Զելենսկին չի բացառել միջնորդների միջոցով Պուտինի հետ խաղաղության շուրջ բանակցելը
Ուկրաինան չի բացառում միջազգային միջնորդների միջոցով խաղաղության բանակցությունների վարումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին, ինչպես գրում dw.com-ը, ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում։
Համաշխարհային լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Զելենսկին նախկինում բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, և որ ՌԴ ներկայիս իշխանությունների հետ բանակցություններն անգամ Ուկրաինայում արգելված են օրենքով։
Մինչդեռ հունիսի 30-ին The Philadelphia Inquirer-ի լրագրողների հետ զրույցում ուկրաինացի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարության հետ խաղաղ բանակցությունները կարող են ընթանալ այն սկզբունքով, որն օգտագործվել է «Սևծովյան հացահատիկային միջանցքի» ստեղծման վերաբերյալ գործարքի համաձայնեցման ժամանակ։
«Այս մոդելն առաջին անգամ կիրառվել է հացահատիկային միջանցքի օրինակով, երբ Ուկրաինան բանակցում էր ոչ թե Ռուսաստանի, այլ ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ։ Նրանք, իրենց հերթին, ստանձնել էին մեզ հետ բանակցելու, ապա Ռուսաստանի Դաշնության հետ համապատասխան պայմանագիր կնքելու պատասխանատվությունը։ Դա այդպես էր աշխատում՝ երկու հայելային համաձայնագրեր ՄԱԿ-ի և Թուրքիայի միջև»,- պարզաբանել է Զելենսկին։
Նրա կարծիքով՝ նմանատիպ սխեման կարող է օգտագործվել «տարածքային ամբողջականության, էներգետիկայի և նավարկության ազատության» հարցերով բանակցություններում։ Տարբեր մայրցամաքների երկրները կարող են միջնորդ հանդիսանալ այս գործում, կարծում է Ուկրաինայի ղեկավարը։
«Մեր գործընկերները ոչ միայն Եվրոպան և ԱՄՆ-ն են, այլ նաև մյուս մայրցամաքները, այդ թվում՝ Ասիան, Աֆրիկան և Լատինական Ամերիկան։ Կան ներկայացուցիչներ, որոնք լուծում են պատրաստում այս կամ այն ճգնաժամի համար, իսկ հետո այս փաստաթուղթը, եթե այն բավարարում է Ուկրաինային, պետք է ուսումնասիրվի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ։ Առայժմ մենք ունենք միայն այս մոդելը»,- նշել է Զելենսկին։
Հունիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է այն պայմանները, որոնց դեպքում, ըստ նրա, Մոսկվան պատրաստ կլինի դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում։
Մասնավորապես, դրանք ներառում են ուկրաինական զորքերի ամբողջական դուրսբերում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Ուկրաինայի Զապորոժիեի մարզերից, հրաժարում ՆԱՏՕ-ին միանալուց, Ղրիմի ու Սևաստոպոլի, ինքնահռչակ Դոնեցկի, Լուգանսկի ժողովրդավարական հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ճանաչում, արևմտյան պատժամիջոցների չեղարկում:
Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Արևմուտքում Մոսկվայի և Կիևի միջև հրադադարի նման պայմանները սուր քննադատվել են: