Ավելի վստահ ու փորձառու եմ դարձել. Էլմիրա Կարապետյան
Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:
Էլմիրա Կարապետյան
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Հայաստանի ներկայացուցիչներից առաջինն է ապահովել իր մասնակցությունը Փարիզի խաղերին: Փարիզ-2024-ում նա հանդես կգա 10 մ և 25 մ ատրճանակ մրցաձևերում:
-Էլմիրա՛, ի՞նչ մարզավիճակում եք մոտենում Փարիզի խաղերին, ինչպե՞ս է անցնում նախապատրաստական փուլը:
-Խաղերին պատրաստվում եմ ամենօրյա մարզումների միջոցով: Առանձնահատուկ ոչինչ չեմ անում. պատրաստվում եմ, ինչպես կպատրաստվեի մյուս մրցաշարերին:
-Բավական ուշ՝ 19 տարեկանում եք սկսել զբաղվել հրաձգությամբ: Ի՞նչ խորհուրդ կտաք այս մարզաձևով հետաքրքրվողներին, որոնք, գուցե, դեռ չեն կողմնորոշվել իրենց ընտրության հարցում:
-Կարծում եմ՝ կարևորն այն է, որ յուրաքանչյուր մարդ գտնի այն, ինչ իրեն դուր է գալիս, ինչն իր մոտ ամենալավն է ստացում և զարգացնի իր տաղանդը: Ամենակարևորը տաղանդն ու աշխատասիրությունը համատեղելն է: Լինի դա հրաձգություն, թե մեկ այլ մարզաձև, կարևոր է՝ յուրաքանչյուրն իր գործն անի հաճույքով, չլսի ոչ մեկին, հավատա իր ուժերին և գնա առաջ՝ հույսը դնելով միայն սեփական ուժերին:
– Պայքարը հրաձգության մեջ ո՞ւմ կամ ինչի՞ դեմ է:
-Հրաձգությունն այն մարզաձևերից է, որտեղ մրցակիցներն ընդհանրապես կապ չունեն, ոչ էլ զենքը կապ ունի: Այստեղ պայքարը միայն քո մեջ է: Բոլորս գիտենք, թե ինչպես 10-ից 10 կրակել, բայց որքանով դա կստացվի կամ քանի անգամից կստացվի՝ կախված է միայն քեզնից: Բոլոր մրցակիցներիս ծանոթ եմ, բայց չեմ հետևում նրանց մրցելույթներին: Ես իմն եմ անում:
-Փարիզ-2024-ը Ձեր երկրորդ Օլիմպիական խաղերն է լինելու: Ինչպիսի՞ն էր Էլմիրան Տոկիոյում և որքանո՞վ է փոխվել այս ընթացքում:
-Իրականում շատ բան է փոխվել նախորդ Օլիմպիական խաղերից հետո: Տոկիոյի խաղերի ուղեգիրն ամենավերջինը նվաճեցի, այս անգամ՝ առաջինն էի ու ավելի շատ ժամանակ եմ ունեցել մինչև Օլիմպիական խաղերը փորձ ձեռք բերելու համար: Տոկիոյում շատ խառնված էի: Հիմա էմոցիաների առումով շատ ավելի սառն եմ, ինչը մեր մարզաձևի համար շատ կարևոր է: Ավելի վստահ ու փորձառու եմ դարձել: 3 տարի առաջվա համեմատ՝ հիմա բոլորովին այլ մարդ եմ:
-Էլմիրա՛, Դուք մասնակցելու եք նաև օլիմպիական ջահի փոխանցումավազքին: Ի՞նչ զգացողություններ ունեք:
-Այո, ընտրվել եմ որպես ջահի փոխանցումավազքի մասնակից: Հուլիսի 17-ին Փարիզի մոտակա քաղաքներից մեկում վազելու եմ 200 մետր: Հաճելի և միևնույն ժամանակ պատասխանատու առաջադրանք է: Հուսով եմ՝ ամեն բան լավ կստացվի:
-Օլիմպիական թիմի կազմում կանանց թիվն էականորեն զիջում է տղամարդկանց թվին …
-Կարծում եմ՝ Հայաստանում հաշվի չեն առնվում աղջիկների և տղաների առանձնահատկությունները, և թե ինչու է կանանց համար ավելի դժվար սպորտով զբաղվելը: Նույն կերպ է չափվում, բայց, անկասկած, ընտանիքի առկայության և մայրության պարագայում՝ ամեն ինչ ավելի դժվար է դառնում: Կարծում եմ՝ լավ օրինակ եմ մյուս կին մարզիկների համար՝ ընտանիք-երեխա-սպորտ համատեղության և ներդաշնակությունը պահելու առումով:
Բլից հարցեր
-Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ օր անցկացնել:
-Չեմ մտածել այդ հարցի շուրջ:
-Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:
-Թերևս, այն խորհուրդը, որն ինքս եմ ինձ տվել՝ «Ոչ մեկի կարծիքը հաշվի չառնել. անել այնպես, ինչպես դու ես ցանկանում»:
-Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:
-Երջանիկ ապրելը:
-Ձեր կյանքի կանոնները:
-Ժպտալ ամեն առավոտ՝ արևի բացվելու համար:
-Ձեր երազանքը:
-Որ երազանքներս անընդհատ փոխվեն՝ իրականանալուց հետո:
-Ոգեշնչման աղբյուրը:
-Ես ինքս:
-Ինչի՞ց եք վախենում:
-Վախեր չունեմ:
-Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:
-Հրաշքներին:
-Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:
-Հենց լինի՝ կասեմ:
The post Ավելի վստահ ու փորձառու եմ դարձել. Էլմիրա Կարապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.