World News

Փաշինյանը դարձյալ ուզում է խաղարկել Քոչարյանի գործոնը, բոբո նախկինների թեման տաքացնել՝ դիվիդենտներ շահելու համար. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Ինչո՞ւ հենց այս պահին: Տեղեկացնենք, որ Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավորն է:  

– Ցանկացած ձախողման համար Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղավորներ գտնել։ Երբ պատերազմում պարտվեց, ինչն ակնհայտորեն իր անտաղանդ դիվանագիտության ու կառավարման հետևանք է, փորձեց ամենուր մեղավորներ գտնել՝ և՛ արտաքին, և՛ ներքին դաշտում, նույն բանն այստեղ է անում։ Նիկոլ Փաշինյանն այստեղ նույնիսկ ցինիզմ է դրսևորում՝ պարզ ստից բացի, հենց ինքն է ամեն ինչ արել, որ Ռոբերտ Քոչարյանի նման հարմար ընդդիմություն ստանա, ու, հետևաբար, այդ բոլոր դատական գործընթացները ծառայեցրել է այդ նպատակին: Այդտեղ դատավորի դերը զրոյական է, մանավանդ հիմնական՝ «Մարտի 1»-ի մեղադրանքի հարցով Ռոբերտ Քոչարյանին արդարացրել է ոչ թե Աննա Դանիբեկյանը, այլ Նիկոլ Փաշինյանի սրտի Սահմանադրական դատարանը, այսինքն՝փորձել իր քաղաքական հետևանքները բարդել մի դատավորի վրա, մեղմ ասած, ծիծաղելի է։ Նախկին համակարգի ռեստավրացիայի ամբողջ պատասխանատվությունն ընկած է Նիկոլ Փաշինյանի ուսերին։

– Եթե արդարացնողը ՍԴ-ն է, ապա ինչո՞ւ է պատասխանատվության ենթարկվում Աննա Դանիբեկյանը։

– Խոսքը գուցե այն մյուս դրվագի մասին է՝ կաշառքի մասով, բայց դա չի փոխում վիճակը, որովհետև այդ գործերը վարույթով միացված էին իրար։ Միանգամից ասեմ՝ Աննա Դանիբեկյանն իմ սրտի դատավորը չէ, չեմ էլ ճանաչում, բայց այնքան ծիծաղելի է այս ամեն ինչը, այսինքն՝ դուք ձեր քաղաքականությամբ ամեն ինչ անում եք, որ տիտղոսային ընդդիմության առաջնորդ դառնա Ռոբերտ Քոչարյանը, հետո դատական համակարգ չեք բարեփոխում, իրավական ռեֆորմ չեք անում, հետո վերցնում եք մի դատավորի ու փորձում քավության նոխազ դարձնել։ 

Սա, անշուշտ, դառնալու է այս իշխանության ցայտուն կամայականություններից մեկը։ Այստեղ նաև ակնհայտ խախտում են արել, ըստ էության մարդուն առանց լսելու, նրա վերաբերյալ որոշում են կայացրել՝ Աննա Դանիբեկյանի գործով եմ ասում, ակնհայտորեն գործ ունենք կամայականության հետ։

– Պարո՛ն Սուրենյանց, իսկ նպատակը ո՞րն է։

– Փաշինյանը դարձյալ ուզում է խաղարկել Քոչարյանի գործոնը․ տեսեք, թե իրենց քարոզչամեքենան ինչ է ստեղծում՝ «մարդ պատժեցինք՝ հանցագործ Քոչարյանին արդարացնելու համար»։

– Այսինքն՝ փորձում են ցույց տալ, որ, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է։

– Այո՛, իսկ ինչո՞ւ է փորձում ցույց տալ, շատ ակնհայտ է. մենք աստիճանաբար մոտենում ենք ընտրական ցիկլին, ինքը դարձյալ փորձում է բոբո նախկինների թեման տաքացնել՝ դիվիդենտներ շահելու համար։ Բայց այս գլխից ասեմ, որ խորհուրդ չեմ տա, որովհետև այդ գործոնը հասարակության մոտ նախկին ուժով չի աշխատում։

– Այդ տրամաբանությունից ելնելով՝ չե՞ք բացառում, որ մի օր էլ նման գործընթաց սկսվի Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի նկատմամբ։

– Իհարկե չեմ բացառում, մենք տեսնում ենք, որ փորձում են պատասխանատվության ենթարկել այն դատավորին, որը, եթե չեմ սխալվում, «Իմնեմնիմի» փոդքաստի տղաների խափանման միջոցն է փոխել, այսինքն՝ նա հիմա երկու խնդիր է լուծում՝ նախկիններին դեմոնիզացնում է, նրանց ֆոբիաներով փորձում է հասարակություն կոնսոլիդացնել, մյուս կողմից՝ դատական իշխանությունում, եթե հատուկենտ ինքնուրույն մարդիկ են մնացել, փորձում է ազատվել նրանցից։

– Պարո՛ն Սուրենյանց, այն կարծիքին եք, որ դատական իշխանությունն անկախ չէ՞, ինչպես պնդում է իշխանությունը։

– Դատական իշխանության անկախության փշրանքներն են մնացել, ինքն ամբողջովին համարյա կարողացել է ծնկի բերել դատական իշխանությանը, բայց երբեմն-երբեմն շատ ակնհայտ հաշվեհարդարի պարագայում դատավորները շեղվում են, հիմա ինքը նրանց լռեցնելու հարցն է լուծում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Փաշինյանը դարձյալ ուզում է խաղարկել Քոչարյանի գործոնը, բոբո նախկինների թեման տաքացնել՝ դիվիդենտներ շահելու համար. Սուրենյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net