Էրդողանը զանգահարել է Թրամփին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է trtrussian.com-ը։
«Նախագահ Էրդողանը ևս մեկ անգամ դատապարտել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը՝ շուտափույթ ապաքինումը մաղթելով», - ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:
Էրդողանը մահափորձը որակել է որպես «հարձակում ժողովրդավարության վրա» և նշել, որ «ստոր հարձակումից հետո Թրամփի խիզախ պահվածքն ամրապնդել է ժողովրդավարությունը և վկայում է նրա հանդեպ ամերիկացի ժողովրդի վստահության մասին»։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ Թրամփն ուժեղ առաջնորդություն է դրսևորել բևեռացումը և լարվածությունը նվազեցնելու համար, և շնորհավորել է նրան որպես ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածուի պաշտոնապես առաջադրվելու կապակցությամբ», - ասվում է հաղորդագրությունում:
Էրդողանը հույս է հայտնել, որ նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունները օգուտ կբերեն ամերիկացի ժողովրդին և Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին։