World News

Ծառերը վնասելը ենթադրում է քրեական պատասխանատվություն․ Ավինյանը՝ Մաշտոցի պողոտայի միջադեպի մասին

Ծառերը վնասելն ամենավատ հանցագործությունն է, մարդիկ պետք է իրազեկված լինեն, որ դա ենթադրում է քրեական պատասխանատվություն:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, դիմելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Մաշտոցի պողոտայում օրերս տեղի ունեցած միջադեպին։

«Տեսանյութ էր հրապարակվել, որ ինչ-որ անձնավորություն անհասկանալի նյութ է լցնում ծառերի տակ։ Կարծում եմ՝ մարդիկ պետք է իրազեկված լինեն, որ դա ենթադրում է քրեական պատասխանատվությունը։ Եթե խոսքն այն ծառատեսակներին վնաս տալու մասին է, որոնք Մաշտոցի պողոտան են գեղեցկացնում, ամենավատ հանցագործություններից մեկն է, որ կարող է մարդու մտքով անցնել։ Հետևապես, բոլոր երևանցիներին կոչ ենք անում՝ նմանատիպ դեպքերի արձանագրման դեպքում դիմել մեզ, դիմել ոստիկանություն, որովհետև դա ուղղակի անթույլատրելի է, և պատժվում է օրենքով»,- ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ քաղաքապետարանից հայտնել էին, որ Երևանի կենտրոնում անհայտ անձը հեղուկանման զանգված է լցրել սոսի տեսակի ծառերի տակ։  Հաշվի առնելով, որ սոսիները ներառված են Հայաստանի «Կարմիր գրքում»՝ ծառերի վնասման համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական պատասխանատվություն: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահ մարմիններին:

Читайте на 123ru.net