World News

Քննչական կոմիտեն կստուգի՝ արդյոք Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի արդյունահանման բիզնեսը

«Հետք» ինտերնետային պարբերականը (hetq.am) հուլիսի 16-ին հանդես է եկել «Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը» վերտառությամբ հրապարակմամբ, որտեղ, փաստական տվյալները ներկայացվել են միակողմանի՝ անհարկի շահարկելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի անունը։

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:

«Ափսոսանք ենք հայտնում առ այն, որ «Հետքը», լինելով արժեքավոր և պրոֆեսիոնալ լրատվամիջոց, նախքան հրապարակումը չի դիմել ՀՀ քննչական կոմիտեին՝ ունեցած տեղեկատվությունը թարմացնելու, պարզաբանման ենթակա հարցերի պատասխաններն ստանալու համար, ինչից կարող էր ավելի շահել հրապարակումը, իսկ ընթերցողները կարող էին տեղեկատվության համակողմանիության հիման վրա կատարել ավելի ամբողջական հետևություններ։

Ելնելով վերոգրյալից և այն հանգամանքից, որ բազմաթիվ լրատվամիջոցներ, կրկին առանց ՀՀ քննչական կոմիտեից մեկնաբանություն ստանալու նախաձեռնության, իրենց հարթակներում նույնությամբ վերահրապարակել են նշված հոդվածը, ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում պարզաբանելու հետևյալը.        

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի, 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 381-րդ հոդվածի 1-ին մասի, 383-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները ինչպես «Ա…» ՍՊԸ-ի կողմից հնարավոր ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հողը փչացնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը հաշվարկելու և վերականգնելու, այնպես էլ՝ ՍՊԸ-ի կողմից ավազի հնարավոր ապօրինի արդյունահանումը, ընդերքօգտագործումը կանխելու ուղղությամբ։

Մասնավորապես, վարույթի շրջանակներում՝ դեռևս 2023թ. նոյեմբերի 21-ին, որոշում է կայացվել դատահողաշինարարատեխնիկական, դատաէկոլոգիական, դատանյութագիտական, դատաապրանքագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, որի եզրակացությունը  դեռևս չի ստացվել։

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հսկողություն իրականացնել Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղի համապատասխան հասցեում գտնվող տարածքի նկատմամբ և կանխել  նշված տարածքից ավազի ապօրինի արդյունահանումը, ինչպես նաև՝ արդյունահանման դեպք հայտնաբերելու պարագայում պահպանել դեպքի վայրը, այդ թվում՝ շահագործվող տեխնիկան, և այդ մասին հայտնել, ինչպես նաև դրան մասնակից անձանց ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ 

2024թ. փետրվարին զննվել է Ռանչպար գյուղի՝ «Ա…» ՍՊԸ-ի կողմից շահագործվող տարածքը, որի արդյունքում ֆիքսվել է ավազի արդյունահանման փաստը և օգտագործված 8 միավոր տեխնիկա, որոնք առգրավվել են և ճանաչվել իրեղեն ապացույց։

Ներկայացված տեղեկատվության պահանջին ի պատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացվել է «Ա…» ՍՊԸ-ի պարտավորությունների վերաբերյալ նախնական հաշվարկը, համաձայն որի՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 54.743.318 ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում ՍՊԸ-ի տնօրինությունը պարտավորվել է Ռանչպար գյուղի նշված հասցեում գործունեություն չծավալել։ Ընկերությանը ներկայացվել են ճշտված հաշվարկներ՝ պատճառված գույքային վնասների և պարտավորությունների վերաբերյալ, արդյունքում՝ ընկերությունն ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված նախնական հաշվարկով արձանագրված գույքային վնասը՝ 54.743.318 ՀՀ դրամը, և հաշվարկված տույժերը և տուգանքները՝ ընդհանուր շուրջ 74.000.000 ՀՀ դրամի չափով։

Նախաքննությունը շարունակվում է։

Նկատի ունենալով, որ «Հետք»-ի վերոնշյալ հրապարակման մեջ տեղ են գտել տվյալներ՝ ընկերության կողմից վարձակալված տարածքում ավազի արդյունահանման նոր տեղամաս բացվեու, նախկին և նոր բացված տեղամասերից բեռնատարներով ավազի ապօրինի արդյունահանման մասին՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված այդ հանգամանքները քրեական վարույթի շրջանակներում կդարձվեն ստուգման առարկա»։

 

Читайте на 123ru.net