World News

Պատերազմի հետքը. հետպատերազմական սթրեսներով պայմանավորված սեռական բնույթի խնդիրներն ավելացել են շուրջ 40 տոկոսով. Ղարիբյան

Պատերազմական գործողությունների մասնակիցների շրջանում ֆիզիկական վնասվածքների և հետպատերազմական սթրեսների հետևանքով առաջացած սեռական բնույթի խնդիրները դեռևս տաբու են մնում լայն հասարակության համար: Ռազմական գործողությունները, երկարատև ​​սթրեսը և ֆիզիկական վնասվածքները խաթարում են պատերազմի մասնակիցների ֆիզիկական և հոգեկան առողջությունը, այդ թվում՝ խնդիրներ առաջացնելով սեռական կյանքում: Թեմայի տաբուավորված լինելու պատճառով շատերը միայնակ են մնացել այս խնդրի հետ: Միևնույն ժամանակ, […]

The post Պատերազմի հետքը. հետպատերազմական սթրեսներով պայմանավորված սեռական բնույթի խնդիրներն ավելացել են շուրջ 40 տոկոսով. Ղարիբյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Պատերազմական գործողությունների մասնակիցների շրջանում ֆիզիկական վնասվածքների և հետպատերազմական սթրեսների հետևանքով առաջացած սեռական բնույթի խնդիրները դեռևս տաբու են մնում լայն հասարակության համար: Ռազմական գործողությունները, երկարատև ​​սթրեսը և ֆիզիկական վնասվածքները խաթարում են պատերազմի մասնակիցների ֆիզիկական և հոգեկան առողջությունը, այդ թվում՝ խնդիրներ առաջացնելով սեռական կյանքում: Թեմայի տաբուավորված լինելու պատճառով շատերը միայնակ են մնացել այս խնդրի հետ: Միևնույն ժամանակ, դրանց չլուծված լինելը, ըստ մասնագետների, կարող է հանգեցնել դժվարությունների միջանձնային հարաբերություններում, հոգեկան խանգարումների և այլ բարդ խնդիրների:

Թեմայի վերաբերյալ «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բժիշկ-սեքսոլոգ Անդրանիկ Ղարիբյանը:

– Որպես կանոն՝ երբ մենք խոսում ենք պատերազմական տրավմաների մասին, նկատի ենք ունենում ֆիզիկական խնդիրները, որոնք ձեռք են բերում պատերազմի մասնակիցները կամ դրա անուղղակի հետևանքները կրողները: Միևնույն ժամանակ, հետազոտությունները ցույց են տալիս, որ պատերազմի ամենատարածված հետևանքներից են նաև սեռական բնույթի խանգարումները:

– Այո, շատ կարևոր է խոսել պատերազմական շրջանում ի հայտ եկող հոգեկան ոլորտի խնդիրների մասին, որոնք իրենց հերթին հանգեցնում են սեռական բնույթի խանգարումների: Վերջին տարիներին՝ հետպատերազմական շրջանում, Հայաստանում շեշտակիորեն աճել են սեռական բնույթի խնդիրները՝ ոչ միայն պատերազմի անմիջական մասնակիցների, այլև բռնի տեղահանվածների շրջանում, մարդկանց, որոնք լրջագույն սթրեսների են ենթարկվել պատերազմական իրավիճակներում: Կարելի է ասել՝ մարդկանց ճնշող մեծամասնության: 

– Ինչպե՞ս են դրանք հիմնականում արտահայտվում:

– Մենք տեսնում ենք հոգեբանական, հոգեծին գործոններով պայմանավորված սեռական խնդիրների կտրուկ աճ: Այդ գործոններից ամենատարածվածը տագնապային խանգարումներն են: Չնայած այն հանգամանքին, որ, ցավոք, մեր երկրում դեռևս չկա որևէ հետազոտություն կամ վիճակագրություն, որն առավել տեսանելի կդարձներ պատկերը, բայց իմ անձնական փորձը ցույց է տալիս, որ հատկապես տղամարդկանց շրջանում նկատվում են սեռական ցանկության կտրուկ նվազում, էրեկցիայի վատացում, վաղաժամ սերմնաժայթքում: 

