World News

Տարածաշրջանը գնում է բոլորովին այլ ուղղությամբ, իսկ Հայաստանն խնդրում է իրեն թողնեն հանգիստ ապրել, ինչը չի լինելու. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը  – Տիկի՛ն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի մասնակցությունն Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին ու Ադրբեջանի նախագահի հանդիպումները Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, ՌԴ նախագահ Պուտինի հետ: – Շատ ուշագրավ է, որ այդ հանդիպումներին, Չինաստան-Ադրբեջան ռազմվարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի ստորագրմանը, հնչած հայտարարություններին նախորդել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի […]

The post Տարածաշրջանը գնում է բոլորովին այլ ուղղությամբ, իսկ Հայաստանն խնդրում է իրեն թողնեն հանգիստ ապրել, ինչը չի լինելու. Տաթևիկ Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի մասնակցությունն Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին ու Ադրբեջանի նախագահի հանդիպումները Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, ՌԴ նախագահ Պուտինի հետ:

– Շատ ուշագրավ է, որ այդ հանդիպումներին, Չինաստան-Ադրբեջան ռազմվարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի ստորագրմանը, հնչած հայտարարություններին նախորդել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի այցը Բաքու, որտեղ նա փաստորեն որոշակի առաջարկներ էր ներկայացրել Ադրբեջանին, այդ թվում` Սյունիքով անցնելիք ճանապարհի հետ կապված ու այդ ճանապարհով ԱՄՆ-ի հետաքրքրվածության առումով։

Այդ՝ Ադրբեջանին բավականին հարմար հայտարարություններից հետո Բաքուն փաստացի ցույց է տալիս, որ ինքը հստակ աշխարհաքաղաքական ընտրություն է կատարել, ու Չինաստանի հետ համագործակցությունը դրա վառ ապացույցն է։ 

Նշեմ, որ մինչ այդ հռչակագիրը՝ դեռևս հունիսի 14-ին, Չինաստանի բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը Բաքվում էր, ու համագործակցության հետ կապված որոշումներ էին կայացվել, այդ թվում նաև՝ ռազմական ոլորտում համատեղ ծրագրեր՝ զորավարժությունների հետ կապված, և այդ հռչակագիրն էլ այս ամենի շարունակությունն էր։ 

Ինչ վերաբերում է Պուտին-Ալիև հանդիպմանը, ապա այնտեղ երկու կողմն էլ վերահաստատել են իրենց հավատարմությունը, հիշում եք՝ 2022 թվականի փետրվարին դաշնակցային փոխգործակցության մասին իրենց ստորագրած հռչակագրին։ Սրա հետ մեկտեղ Պուտինը կրկին խոսել էր Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ու տրանսպորտային հանգույցի մասին, որին ի պատասխան Ալիևն ասել էր, որ իրենք փորձում են իրենց մասով այդ բացը լրացնել ու այդ խնդիրներին լուծում տալ: 

Այդ ամբողջ դասավորվածության մեջ այստեղ ամենաէականը Չինաստան-Ադրբեջան համագործակցության դրվագն է, հաշվի առնելով, որ, փաստորեն, Չինաստանը Ադրբեջանին տեսնում է որպես միջոց տարածաշրջանում իր շահերն իրագործելու համար։ 

– Ճի՞շտ հասկացա, որ Ադրբեջանը, ըստ էության, մերժում է ԱՄՆ-ի ներկայացրած առաջարկները։

– Կարծում եմ՝ այո՛, բայց, միևնույն ժամանակ, նրանք երբեք ակնհայտորեն դրա մասին չեն խոսում, նրանք շարունակ փորձում են միաժամանակ երկու աթոռի նստել, ու քանի որ Հայաստանում իշխանությունները ոչ մի քայլ չեն անում, ավելին ասեմ, այդ հեծանիվ քշելով, որ շատերը հեգնում են, ցույց են տալիս, որ իրենք որպես պետություն ու ղեկավարություն չունեն շահեր, միակ հետաքրքրությունը հանգիստ ապրելն է՝ պայմանական ասած:

Այսօր աշխարհը փոխդասավորումների շրջանում է, բոլորը բոլորի հետ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերում՝ ապագա աշխարհակարգի ձևավորման առումով, ու Ադրբեջանն այստեղ լուրջ հայտ է ներկայացրել, իսկ Հայաստանն ուզում է կողք քաշված ապրել, բայց այդպես չի կարող լինել, քանի որ Ադրբեջանի շահերի բավարարումը տեղի է ունենում Հայաստանի շահերի հաշվին:

Ադրբեջանը կոնկրետ ծավալապաշտական նկրտումներ ունի Հայաստանի հետ կապված, դրա համար ովքեր համագործակցում են ու փորձում պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի հետ, քանի որ նա հայտ է ներկայացրել լինել այդ պայմանավորվածությունների սեղանի շուրջ, անում են դա գերազանցապես Հայաստանի շահերի հաշվին։

