World News

Գոյության տարածք. «Պատերազմի մեջ ծնվող երեխաների ճիչն էր երևի, որ մեզ ուժ էր տալիս շարունակելու պայքարել». Գոհարը

2023 թ. Արցախում եռյակի ճիչ լսվեց։ Մանկաբարձ գինեկոլոգ Գոհար Տոնյանը, որը նոր էր սկսել իր մասնագիտական գործունեությունը սկզբում երկու բաբախող սիրտ հայտնաբերեց, հաջորդ հետազոտության ժամանակ արդեն լսվեց բաբախող երրորդ սիրտը: Մայրիկի հուզմունքը շատ մեծ էր: «Կնոջ ամուսնու եղբայրը զոհվել էր, և շատ էին ուզում, որ եռյակներից գոնե մեկը տղա լինի, ու պատկերացրեք զգացողությունները, երբ պարզվեց՝ […]

The post Գոյության տարածք. «Պատերազմի մեջ ծնվող երեխաների ճիչն էր երևի, որ մեզ ուժ էր տալիս շարունակելու պայքարել». Գոհարը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

2023 թ. Արցախում եռյակի ճիչ լսվեց։ Մանկաբարձ գինեկոլոգ Գոհար Տոնյանը, որը նոր էր սկսել իր մասնագիտական գործունեությունը սկզբում երկու բաբախող սիրտ հայտնաբերեց, հաջորդ հետազոտության ժամանակ արդեն լսվեց բաբախող երրորդ սիրտը: Մայրիկի հուզմունքը շատ մեծ էր: «Կնոջ ամուսնու եղբայրը զոհվել էր, և շատ էին ուզում, որ եռյակներից գոնե մեկը տղա լինի, ու պատկերացրեք զգացողությունները, երբ պարզվեց՝ երեքն էլ տղա են։ Երեք տղաներն էլ առողջ լույս աշխարհ եկան, ու դա ինձ հույս տվեց, որ Արցախն ապրելու է։ Թեև սնահավատ չեմ, բայց սա առաջին դեպքն էր, որ սկսեցի այդպես մտածել՝ նշաններին հավատալով, որ մի լավ բան կլինի»,- իր կյանքի ամենավառ հիշողություններով է կիսվում բժշկուհի Գոհարը: Լուսանկարում՝ եռյակները

Մանկաբարձ գինեկոլոգ Գոհար Տոնյանը դեռ 11 ամիս էր՝ ինչ աշխատանքի էր անցել Մարտակերտի հիվանդանոցում, երբ բլոկադայի մեջ գտնվող Արցախում սեպտեմբերի 19-ին իրար հաջորդող պայթյունները գուժեցին՝ կրկին պատրազմ է սկսվել: 

«Զուգահեռ տեսել ենք կյանքն ու մահը»,- ասում է նա: 

«Մենք բոլորս պատրաստ էինք ցանկացած զարգացման։ Արդեն գիտեինք, թե պատերազմն սկսվելուց ով ինչ է անելու, որ սենյակը ինչի է վերածվելու, օրինակ՝ ճաշարանը վիրահատարանի էր վերածվելու, լվացքատունը՝ հիվանդների ընդունման սենյակի և այլն։ Բոլորս սկսեցինք կազմակերպված մեր գործն անել, հիվանդներին ու հղիներին տեղափոխել ավելի ապահով տարածքներ»: 

Բժշկուհին հիշում է՝ սեպտեմբերի 19-ին 15 հղի կար հիվանդանոցում։ Ծնունդներ ևս սպասվում էին, բայց պատերազմն սկսվելուց արդեն րոպեներ անց սահմանին շատ մոտ գտնվող հիվանդանոց սկսեցին բերել քաղաքացիական ու զինվորական վիրավորում ստացած մարդկանց։ 

Նաև քաղաքի տարբեր կետերից կանչեր էին ստացվում ապաստարաններում գտնվող մարդկանց՝ մեծերի ու երեխաների, հղիների բժշկական օգնության անհրաժեշտության մասին։ 

