World News

Չկա որևէ երաշխիք, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է վիզաների ազատականացում ստանալ. Աննա Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը – Տիկի՛ն Կարապետյան, Եվրոպական խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը։ Ի՞նչ է տալու սա Հայաստանին։ – Այս փուլում սա ընդամենը քաղաքական քայլ է, որը փորձ է արվելու օգտագործել քաղաքական փիարի տեսանկյունից, ցույց տալու, թե Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ ինչ տեմպով […]

The post Չկա որևէ երաշխիք, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է վիզաների ազատականացում ստանալ. Աննա Կարապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը

– Տիկի՛ն Կարապետյան, Եվրոպական խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը։ Ի՞նչ է տալու սա Հայաստանին։

– Այս փուլում սա ընդամենը քաղաքական քայլ է, որը փորձ է արվելու օգտագործել քաղաքական փիարի տեսանկյունից, ցույց տալու, թե Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ ինչ տեմպով են զարգանում, և որ Հայաստանի համար ամենակարևոր հարցում կա որոշակի առաջընթաց։ 

Սակայն բոլորը շատ լավ հասկանում են, որ սա ամենևին չի նշանակում վիզաների ազատականացում մոտ ապագայում ու նույնիսկ չի նշանակում երաշխավորված ազատականացում։

Այսինքն՝ սա ընդամենը Եվրոպական խորհրդի որոշում է, որը դեռևս պետք է ԵՄ անդամ բոլոր երկրների հավանությանն արժանանա, իսկ մենք շատ լավ գիտենք, որ կան ԵՄ անդամ երկրներ, որոնք Հայաստանի հետ կապված ունեն միգրացիոն լուրջ մտավախություններ, քանի որ Հայաստանից անօրինական միգրացիայի հոսքերը բավական մեծ են այս երկրներ, հետևաբար միանշանակ չէ, որ այս երկրները կտան իրենց համաձայնությունը՝ երկխոսությունը սկսելու: 

Եթե նույնիսկ այսօրվա աշխարհաքաղաքական ընդհանուր կոնտեքստից ու քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ այդ համաձայնությունը տրվի, սա ընդամենը նշանակելու է բանակցությունների մեկնարկ:

Դա իրենից ենթադրում է, որ Հայաստանը պետք է ստանա տնային հանձնարարություններ՝ մի շարք բարեփոխումներ իրականացնելու, չափորոշիչները Եվրոպայի ակնկալիքներին ու պահանջներին համապատասխանեցնելու, որից հետո միայն Հայաստանին կտրվի վիզաների ազատականացում։ 

Նույնիսկ այս դեպքում, ինչպես ցույց տվեց մեր հարևան Վրաստանի օրինակը, այդ վիզաների ազատականացումը միանշանակ չէ, որ լինելու է լիարժեք, որովհետև կոնկրետ Վրաստանի պարագայում այն գործում է որոշակի սահմանափակումներով ու իրավիճակի նպատակահարմարությունից ելնելով՝ Եվրոպան պարզապես փոխում է պայմանները, կիրառում է որոշակի պատժամիջոցներ և այլն։ 

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ այս փուլում սա առաջընթաց է այս գործընթացում, բայց ընդհանուր առմամբ սա դեռևս ոչինչ չի երաշխավորում, ու ժամկետի առումով էլ չկա որևէ երաշխիք, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է ազատականացում ստանալ։ 

– Այսինքն՝ գործնականում արդյունքը զգալու համար դեռ շա՞տ ժամանակ է պահանջվելու։

– Այո՛, դա դեռ տարիների հարց է, որովհետև այսօր Եվրոպան մի կողմից խնդիր ունի ցույց տալու ինչ-որ դրական դինամիկա ու իր աջակցությունը Հայաստանի իշխանություններին, որպեսզի Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքական վեկտորի փոփոխությունը հանրության աչքում արդարացված լինի, բայց մյուս կողմից՝ նույն վիզաների ազատականացման խնդիրը Եվրոպայի համար ցավոտ ու խնդրահարույց է, որովհետև միգրացիոն հոսքերը շարունակում են լինել Եվրոպայի համար ամենաբարդ խնդիրներից, ուստի այս հարցում Եվրոպան շատ դժվար է գնալու նոր երկրների համար վիզաների ազատականացման։ 

Առավել ևս, որ նույն Եվրոպայում շատ լավ հասկանում են, որ Հայաստանում, անկախ արվող բազմաթիվ քաղաքական հայտարարություններից, ամեն դեպքում հանրության շրջանում դժգոհությունը մեծ է, պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում արտագաղթի տրամադրությունները բարձր են, հետևաբար Հայաստանում բավական մեծ է արտագաղթելու տրամադրվածությունը, իսկ սա Եվրոպայում դիտարկելու են իրենց համար խնդիր։ 

– Տիկի՛ն Կարապետյան, տնային հանձնարարությունների մասին ասացիք, կմանրամասնե՞ք, թե ինչ հանձնարարություններ կարող են տրվել Հայաստանին վիզաների ազատականացման դիմաց։

– Հստակ ասել չենք կարող, բայց, ամեն դեպքում, դրանք վերաբերելու են օրենսդրական փոփոխությունների, որպեսզի Եվրոպան իր համար հնարավորինս երաշխիքներ ապահովի, որ անօրինական միգրացիա չի լինելու կամ լինելու պարագայում էլ Հայաստանը հետ կընդունի իր միգրանտներին և այլն։ 

Բացի դա, կարող է լինել, օրինակ՝ ժողովրդավարությանը, քաղաքական ազատությանը, մարդու իրավունքներին, կյանքի որակին  վերաբերող մի շարք հարցերում չափորոշիչներին վերաբերող։ Այսինքն՝ խնդիրն այստեղ այն է, որ Եվրոպան, այս հանձնարարականները տալով, նպատակ է հետապնդում, որ այդ վիզաների ազատականացումը չնշանակի խոշոր ու արագ միգրացիոն հոսքեր դեպի Եվրոպա։ Հետևաբար, այդ չափորոշիչները պետք է առաջին հերթին ուղղված լինեն Հայաստանից միգրացիոն ռիսկերի հնարավորինս նվազեցմանը ու դրանց կառավարմանը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Չկա որևէ երաշխիք, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է վիզաների ազատականացում ստանալ. Աննա Կարապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net