World News

Առաջին եռամսյակում 120 մլրդ դրամի պակաս հարկ է հավաքվել, քան պլանավորված էր. Արթուր Խաչատրյան

2024 թվականի առաջին կիսամյակում պլանավորված ու փաստացի հավաքագրված հարկերի միջև էական տարբերություն կա․ շուրջ 120 միլիարդ դրամի պակաս գումար է հարկվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Խաչատրյանը:
 
«Ակնհայտ է, որ եթե 120 միլիարդ դրամ պակաս ես հավաքում, պետք է նաև նվազեցնես ծախսերդ: Դժվար է ասել՝ դա անփութության, թե  տնտեսության ծանր վիճակի հետևանք է: Կարող էին ուղղակի սխալ հաշվարկած լինել, կամ էլ շատ ավելի լավատես էին տնտեսության հետագա աճի վերաբերյալ, քան իրականում կար: Ակնհայտ է, որ տնտեսությունն այլևս այդքան արագ չի աճում, ակնհայտ է նաև, որ այն արտաքին բարենպաստ գործոնները, որոնք ձևավորել էին նախորդ երկու տարիների բարձր տնտեսական աճը, մեղմվել են: Նվազել են թե՛ դրամական փոխանցումները, թե՛ վերարտահանման մակարդակը», - ասաց պատգամավորը:

Խաչատրյանը որպես օրինակ բերեց Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների վերարտահանումը:

«Մեքենաների արտահանումը Հայաստանից Ռուսաստան այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով շուրջ 4 անգամ նվազել է: Իշխանությունները դա հիմնավորում են ուտիլիզացիոն հարկով կամ Չինաստանից էլեկտրամոբիլների ներմուծմամբ ՌԴ, բայց մի բան ակնհայտ է՝ այս իշխանությունները մի սովորություն ունեն՝ որևէ կերպ չընդունել իրենց սխալը: Մեր դիտարկմամբ՝ արտահանման էական նվազման պատճառ է հանդիսացել նաև հարկային փոփոխությունները, որոնք նվազեցրել են Հայաստանից արտահանումները, ու Հայաստանը վերարատահանողների համար դարձրել պակաս գրավիչ:

Քանի որ 120 միլիարդ քիչ ես հավաքել, ծախսերդ, համապատասխանաբար, պակաս պետք է լինեն: Հիմա մեր իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ամենաշատ ծախսը, որ մենք ունենում ենք, արտաքին պարտքի սպասարկումն է․ միայն 150 միլիարդի կարգի արտաքին պարտք ենք սպասարկել», - ասաց Արթուր Խաչատրյանը:  

Читайте на 123ru.net