«Երբ առաջին ծանր վիրավորին բերեցին, նրան արագ Ստեփանակերտ տեղափոխելու անհրաժեշտություն կար։ Մենք առանց երկար մտածելու նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցինք։ Քաղաքի մթնոլորտն ահավոր էր, մի տեսակ օրը մթնել էր, բոլոր կողմերից պայթյունների ձայներ էին, ծուխ։ Մեքենայի մեջ էլ շատ վառելիք չկար։ Չգիտեինք՝ գնանք, կկարողանա՞նք վերադառնալ։ Բայց հետդարձի ճանապարհն ավելի վատ էր, ռմբակոծությունն արդեն ավելի էր սաստկացել, ու վստահ չէինք, որ տեղ կհասնենք»,- հիշում է նա։

Ստեփանակերտից իրենց հետ բերում էին նաև անեսթեզիոլոգին, քանի որ Մարտունու հիվանդանոցում չունեին, բայց կարիքը շատ մեծ էր։ 

«Մեկը մյուսի հետևից ընդունվում էին վիրավորներ ու, ցավոք, նաև զոհեր։ Որքան էլ բժիշկներն ու անձամբ ես փորձում էինք սառնասիրտ լինել, որ գործը չտուժի, այնուամենայնիվ, լինում էին նաև իրավիճակներ, երբ մարդկային հույզերն ու զգացմունքները տեղի էին տալիս»։ 

Գոհարը հիշում է, որ հիվանդանոց էին ընդունել իր ընկերուհու եղբորը, որի հայրը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էր զոհվել:

«Բերեցին նրան պատգարակի վրա պառկած, ու երբ ձեռքս գլխի տակ տարա, որ գլուխը բռնեինք ու տեղափոխեինք, ձեռքս թրջվեց։ Արյուն էր։ Էդ պահին ես ինձ կորցրել եմ, ասում են գործընկերներս, ու գոռում էի մեր անեսթեզիոլոգին, որ փրկի նրան, նա պետք է ապրի։ Անեսթեզիոլոգը միշտ ասում է, որ իր համար պատերազմը նաև իմ սարսափած աչքերի տեսքն ունի»,- հիշում է Գոհարը։ 

Անընդհատ նոր վիրավորներ էին բերում, մեկի ծանոթն էր, մյուսի՝ բարեկամն ու հարազատը։ Մարդկանց մեջ բոլոր զգացողությունները խառնվել էին, ու զուգահեռ իրականության մեջ նաև ծնունդներ էին ընդունում։ Վերջին երկու կեսարյան հատումները, որ սեպտեմբերի 22-ին են արվել, Գոհարի ընկերուհիներն են եղել, ու հենց նրա որոշմամբ է կեսարյան հատում արվել, թեպետ ցուցում չկար։

«Երևի կյանքիս ամենաարագ կայացրած որոշումն ա եղել, որովհետև գիտակցում էի, որ անեսթեզիոլոգը գնալու է, ու եթե տարհանվելու ճանապարհին ծննդաբերություն սկսվի, ավելի վատ հետևանքներ կարող են լինել։ Զանգել եմ, ասել եմ՝ արագ պատրաստվեք ու եկեք կեսարյան հատման։ Ընդ որում՝ անզգայացման դեղ էլ չկար, ընդամենը մեկն էր, ու անեսթեզիոլոգը ստիպված է եղել դեղը կիսել»,- հիշում է բժշկուհին։

Այդ օրը ծնված փոքրիկներից մեկին ծնողները Հուրի անվանեցին՝ որպես կրակների մեջ ծնված կյանք։ 

«Հուրին մեզ բոլորիս նոր հույս տվեց, որ այս փորձությունը ևս հաղթահարելու ենք։ Ծնվող երեխաների ճիչն էր երևի, որ մեզ բոլորիս իսկապես ուժ էր տալիս շարունակելու պայքարել»,- ասում է Գոհար Տոնյանը։