– Չինաստանի հետ այս համագործակցությունն ի՞նչ նոր հնարավորություններ կարող է տալ Ադրբեջանին։

– Իրականում կարևորը այդ տրանսպորտային նոր հանգույցներն են, որոնք ձևավորվում են, որոնց շուրջ քննարկումներ են ընթանում, ու առանցքը՝ Չինաստան, Ռուսաստան, միգուցե ապագայում՝ Հնդկաստան ու Իրան, տարբեր քննարկումներ են տեղի ունենում:

Պետք է նաև հաշվի առնել, որ Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, առաջին անգամ հանդիպեցին Ադրբեջանի, Պակիստանի ու Թուրքիայի նախագահները, իսկ մենք շատ լավ հիշում ենք, որ 2020 թվականի ագրեսիայի ժամանակ Պակիստանն Ադրբեջանին աջակցող թիվ մեկ պետություններից էր: 

Միևնույն ժամանակ նրանք բազմաթիվ համատեղ զորավարժություններ են անցկացնում, խոսքը առհասարակ տնտեսական, քաղաքական ու ռազմական ազդեցության մեծացման մասին է, կարծեմ։ 

Եթե հաշվի առնենք նաև Վրաստանի հետ կապված վերջին զարգացումները, ապա ակնհայտ է, որ տարածաշրջանը գնում է բոլորովին այլ ուղղությամբ, իսկ Հայաստանն արանքում փորձում է խնդրել, որ իրեն թողնեն հանգիստ ապրել, ինչը, արդեն ասացի, չի լինելու։ 

– Բայց Հայաստանի իշխանության տարբեր պաշտոնյաներ նշում են, թե իրենց համագործակցությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ զարգացման փուլում է, թե ավելի սերտ են համագործակցում, այսինքն՝ իրենք էլ են աշխատում, տիկի՛ն Հայրապետյան։ 

– Ժամանակին էլ ասում էին, թե բանակցում են Արցախի հայերի անվտանգության ու իրավունքների հարցերի շուրջ, բայց մենք տեսանք, թե ինչ եղավ այդ մարդկանց հետ: Ուզում եմ ասել, որ նրանց խոսքն իրականում ոչ մի արժեք չունի, ու իրենք դա ապացուցել են իրենց գործով։ Նրանք ուղղակի պոպուլիստներ են, որ փորձում են ժողովրդի ականջին հաճո հայտարարություններ անել, որոնց հետևում երբեք չեն դրել ջանք ու աշխատանք, ամեն ինչ անարդյունք է, գոնե մի տեղ, որ արդյունք ցույց տված լինեին, կարձանագրեինք։ 

– Իսկ խաղաղության պայմանագրի կնքմանը միտված ջանքե՞րը։

– Ադրբեջանը առնվազն բարձր մակարդակով ցույց է տալիս, որ ինքը հետաքրքրված չէ ոչ մի թղթի ստորագրմամբ։ Այս դրվագը շատ հետաքրքիր է․ Բլինքենը զանգում է Ալիևին, կարծեմ՝ հունիսի 28-ին, պետքարտուղարության հայտարության մեջ ասվում է, որ կոչ է անում ստորագրել թուղթ առանց հետագա ձգձգելու ու նաև ազատ արձակել ապօրինաբար պահվող հայերին, խոսքը նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է: 

Ի պատասխան Ադրբեջանը մի ամբողջ քարոզչական արշավ է սկսում պատերազմական հռետորաբանությամբ, որից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարում է, որ այդ մարդկանց գործը գնում է դատարան, այսինքն՝ ԱՄՆ-ի կոչը ամբողջությամբ հակառակ ազդեցությունն է ունենում։ 

Այսկերպ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքն ուղղակի հարվածում է ԱՄՆ-ի հեղինակությանը տարածաշրջանում, և սա հենց այնպես չի արվում։ Սա կոնկրետ որոշ ուժային կենտրոնների համար ձեռնտու քաղաքականություն է, որն Ադրբեջանը վարում է։ 

Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը, որը, վստահ եմ, պատահական չէր ընտրված, Ադրբեջանը նշում է, որ որևէ պետություն չպետք է իր քաղաքականությունը պայմանավորի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, եթե մեկն ուզում է աշխատել Ադրբեջանի հետ՝ թող աշխատի, ինչու է գալիս ու պայմանագրերից խոսում։ 

Փաստացի, սա էր իրենց ուղերձը արևմտյան գործընկերներին, որոնք ասում են՝ ինչ-որ թուղթ է պետք ստորագրել ստաբիլության հետ կապված, իսկ Ադրբեջանի ղեկավարն էլ ասում է, որ ինքն այլ ձևերով է իր նպատակին հասնում, իրավիճակի ամրագրման կարիք չունի, որովհետև նա իրավիճակը շարունակաբար փոխում է հօգուտ իրեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Տարածաշրջանը գնում է բոլորովին այլ ուղղությամբ, իսկ Հայաստանն խնդրում է իրեն թողնեն հանգիստ ապրել, ինչը չի լինելու. Տաթևիկ Հայրապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net