Պետք է նշել, որ երիտասարդների շրջանում սեռական բնույթի խանգարումների դեպքում մշտապես գերակշռել են հոգեծին խնդիրները: Նախկինում ընդունված էր համարել, որ այս սեռական խանգարումների հիմնական պատճառը սեռավարակներն էին, սակայն սեքսոլոգիան արդեն վաղուց հերքել է այս թեզը և եկել եզրակացության, որ նման խնդիրների ճնշող մեծամասնությունը հոգեծին է: Ի դեպ, Հայաստանում երիտասարդ տղամարդկանց շրջանում սա միշտ եղել է տարածված խնդիր, սակայն հետպատերազմական շրջանում այն շատ ավելի ակնհայտ է դարձել:

– Դուք ասացիք, որ այս խնդրի հետ կապված վիճակագրություն Հայաստանում չկա: Իսկ ի՞նչ են փաստում ձեր անձնական դիտարկումները: Ավելացե՞լ են արդյոք դիմելիության ցուցանիշները՝ հատկապես ամուսնական զույգերի դեպքում:

– Անկեղծ ասած, մինչև 2020 թվականի պատերազմը իմ պրակտիկայում չեն հանդիպել ամուսնական զույգեր, որոնք դիմեին սեռական բնույթի նման խանգարումներով: Հիմա բավականին հաճախ են դիմում զույգեր, որոնք ունեն սեռական բնույթի խնդիրներ՝ պայմանավորված պատերազմական իրավիճակով: Մյուս դեպքերում դիմելիության կտրուկ աճ չկա, բայց հետպատերազմական շրջանում խնդիրների բնույթն է փոխվել: Իմ դիտարկմամբ՝ նման դեպքերն ավելացել են 35-40 %-ով: Հատկապես շատ են տագնապային խանգարումներով պայմանավորված վաղաժամ սերմնաժայթքման խնդրով դիմողները, երբ տղամարդը չի կարողանում սեռական ակտը ձգել անգամ 20 վայրկյան, սակայն նրա բոլոր հետազոտությունները նորմայի մեջ են: 

Միակ հուսադրող բանն այս ամենի մեջ այն է, որ հատկապես երիտասարդների շրջանում բավականին կոտրվել է այն կարծրատիպը, որ սեքսոլոգին դիմելն ամոթ է, և նրանք ավելի պատրաստակամ են մասնագետի օգնությամբ իրենց խնդիրները լուծելու, քանի որ հասկանում են ներդաշնակ սեռական կյանքի կարևորությունը: Խոսքը, հատկապես, մինչև 30 տարեկան բուժառուների մասին է:

– Խոսելով սեռական բնույթի խանգարումների մասին, կարծում եմ, կարևոր է առանձնացնել նաև պատերազմի հետևանքով ֆիզիկական հաշմանդամություն ձեռք բերած անձանց առջև ծառացող խնդիրները: Արդյոք հոգեծին և ֆիզիկական բնույթի խնդիրները տարբե՞ր են լինում:

– Ֆիզիկական հաշմանդամություն ձեռք բերած անձանց դեպքում մենք միշտ պետք է հիշենք, որ խնդիրը չի սահմանափակվում միայն ֆիզիկական կարողությունների նվազմամբ: Որպես կանոն՝ հաշմանդամության ձեռք բերումը, հատկապես նման պայմաններում, զուգորդվում է նաև հոգեբանական լրջագույն խնդիրներով, սթրեսներով, ինչպես նաև մի շարք միջավայրային խոչընդոտներով. Գաղտնիք չէ, որ հաճախ հաշմանդամություն ձեռք բերած անձինք ունենում են ֆինանսական խնդիրներ, մատչելիության խնդիր: 

