World News

Ժամանակները փոխվել են, մեր կյանքը փոխվել է, չեմ կարծում՝ ինտրիգ կա. Ավանեսյանը՝ «Զարյա 3»-ի կիրառումը թույլատրելի դարձնելու մասին

Հրամաններն ընդունելու որոշակի ընթացակարգ կա՝ պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, որոշակի փոփոխություններ ենք իրականացրել:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է որոշում փոխել և «Զարյա 3» հատուկ միջոցը թույլատրել օգտագործել ցուցարարների դեմ:

Դիտարկմանը՝ հունիսի 12-ի դեպքերից հետո է կատարել այդ փոփոխությունը, փաստորեն, սրբագրելով չթույլատրված հատուկ միջոցի կիրառումը, Ավանեսյանն արձագանքեց. «Որևէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե որ ամսաթվին և երբ են արվում փոփոխությունները: Օրենքով սահմանված կարգով, պահպանելով ընթացակարգերը, որևէ հետին թիվ, չիգտեմ ինչ չկա, ընդունվել է որոշում փոփոխության մասին, չեմ կարծում թե այստեղ որևէ ինտրիգ կա: Որոշումն էլ բաց հրապարակված է»:

Հարցին՝ «Զարյա 3»-ը զինված հանցագործներին վնասազերծելու համար է, ոչ թե ցուցարարների, որոշման հիմքն ինչո՞ւմ է կայանում, Ավանեսյանն ասաց. «Մենք ունենք համապատասխան մասնագիտական կառույցներ, որոնք տալիս են եզրակացություն և համապատասխան այդ եզրակացությունների՝ որոշակի փոփոխություններ են իրականացվում մեր իրավական ակտերում»:

Նա նշեց, որ ինքը չի գնահատողը, թե ինչ վնաս կարող է հասցնել այդ հատուկ միջոցը մարդկանց առողջությանը, և ասաց՝ կա մասնագիտական կառույց:

«Մասնագիտական խումբը որոշում է կայացրել, որ այն ինչ-որ ընդգրկված է որոշման մեջ համապատասխանում է ստանդարտներին»:

Ճշտող հարցին՝ ինչո՞ւ այս փուլում որոշվեց այն թույլատրելի դարնձել, նախարարն ասաց. «Չեմ կարծում՝ հատուկ հիմնավորում պետք է նշեմ: Ինչպես նշեցի՝ կառավարության որոշումները, նախարարի հրամանները և մեր կարգավորումները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, որովհետև մեր կյանքն էլ է փոփոխվում: Կյանքը փոփոխվում է, առաջանում է որոշակի անհրաժեշտություններ մեր իրավական ակտերը փոփոխելու, կապն այդքանն է»:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառվեցին ցուցարարների դեմ, մինչ օրս ո՛չ ՆԳ նախարարությունը, ո՛չ քննչական կոմիտեն տեղեկատվություն չի տալիս, արդյոք կիրառվել է «Զարյա 3» արգելված լուսաձայնային նռնակը:

Փոխարենն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 12-ի դեպքերից հետո հունիսի 26-ին նոր որոշում է ընդունել՝ կարգավորելով մինչ այս արգելված «Զայրա 3» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառման կանոնները հավաքների ժամանակ՝ այդպիսով թույլատրելի դարձնելով այն:

Իր հերթին հուլիսի 12-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն է փոփոխություններ կատարել այս տարի մայիսի 16-ին ընդունված ՀՀ ՆԳՆ-ի կողմից գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին ՆԳ նախարարի թիվ 48-Լ հրամանի մեջ ու ՀՀ ՆԳՆ-ում հատուկ միջոցների առկայության, դրանց տեսակի ու քանակի մասին տեղեկությունը դարձրել գաղտնի:

 

Читайте на 123ru.net