World News

Թրամփն ու Զելենսկին զրուցել են․ ԱՄՆ նախագահի թեկնածուն խոստացել է ընտրվելու դեպքում համաշխարհային խաղաղություն բերել

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հուլիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Truth Social սոցցանցի իր էջում հայտնել է Թրամփը։

Թրամփի խոսքով՝ ինքն ու Զելենսկին շատ լավ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Ուկրաինայի նախագահը շնորհավորել է իրեն Միլուոկիում Հանրապետական կուսակցության ազգային համագումարի հաջող անցկացման կապակցությամբ և դատապարտել իր դեմ իրականացված մահափորձը։

«Որպես Միացյալ Նահանգների ձեր հաջորդ նախագահ՝ ես կբերեմ համաշխարհային խաղաղություն և վերջ կտամ պատերազմին, որը խլել է այդքան շատ կյանքեր և ավերել անթիվ անմեղ ընտանիքներ: Կողմերն էլ կարող են հավաքվել և բանակցել համաձայնագրի շուրջ, որը վերջ կդնի բռնությանը և ճանապարհ կհարթի դեպի բարգավաճում»,-ասել է Թրամփը։

Զելենսկին, իր հերթին, X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Թրամփի հետ պայմանավորվել է առաջիկայում հանդիպել՝ խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլերի քննարկման համար։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է արագ լուծել ուկրաինական հակամարտությունը, եթե հաղթի 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Հունիսի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախընտրական բանավեճում Թրամփը խոստացել էր, որ վերընտրվելու դեպքում կկարողանա վերջ դնել հակամարտությունը նախքան իր պաշտոնը ստանձնելը 2025 թվականի հունվարի 20-ին։

Читайте на 123ru.net