World News

Հազար անգամ մեռնող սուտը. կամ ինչպես թաքնվել խայտառակությունից

– Ինչո՞ւ հետը տենց կռվեցիր։  – Բա նայում ա աչքերիս մեջ ու սուտ ա ասում։  – Իա, լո՞ւրջ, Լիան։ Քաղաքական գործիչը խաբո՞ւմ ա։ Ամա՛ն, ով էր տեսել նման բան։  – Ձե՞ռ ես առնում։  – Իհարկե։  Սա հատված է գործընկերոջս հետ տարիներ առաջ տեղի ունեցած զրույցից։ Այն պահին, երբ չդիմացա և մասնավոր զրույցում քաղաքական գործչին ասացի, […]

The post Հազար անգամ մեռնող սուտը. կամ ինչպես թաքնվել խայտառակությունից first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

– Ինչո՞ւ հետը տենց կռվեցիր։ 

– Բա նայում ա աչքերիս մեջ ու սուտ ա ասում։ 

– Իա, լո՞ւրջ, Լիան։ Քաղաքական գործիչը խաբո՞ւմ ա։ Ամա՛ն, ով էր տեսել նման բան։ 

– Ձե՞ռ ես առնում։ 

– Իհարկե։ 

Սա հատված է գործընկերոջս հետ տարիներ առաջ տեղի ունեցած զրույցից։ Այն պահին, երբ չդիմացա և մասնավոր զրույցում քաղաքական գործչին ասացի, որ նա ստում և մանիպուլացնում է և գիտի դրա մասին, սկսվեց կռիվ։ Հետո իհարկե գործընկերս ծիծաղեց վրաս այդքան միամիտ լինելու համար։ Բոլորը գիտեն, որ քաղաքական գործիչները ստում են։ Դա իրենց գործի մի մասն է։ Բոլորը դա գիտեն, բոլորը դրա հետ հաշտ են, բայց, չգիտես ինչու, անվերջ փնտրում ու փնտրում են մի ազնիվ մարդու։ 

Ամերիկացի քաղաքագետ Ջոն Միրշայմերը թերևս իմ իմացած միակ մասնագետն է, որ փորձել է ուսումնասիրել քաղաքական դաշտում ստի ծավալը, հաճախականությունը և ազդեցությունը։ 

Իր գրքում նա մի շարք հետաքրքիր բացահայտումներ է անում։ Առաջինը՝ միշտ չէ, որ քաղաքական այրերը ստում են վատ մղումներով։ Նրանք հաճախ կարծում են, որ իրավիճակը չափից ավելի բարդ է լայն հանրությանը ներկայացնելու համար։ Երկրորդ` արտաքին հարաբերություններում սուտը անգամ ժողովրդի կողմից համարվում է արդարացված, քանի որ ամեն գնով պետք է պաշտպանել ազգային շահերը։ 

Սա տիպիկ խմբային հոգեբանության արտահայտում է։ Հանուն խմբի շահի կարելի է զոհել ամեն ինչ։ Բայց թերևս մեզ հետաքրքրող և ամենատխուր բացահայտումը հետևյալն է` երկրի ներսում քաղաքական այրերն ու տիկնայք ավելի շատ են ստում, քան արտաքին հարթակում։ Ինչո՞ւ, որովհետև երկրի ներսում ընտրողը ավելի հակված է հավատալու, հետևաբար ավելի խոցելի է ստի համար։ 

Ինձ երբեմն թվում է, որ Միրշայմերը իր գրքի երկրորդ մասը կգրեր, եթե այցելեր Հայաստան: Եվ թերևս իր համար հայտնաբերեր քաղաքական ստի նոր տեսակը՝ սուտ, որը ասում են, քանի որ ամաչում են իրականությունն ընդունելուց: Սուտ՝ սեփական անկարողությունը կոծկելու համար: 

