Էրդողանն ու Ասադը կարող են 13 տարվա մեջ առաջին անգամ հանդիպել Պուտինի միջնորդությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել երկիր հրավիրել Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Բաշար ալ Ասադին, որպեսզի առաջինի միջնորդությամբ սկսվի Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է TRT Harber-ը։
Ավելի վաղ Türkiye թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ 13 տարվա ընթացքում Թուրքիայի և Սիրիայի նախագահների առաջին հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում այս տարվա սեպտեմբերին։
«Ես ուրբաթօրյա աղոթքից հետո ասացի, որ մենք կարող ենք նոր գործընթաց սկսել (հարաբերությունների կարգավորման շուրջ) Սիրիայի հետ։ Մենք կարող ենք պարոն Ասադին պարոն Պուտինի հետ հրավեր ուղարկել»,- Աստանայից վերադառնալիս լրագրողներին ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Անկարան և Դամասկոսը պետք է մշտական մեխանիզմ ստեղծեն կուտակված հարցերը լուծելու համար։
«Շատ կարևոր է, որ Սիրիան ոտքի կանգնի և վերջ դնի անկայունությանը», - հավելել է նա՝ ասելով, թե Թուրքիան «միշտ բարեկամության ձեռք է մեկնել» իր հարևանին։
Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները զգալիորեն վատթարացել են՝ կապված Սիրիայից Թուրքիա փախստականների զանգվածային հոսքի, ինչպես նաև Անկարայի՝ ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» անջատականներին աջակացության հետ:
2011 թվականի նոյեմբերին Էրդողանը միացել էր նախագահ Ասադի հրաժարականի վերաբերյալ Արևմուտքի պահանջին։ Սիրիայի և Թուրքիայի միջև լարվածությունն էլ ավելի սրվել է այն բանից հետո, երբ սիրիական ուժերը 2012 թվականի հունիսին խոցել են թուրքական կործանիչը, իսկ 2012 թվականի հոկտեմբերին սահմանային բախումներ են սկսվել: Նույն թվականին երկրները խզել են դիվանագիտական հարաբերությունները։ 2016 թվականի օգոստոսին թուրքական բանակը սկսել է ուղղակի ռազմական միջամտությունը Սիրիայում հակամարտությունում՝ հայտարարելով «Եփրատի վահան» գործողության մեկնարկի մասին։ Իշխանությունները հայտարարել են, որ իրենց նպատակն է պայքարել իսլամիստների դեմ։
Ասադը թուրքական իշխանություններին բազմիցս մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու, ինչպես նաև Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու համար։ Նա 2023 թվականին որպես Էրդողանի հետ հանդիպման պայման է նշել թուրքական զորքերի ամբողջական դուրսբերում հանրապետության տարածքից։