World News

Խաղաղության մասին խոսում է ու հույսեր ունի միայն հայկական կողմը, դա Փաշինյանի՝ իրականության անադեկվատ ընկալումն է. Հրաչյա Արզումանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը  – Պարո՛ն Արզումանյան, ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար և կստեղծի նրանց համար ամենահարմար պայմանները, ադրբեջանական կողմն ասել է, թե իրենք մշտապես պատրաստ են եղել և՛ […]

The post Խաղաղության մասին խոսում է ու հույսեր ունի միայն հայկական կողմը, դա Փաշինյանի՝ իրականության անադեկվատ ընկալումն է. Հրաչյա Արզումանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը 

– Պարո՛ն Արզումանյան, ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար և կստեղծի նրանց համար ամենահարմար պայմանները, ադրբեջանական կողմն ասել է, թե իրենք մշտապես պատրաստ են եղել և՛ ռուսական, և՛ այլ հարթակներում քննարկումների, հայկական կողմը սակայն չի արձագանքել, ինչո՞ւ։

– Վերջին շրջանում հստակ երևացել ու երևում է, որ խաղաղության գործընթացները Հարավային Կովկասում գտնվում են ԱՄՆ-ի հովանու ներքո, այդ հարթակում են ընթանում, Ռուսաստանը «լռել» է, ու գործընթացները գնում են արևմտյան հարթակներում։ Իսկ հիմա Ռուսաստանը նորից ուզում է հայտարարել, թե ինքն է մնում Հարավային Կովկասում որոշողը, թե հին ձևաչափերն աշխատում են: Ադրբեջանը, բնական է, կանգնեց Ռուսաստանի կողքին, որովհետև 2020-ից սկսած ռուս-թուրքական դաշինքն է Ադրբեջանի ռազմական դաշնակիցը, իրենք ուզում են «3+3» հարթակի լուծումները։ Հետևաբար բնական է Ադրբեջանի արձագանքը, իսկ Հայաստանը պետք էլ չէ որ պատասխանի կամ արձագանքի, պետք է վերջ տալ, փորձել լուծումներ գտնել եվրասիական հարթակներում։ Այդ երկկողմանի խաղաղությունը, որը Նիկոլ Փաշինյանն է խաղում, դառնում է խիստ վտանգավոր այս փոփոխվող անվտանգային միջավայրում։ 

– Հնարավո՞ր է գա մի պահ, Ադրբեջանը հրաժարվի արևմտյան հարթակներում բանակցելուց ու միայն ռուսականը նախընտրի։

– Չեմ կարծում, Իլհամ Ալիևի կլանը շատ կախված է Արևմուտքից, Ռուսաստանն էլ չի համարձակվում լրիվ կտրվել Արևմուտքից, Ադրբեջանը ո՞նց կարող է դրան գնալ։ Չեն համարձակվի, դա շանտաժի մեթոդ է Հայաստանի դեմ ուժային մեթոդներով գործելու, որին պետք է հանգիստ վերաբերվել ու շարունակել աշխատանքը։ Ռուսական կողմի հայտարարություններին հայկական դիվանագիտությունը չպետք է արձագանքի, իմ կարծիքով՝ պետք չէ Ռուսաստանին պատասխանել, Զախարովային ուշադրություն դարձնել, իմաստ չկա։ 

– Իսկ ձեր գնահատմամբ՝ հիմա Արևմուտքը կկարողանա՞ ինչ-որ արդյունքի հասնել խաղաղության այս գործընթացում։

– Արևմուտքում անցումային շրջան է, իհարկե Ֆրանսիայում ամեն ինչ նորմալ վերջացավ, Մակրոնը վերահսկողությունը պահեց, բայց ԱՄՆ-ում նախընտրական գործընթացներ են, այնտեղ լրիվ ուրիշ գործընթացներ են, ու մեր խնդիրները նրանց շատ չեն հետաքրքրում։

Իմաստ չկա խոսել այն մասին, թե Ադրբեջանին կամ Ռուսաստանին խաղաղություն է պետք, խաղաղության որևէ պայմանագիր նշանակում է Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից, իսկ Ռուսաստանը դա չի թողնելու։ Ադրբեջանին էլ դա պետք չէ, որովհետև նա ուզում է շարունակել ուժային դիվանագիտությունը՝ ագրեսիայով վերցնել ամեն ինչ։ 

2020 թվականից իր մոտ շատ արդյունավետ է ստացվում դա՝ ուժի միջոցով հասնել քաղաքական ու դիվանագիտական հաղթանակների: Վերջին նման դեպքը Տավուշի ռազմավարական բարձունքներն էին, որոնք Ադրբեջանը վերցրեց առանց որևէ ռազմական գործողության։ Խաղաղության մասին խոսում է ու հույսեր ունի միայն հայկական կողմը, դա Նիկոլ Փաշինյանի՝ իրականության անադեկվատ ընկալումն է։ 

– Պարո՛ն Արզումանյան, նկատի ունեք, որ անգամ ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո՞ էլ չի կնքվելու այդ պայմանագիրը։

– Արևմուտքին դա պետք է, որովհետև դա կնշանակի, որ ԱՄՆ-ն հստակ մտնում է տարածաշրջան, ու Ռուսաստանը դուրս է մղվում այստեղից։ Ռուսաստանի ներկայությունն այստեղ կախված է անկայունությունից, երբ պատերազմներն ու ճգնաժամերը վերջանան, Ռուսաստանը դուրս կմղվի այստեղից, ինչը պետք է Արևմուտքին։ Բայց հայկական կողմին դա պետք չէ, պետք չէ մտնել նման խաղերի մեջ, պետք չէ ստորագրել, քանի դեռ մենք թույլ ենք։ Մինչև չհզորանանք, չվերականգնվենք, պետք չէ ստորագրել որևէ պայմանագիր, այլապես ստորագրված պայմանագիրը որևէ կշիռ, որևէ երաշխիք չի ունենալու հայկական կողմի համար։ Ադրբեջանն ու Ռուսաստանը երբեք չեն պահում իրենց ստանձնած պարտավորությունները։ 

– Հիմա կարո՞ղ ենք արձանագրել, որ ռուսական կողմն ընթացող բանակցությունների վրա ազդեցություն չունի։

– Ինչպես չունի, նա ունի ազդեցություն Ադրբեջանի վրա, բայց կորցրել է վերահսկողությունը գործընթացի վրա, որովհետև այն տեղափոխվեց արևմտյան հարթակ, հիմա էլ փորձում է տանել իր հարթակ, ինչին Ադրբեջանը կողմ է։ 

Հայաստանի վրա ևս ազդեցություն ունի, որովհետև տնտեսապես ամբողջովին կախված է նրանից, ու հիմնականը կախվածության ու ճնշման տակ է Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական գործիչ, նրա կախվածությունը Պուտինից անընդունելի մեծ է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Խաղաղության մասին խոսում է ու հույսեր ունի միայն հայկական կողմը, դա Փաշինյանի՝ իրականության անադեկվատ ընկալումն է. Հրաչյա Արզումանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net