World News

Շնորհակալ եմ ձեր բերած տեսանյութի համար, այն ապացուցում է՝ ապօրինի գործողություն չենք արել, ոստիկաններն են արել. Լևոն Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը, որի ժամանակ հետազոտվել են նախաքննական մարմնի ներկայացրած ապացույցները, մասնավորապես տեսագրությունները։

Նիստի ժամանակ Լևոն Քոչարյանը նշել է, որ կա տեսագրություն, որը ներկայացրել է մեղադրող կողմը և ասում է՝ այս տեսանյութով ապացուցվում է իրենց մեղադրանքը:

«Ասում են՝ օրինական պահանջ են ներկայարցել, մենք հետ ենք դարձել, մխրճվել ենք ոստիկանների մեջ ու հարվածներ ենք հասցրել ոստիկաններին: Սրանցից ո՞րն է այս տեսանյութով ապացուցվում: Շնորհակալություն եմ հայտնում այս տեսանյութի համար, որովհետև դրանով հակառակն է  ապացուցվում»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ կա ցուցմունք ոստիկանի կողմից, թե ոստիկանը բարձրախոսով այդ մեքենայից օրինական պահանջ է հնչեցրել:

«Մենք առաջին օրից ասում ենք՝ չի եղել նման բան, դրա օբյեկտիվ ապացույցը հենց այս տեսանյութն է: Տեսանյութում տեսնում ենք՝ ոստիկանների շատ անհասկանալի պահվածքը: Իրենք եկել էին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը բացելու, բայց քաղաքացիներն իրենք են ազատում ու շարժվում՝ դեպի Սարյան փողոց, ինչից հետո ոստիկանները սկսում են անիմաստ մարդկանց բերման ենթարկել»,- նկատեց նա:

«էդ ի՞նչ բառ է օգտագործվում, գնում, կանգնում ենք, ի՞նչ մխրճվել: Վերջիվերջո տեսանյութ կա չէ՞, բոլորս տեսնում ենք, անհարմար վիճակում եք հայտնվում: Տեսանյութն ապացուցում է, որ մենք չենք հարվածել ոստիկաններին, ոչ մի ապօրինի գործողություններ չենք արել, իսկ ոստիկաններն արել են ու ոչ մի օրինական պահանջ էլ չի հնչել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 22-ին ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաներին մասնակցող Լևոն Քոչարյանին։ Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը Քոչարյանը ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Ապա Լևոն Քոչարյանը կալանավորվել է և ազատ արձակվել կալանքից՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո։

Ըստ նախաքննական մարմնի՝ Լևոն Քոչարյանը ներկայացված տեսանյութերում խոչընդոտել է ոստիկանների օրինական գործողություններին, այն է՝ քաղաքացիների բերման ենթարկելուն:

Читайте на 123ru.net