World News

Գլոբալ խափանման պատճառ դարձած Crowdstrike ընկերության արժեթղթերի գինն իջել է 16%-ով

Ամբողջ աշխարհում Windows օպերացիոն համակարգով աշխատող սարքերի տեխնիկական խափանման պատճառ դարձած Crowdstrike-ի արժեթղթերի գինն իջել է 16%-ով, մինչդեռ Microsoft-ինը՝ 1,99%-ով, հայտնում է businesstimes.com-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բոլոր Windows համակարգիչները, որոնց վրա տեղադրված է CrowdStrike ծրագիրը, չեն աշխատում։ Երևում են միայն կապույտ էկրաններ: Սարքերը և սերվերները, որոնց վրա այն տեղադրված է, «անջատվում են ցանցից և անցնում անվերջ վերագործարկման փուլ»:

CrowdStrike-ի գործադիր տնօրեն Ջորջ Կուրցն ասել է, որ ամբողջ աշխարհում Windows-ի գլոբալ խափանում առաջացրած խնդիրը «բացահայտվել է և ուղղվել»:

Նրա խոսքով՝ ընկերությունը «ակտիվորեն աշխատում է» անջատումից տուժած հաճախորդների հետ: Կուրցը նշել է, որ խափանումը կապված չէ «անվտանգության միջադեպի» կամ կիբերհարձակման հետ:

Հուլիսի 19-ին ավիաընկերությունները, բանկերը և այլ ծառայություններ ամբողջ աշխարհում սկսել են հայտնել Windows սարքերի խափանման պատճառով գործառնական խնդիրների մասին: Օդանավակայաններում թռիչքները դադարեցվել են, իսկ ուղևորներին նախազգուշացվել է ստուգման ժամանակ առաջացած խնդիրների մասին: BBC-ի փոխանցմամբ՝ անսարքության պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 1000 չվերթ։ Խափանումը ազդել է նաև բանկերի, հիվանդանոցների և փոստային ծառայությունների աշխատանքի վրա:

Խափանման պատճառը կիբերանվտանգության ծառայություններ մատուցող ամերիկյան CrowdStrike ընկերության թարմացումն էր։ Ըստ CNN-ի՝ հայտնաբերված խնդիրը բնորոշ է ընկերության հիմնական ծրագրային արտադրանքներից մեկին՝ CrowdStrike Falcon-ին։ Խափանումից հետո ընկերության արժեթղթերը կտրուկ անկում են գրանցել:  CrowdStrike-ը կորցրել է 13 միլիարդ դոլար:



Читайте на 123ru.net