Պապիկյանը ԵՄ-ին շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Եվրոպական միությանը և անդամ երկրներին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար:
Այս մասին Պապիկյանը գրել է X սոցիալական ցանցում:
«Համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները:
Վստահ եմ՝ սա նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամ հանդիսացող գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության սերտացմանը»,- գրել է նա: