World News

Իրանը կկրկնապատկի Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը. դեսպան

Իրանը կկարողանա կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը. այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին խոսել է SNN գործակալությանը տված հարցազրույցում:

«Մեր հաջողություններից էր երկու երկրի միջև գազի և էլեկտրաէներգիայի քլիրինգային համաձայնագրի երկարաձգումը մինչև 2030 թվականը։ Ամեն տարի Հայաստան ենք արտահանում 360 մլն խմ գազ, դրա դիմաց ներմուծում ենք էլեկտրաէներգիա։ Մեզ հաջողվեց գրեթե վերջնական փուլ հասցնել նաև Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, և մենք կկարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը», - նշել է դեսպանը:

Նա հավելել է, որ առևտրի ոլորտում իրանական կողմին հաջողվել է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը 200 մլն դոլարից հասցնել 711 մլն դոլարի։

Սոբհանին ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի՝ ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերություններն իրենց գագաթնակետին են հասել երկու երկրի միջև ամենամեծ պայմանագրի ստորագրմամբ։ 

«Անցյալ տարի մենք կարողացանք Հայաստանի կառավարության հետ կնքել ամենամեծ պայմանագիրը ՀՀ անկախացումից ի վեր։ Այս պայմանագրով նախատեսվում է Հայաստանի հարավային մասում՝  Հյուսիս-Հարավ միջանցքի երթուղու վրա գտնվող Ագարակ-Գայրան ճանապարհի կառուցումը։ 212 միլիոն դոլար արժողությամբ այս ծրագիրը մեծապես նպաստում է Իրանի Իսլամական Հանրապետության տեխնիկական և ինժեներական ծառայությունների Հայաստան արտահանմանը։ Այս ճանապարհն ուղևորության տևողությունը մեկ ժամ 20 րոպեից կրճատում է 20 րոպեի, իսկ ճանապարհի լայնությունը 6 մետրից հասնում է 17 մետրի, ինչը շատ օգտակար է անվտանգության և արագության տեսանկյունից։ Հայաստանի տարբեր վայրերում 36 միլիոն դոլար արժողությամբ այլ ավելի փոքր ծրագրեր ունենք», - ասել է դեսպանը:





Читайте на 123ru.net