Տարիներ շարունակ, հատկապես պատերազմից հետո, մեր քաղաքական դաշտում հնչում են կարգախոսներ՝ մեկը խաղաղություն է բերում, մյուսը՝ արժանապատիվ խաղաղություն, մեկը՝ կոմպետենտություն, մյուսը՝ ազնվություն, և բոլորը միասին նեղանում են անշնորհակալ և անարժան այս ժողովրդից, որ իրենց ասածով չի շարժվում, իրենց հետևից չի գնում: Իրականում, սակայն, խնդիրը նրա մեջ է, որ սուտը վաղուց էլ չի անցնում: Այդ դեպքում՝ ինչո՞ւ է շարունակվում: Պարզ պատճառով՝ ճիշտն ասելը շատ ծանր է ու թանկ քաղաքական այրերի համար: Միջին քաղաքական ճիշտը, եթե հնչեր ելույթի տեսքով, թերևս այսպիսին կլիներ. 

«Սիրելի՛ հայ ժողովուրդ, ես սիրում եմ այս երկիրը: Բայց ես, այո՛, կոռուպցիայով զբաղվող կամ զբաղված թիմի անդամ եմ: Ես հաճախ կարծում եմ, որ մեր ազգը հիմնականում բաղկացած է ժեխից, և ես շատերից ավելի լավ եմ հասկանում, թե ինչպես անել ու ինչ անել մեր խնդիրները լուծելու համար: Ես հարստացել եմ կամ հարստանում եմ մեղմ ասած  ոչ այնքան մաքուր ճանապարհով, բայց չեմ կարծում, որ դա կարևոր է, քանի որ, դե, այդպիսին են խաղի կանոնները: 

Ես գաղափար չունեմ, թե մենք ինչպե՛ս ենք լուծելու մեր երկրի անվտանգային խնդիրները: Ես նայում եմ մեր ժողովրդագրական և աշխարհաքաղաքական վիճակին և հասկանում, որ որևէ բան անելու համար չափից շատ աշխատել է պետք: Իսկ ես չեմ ուզում: Ես չգիտեմ՝ ինչպես աշխատել: Բացի այդ, եթե ես սկսեմ իմ թիմակիցներին և տարբեր ինստիտուտներին ճնշել, որպեսզի աշխատեն, ամբողջ համակարգը հավանաբար կկազմաքանդվի, իսկ դա նշանակում է, որ ես չեմ լինի իմ գրաված կամ գրավելիք պաշտոնին: 

Սիրելի՛ հայ ժողովուրդ, ես չեմ ուզում և չեմ կարող ընդունել իմ քաղաքական սխալները, քանի որ այդպես կկորցնեմ սոցիալական բուրգում գրաված իմ դերը: Ես չգիտեմ՝ ինչպե՛ս դրսի ուժերի հետ ճիշտ խոսեմ, որպեսզի մեր հարցը լուծվի: 

Ավելին՝ ես սկսել եմ հասկանալ, որ ճիշտ խոսելը չի օգնի: Ես գործում եմ ըստ իրավիճակի, պահի տակ, ինչպես ստացվի, այնպես էլ մի բան ասում եմ, որ հետո մի բան լինի: Իմ գիտելիքները թերի են, հնարավորությունները՝ սակավ: Ես ամենայն հավանականությամբ չեմ բերի քեզ ոչ խաղաղություն, ոչ արժանապատվություն, բայց չեմ կարող նաև հաղթանակ բերել: 

Դրա համար ես ստիպված հավերժ մեղավորների պիտի փնտրեմ, մատով ցույց տամ թե՛ քեզ, թե՛ հակադիր ճամբարին, մինչև մի բարի օր մի լավ բան կլինի, ու մենք ազգովի, գուցե կրկին ինչ-որ բախտի կամ երրորդ երկրի քմահաճույքով կփրկվենք: Ես տագնապի և չարության մեջ եմ՝ սեփական անկարողությունից, սեփական թուլությունից, սեփական սահմանափակությունից: Ինձ մնում է միայն չարանալ և չարացնել քեզ, որպեսզի դու հանկարծ չպահանջես գործ, կոմպետենտություն և հստակ տեսլական: 

Հարգանքներով՝ քո քաղաքական գործիչ»:

Լիանա Խաչատրյան

MediaLab.am

The post Հազար անգամ մեռնող սուտը. կամ ինչպես թաքնվել խայտառակությունից first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net