Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկությունը․ ՀՀ վարչապետի աշխատակազմ
Վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վերսկսել են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ՀՀ Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկատվությունը: Չնայած դրան, ադրբեջանական աղբյուրները շարունակում են նմանատիպ հրապարակումները՝ համեմելով աշխարհաքաղաքական բնույթի շեշտադրումներով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը:
Վերահաստատում ենք ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ արդեն իսկ ձեռքբերված հրապարակային պայմանավորվածությունների շրջանակներում», - ասված է հաղորդագրության մեջ: