World News

ԱԺ-ի մոտ նռնակի պայթյունից ձեռքի մատները կորցրած Եսայի Քյարամյանին 3-րդ անգամ են վիրահատել

Հունիսի 12-ին ոստիկանության ծառայողների` ԱԺ շենքի մոտ նետած լուսաձայնային նռնակներից ձեռքի մատները կորցրած Եսայի Քարամյանին երրորդ անգամ են վիրահատել։

Ֆեյսբուքի էջում գրել է նրա կինը` Նաիրա Սահակյանը․

«Բժիշկների գնահատմամբ` վիրահատությունը հաջող է անցել։ Ազդրի մաշկից փոխպատվաստել են ձեռքի բաց հատվածներին։ Վիրակապը բացվելու է հինգ օրից։ Հուսով ենք` ամեն ինչ հաջող կանցնի,նոր վիրահատությունների կարիք չի զգացվի»,– գրել է նա։

Ավելի վաղ Նաիրա Սահակյանը գրել էր, որ բժիշկները սկզբից մտածել են ամբողջությամբ ամպուտացնել դաստակը, բայց հետո փորձել են ափը փրկել ու մատներից երկուսը հավաքել։ Նա նշել էր, որ ամուսնու ձախ ձեռքը ևս վնասված է ափի հատվածում, բացի այդ, մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից մինչև ոտքեր, բեկորային վնասվածքներ կան, այրվածքներ։

Հիշեցնենք` հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։

Читайте на 123ru.net