Մարդը, որը հենաշարժական խնդիր է ձեռք բերել, հնարավոր է, չկարողանա գումար հատկացնել բժիշկ-սեքսոլոգի խորհրդատվության կամ բուժման համար, իսկ տեղամասային պոլիկլինիկաներում նման մասնագետներ ուղղակի չկան: 

Այս ծառայությունները ներառված չեն նաև պետպատվերի շրջանակում, ինչպես նաև՝ ապահովագրական ծառայություններում: Սեքսոլոգիական խնդիրները անգամ ապահովագրողների կողմից դիտարկվում են որպես ճոխություն և ոչ անհրաժեշտություն: 

Երբ ես տեղեկանում եմ, որ բուժառուի խնդիրը կապված է հետպատերազմական իրավիճակի հետ, ես այդ մարդու հետ աշխատում եմ անվճար, սակայն դա իմ անձնական մոտեցումն է, որը չի խոչընդոտվում կլինիկայի կողմից: Բայց մյուս բոլոր դեպքերում սա որպես վճարովի ծառայություն է դիտարկվում:

– Ստացվում է, որ սեռական բնույթի խնդիրների լուծումը ուղղակի չի դիտարկվում որպես անհատի առաջնային կարիք: 

– Այո, ավելի կարևոր է դառնում, օրինակ՝ պրոթեզի տեղադրումը և այլն: Դրան գումարվում է նաև հասարակության մեջ տարածված այն կարծրատիպը, որ հաշմանդամություն ունեցող մարդուն սեռական կյանք անհրաժեշտ չէ: Մինչդեռ սեռական կյանքի առկայության դեպքում շատ խնդիրներ ավելի հեշտ հաղթահարելի են դառնում: 

Սեռական կյանքի առկայության պարագայում մարդը ոչ միայն իրեն առավել լիարժեք է սկսում զգալ, այլև սեռական հարաբերության միջոցով հնարավոր է նվազեցնել ցավազգայունության շեմը և դեպրեսիաների հավանականությունը: Ամբողջ աշխարհում շատ ընդունված պրակտիկա է, որ անգամ քաղցկեղով հիվանդ բուժառուների դեպքում բժիշկներն անում են ամեն բան, որ նա ունենա սեռական կյանք, եթե անգամ խոսքը տերմինալ փուլում գտնվող մարդկանց մասին է, որոնց դեպքում ապրելիության ցուցանիշ ուղղակի չկա: Բացի այդ, մեր մասնագետները նաև տեխնիկապես պատրաստ չեն եղել աշխատելու ֆիզիկական հաշմանդամություն ձեռք բերած բուժառուների մոտ ի հայտ եկող սեռական բնույթի խնդիրների հետ: 

Տեսականորեն, այո՛, մենք գիտենք, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ ողնաշարի վնասվածք ստացած մարդու մոտ կամ անդամահատված վերջույթների դեպքում, սակայն մեր մասնագետներն ունեն վերապատրաստման լուրջ կարիք՝ այդ իմացությունները գործնականում կիրառելու համար: 

– Մեր զրույցի ընթացքում, կարծես թե, մենք խոսեցինք միայն տղամարդկանց մասին: Ուզում էի հարցնել՝ կանայք ավելի քի՞չ են հակված սեռական բնույթի խնդիրներ ունենալուն, թե՞ նրանց պարագայում սեռական կյանքի կարևորությունն առավել անտեսված է:

– Ընդհանուր առմամբ, ինձ մոտ, կանանց և տղամարդկանց դիմելիության կտրուկ տարբերություններ չկան, սակայն պատերազմական սթրեսների նկատմամբ առավել խոցելի են տղամարդիկ: Կանանց համար շատ սթրեսային եղել է բռնի տեղահանման գործընթացը, ինչը հանգեցրել է կանանց մեջ սեռական ցանկության կտրուկ նվազման, սեռական ակտիվության բացակայություն: 

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am

The post Պատերազմի հետքը. հետպատերազմական սթրեսներով պայմանավորված սեռական բնույթի խնդիրներն ավելացել են շուրջ 40 տոկոսով. Ղարիբյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net