World News

Վաշինգտոնը կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ՝ չնայած համատեղ զորավարժությունների հետաձգմանը. Պենտագոն

Վաշինգտոնը կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ՝ չնայած «Արժանի գործընկեր 2024» համատեղ զորավարժությունների հետաձգմանը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։

«Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի զինված ուժերի հետ և ուղիներ որոնել նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունն ամրապնդելու համար: Վրաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում, և մենք կշարունակենք կենտրոնանալ դրա վրա»,- ասել է նա։

Հուլիսի 5-ին Պենտագոնը հայտարարել էր Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները հետաձգելու մասին՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով։ Թբիլիսին Վաշինգտոնին և արևմտյան մյուս գործընկերներին մեղադրել էր «Վրաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար»։

Վրաստանի հարաբերություններն իր արևմտյան գործընկերների հետ վատթարացել են 2024 թվականի գարնանը, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո: Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ ընդունվելու դեպքում օրենքը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը, միջամտել անկախ լրատվամիջոցների աշխատանքին և այլն: ԵՄ-ն զգուշացրել էր, որ Վրաստանը կարող է կորցնել եվրոպական ֆինանսավորումն ու մատակարարումները Խաղաղության եվրոպական հիմնադրամից, եթե օտարերկրյա գործակալների մասին օրենքը չեղյալ չհայտարարվի:

Հուլիսի 12-ին ԱՄՆ-ն անորոշ ժամանակով սառեցրել է Վրաստանին տրամադրվող նոր օգնությունը։ Որոշումն ընդունվել է վրացական իշխանությունների «հակաժողովրդավարական» գործողությունների ֆոնին, պարզաբանել էր Պետդեպարտամենտի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով փոխղեկավար Ուզրա Զեյան երկիր այցի ժամանակ։





Читайте на 123ru.net