Գոհարը հիշում է, որ ծանրագույն պայմաններում աշխատել են 4 օր ու պայքարել մարդկային կյանքերի համար, սակայն մասնագետների բացակայության ու դեղորայքի սուղ պայմաններում մահերից խուսափելն ուղղակի անհնար է եղել: 

«Մի տեղ ծնվում էին, կողքի սենյակում՝ մահանում»,- պատմում է նա և շարունակում, որ մղձավանջային վիճակին հետևեց տեղահանումը, որի մասին բոլորն արդեն տեղեկացվել էին:

Թե ինչպես տարհանվեցին, Գոհարը նույնիսկ հիշել չի ուզում, միայն ասում է, որ երբեք չէր կարող պատկերացնել, որ մեկ օրը այդքան բան կարող է փոխել մարդու կյանքում և բաժանել կյանքը երկու մասին: Ասում է՝ Ճարտարից 3 օրում է Հայաստան հասել։

«Դա իմ կյանքի ամենադաժան ճանապարհն էր, ճիշտ այնպես, ինչպես գրքերում էր նկարագրված գաղթի ճանապարհը»,- նշում է նա:

Հեռախոսակապ չկար, մեկը մյուսին փոխանցելով իմանում էին, որ մեքենայում չպետք է սուր կտրող-ծակող իրեր լինեն, ու բոլորն ազատվում էին այդ իրերից։ Ամբողջ ճանապարհին դանակներ ու պատառաքաղներ էին շաղ տված։ 

«Սահմանն անցնում էինք ադրբեջանցիների կիսածաղրական արտահայտությունների ու պահվածքի ներքո, քթների տակ երգում էին, ծաղրում։ Այդպես դժվարությամբ ու սարսափով անցանք այդ ճանապարհն ու սեպտեմբերի 28-ին հասանք Երևան»,- պատմում է բժշկուհին։

Երևանում Գոհարին աշխատանք գտնելու հարցում աջակցել է ղեկավարը՝ մանկաբարձ գինեկոլոգ Լիլիթ Հովսեփյանը: 

«Երբ պատերազմը սկսվեց, նորից կապի մեջ էինք, ասեց՝ ոչ մի բանի մասին չմտածեմ։ Ամբողջ ընթացքում ինձ ուժ տվողն է եղել։ Ճանապարհին էինք, երբ զանգեց ու ասեց, որ գալիս ես, հասնում, 2 օր հանգստանում ու հոկտեմբերի 2-ից աշխատանքի ես։ Ինձ շատ գուրգուրեցին ու ապրեցրին, երևի աշխատանքն ինձ ուժ տվեց, որ շուտ հարմարվեմ այստեղին»,- ասում է Գոհարը։

Գոհար Տոնյանը այսօր աշխատում է Երևանի կլինիկաներից մեկում, մանկաբարձ գինեկոլոգ է։ Ասում է՝ Արցախում անցկացրած դժվար օրերը ու դժվարություններով ձեռք բերված փորձը իր համար ծանր, բայց շատ ուսանելի եղան մասնագիտական ճանապարհն անցնելու, ավելի ուժեղանալու համար: 

«Արցախում ամեն տեսակի դժվարությունների դիմացանք ու էլի պատրաստ էինք դիմանալ ու դիմակայել, ամեն տեսակի զարգացման ու հանգուցալուծման պատրաստ էինք, բայց երբեք չէի մտածի, որ այս գնով ենք հասնելու հանգուցալուծման։ Երբ ուսումս ավարտելուց հետո որոշեցի Արցախ վերադառնալ, նպատակս ու սպասումներս լրիվ այլ էին՝ զարգացնել ու շենացնել հայրենի քաղաքս, որը հիմա մերը չէ»,- հուզվում է Գոհարը:

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am

The post Գոյության տարածք. «Պատերազմի մեջ ծնվող երեխաների ճիչն էր երևի, որ մեզ ուժ էր տալիս շարունակելու պայքարել». Գոհարը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net