World News

Արաբկիրի թաղապետարանի հետ կապված քրեական գործերով քաղաքական թիրախ չկա. Տիգրան Ավինյան

Որպես քաղաքապետ իմ ակտիվությունը պարտադիր է, մենք ունենք նախընտրական ծրագիր, որով գնացել ենք ընտրությունների և մենք, այդ նախընտրական ծրագրից ելնելով, քայլեր ենք իրականացնում:

Հրավիրված ասուլիսին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իր ակտիվությունից տպավորություն է, թե քաղաքական ընտրապայքարի է պատրաստվում:

Ավինյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի աշխատակիցների, մասնավորապես Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կալանավորմանը կոռուպցիայի համար, նշել է, որ չի սիրում գնահատականներ տալ ընթացիկ գործերին։

«Վստահաբար, ժամանակը ցույց կտա՝ ճիշտ է, թե սխալ: Կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից առաջին պատասխանատվությունը կառույցի ղեկավարինն է, և մեզ մոտ կադրային փոփոխություններ տեղի են ունեցել որոշ դեպքերում հենց այդ նկատառումներից ելնելով»,- ասաց նա։

Ըստ նրա՝ իրավապահների պատասխանատվությունն էլ պետք է լինի փաստով արձանագրված դեպքերի մասին: 

«Ես հուսով եմ՝ իրավապահ համակարգը նույնպես պատասխանատվության չափը գիտակցում է։ Այսինքն՝ ամեն անգամ, երբ այս կամ այն մարդուն մեղադրանք է առաջադրվում, հետո որոշակի հարցեր ու խնդիրներ են առաջադրվում, դա էլ է խնդիր»,- ասաց նա:

Քաղաքապետը հույս է հայտնել, որ իրավապահ համակարգն ինչ-որ մի փուլում կդառնա այն ինստիտուտը, որ կոռուպցիայի տեսանկյունից վերջին օղակը կփակի։

«Ոչ մի դեպքում այս գործերով քաղաքական թիրախ չկա ու չի կարող լինել։ Ես ձեզ վստահեցնում եմ դա»,- ասել է նա։

 

Читайте на 123ru.net