում, ու եթե Իրանում մի քանի ինստիտուտներ, օրինակ՝ արտաքին քաղաքականության հարցում ունենան այլ մոտեցում, ապա կառավարությանը դժվար կլինի որդեգրել ու իրագործել այլ քաղաքականություն։ 

Իհարկե, կախված հանգամանքից՝ բարեփոխական կլինի, թե պահպանողական, մոտեցումների տարբերություն կարող է լինել, ենթադրենք՝ բարեփոխականներն ավելի հակված էին Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու, միջուկային համաձայնագրի ուղղությամբ ավելի շատ աշխատանքներ տանել, իսկ պահպանողականներն ավելի շատ հակված էին հարևանների ու ասիական երկրների հետ համագործակցության զարգացմանը։ Այսինքն՝ ինչ-որ նրբերանգային փոփոխություններ կարող են լինել, բայց մեծ փոփոխություններ, որոնք կազդեն Իրանի քաղաքական համակարգի վրա, չեմ կարծում թե հնարավոր լինի։ 

Եթե համակարգը կողմ եղավ փոփոխությունների, ապա կառավարությունը կկարողանա անել այդ փոփոխությունները, եթե չէ՝ դժվար կլինի, բայց պետք է հաշվի առնենք, որ դեռ խորհրդարանն է շարունակում մնալ պահպանողական, որը, ընդ որում, նոր է ձևավորվել, դատական իշխանությունն է էլի պահպանողականների ձեռքին։ Այսինքն՝ բավականին դժվար կլինեն կառավարության ու մյուս ինստիտուտների փոխհարաբերությունները, եթե բարեփոխական թեկնածուն հաղթի, հաշվի առնելով նաև այն ամբողջ նախատրամադրվածությունը, որ կա պահպանողականների մոտ բարեփոխականների հանդեպ։ 

– Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչման փաստն ի՞նչ արձագանք է գտել Իրանում։

– Իրանում այդ փաստին արձագանքել են բավականին նուրբ, իմ տպավորությամբ՝ բավականին ի միջի այլոց, հաշվի առնելով, որ Իրանը Պաղեստինի աջակից է, նրա իրավունքների ջատագովը, շատ հպանցիկ էր իրանական կողմի արձագանքը։ Բայց թե ինչո՛վ էր դա պայմանավորված՝ հստակ չեմ կարող ասել՝ հայ-իրանական հարաբերություններում ինչ-որ խնդրով, թե այն շշուկներով, որ Թուրքիան է դրդել Հայաստանին այդ քայլին, ես ինքս չգիտեմ ու չեմ կարող հստակ ասել, թե ինչով էր նման արձագանքը պայմանավորված, բայց ամեն դեպքում, ինձ համար այն հպանցիկ էր։

– Տիկի՛ն Վարդանյան, իսկ Իրանի նախկին նախագահի ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաների ողբերգական վթարի մասով ի՞նչ զարգացումներ կան։

– Այս պահի դրությամբ դեռ նոր հայտարություն չի եղել, քննությունը շարունակվում է։ Արդեն բավականին ժամանակ է անցել, բայց դեռ պարզ չէ, թե որն է եղել վթարի հիմնական պատճառը։ Քննությունը, ինչպես ասացի, շարունակվում է, ինչ-որ վարկածներ են հերքվել, ինչ-որ վարկածներ ասում են՝ դեռ հավելյալ քննության կարիք ունի, օրինակ՝ եղանակային վարկածը, դիվերսիայի վարկածն են հերքել, բայց վթարի վերջնական պատճառ դեռևս չեն նշել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Իրանում նախագահական ընտրություններ են. Իրանագետը՝ զարգացումների, Հայաստան-Իրան հարաբերությունների, մոտեցումների մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net