Իրանում Հանիեի սպանությունից հետո բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը
Իրանի Ղոմ քաղաքի Ջամքարան մզկիթի գմբեթի վրա բարձրացվել է վրեժխնդրության կարմիր դրոշը, հայտնում է Mehr գործակալությունը:
Նշվում է, որ այս դրոշն առաջին անգամ սրբավայրի գմբեթին ծածանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո՝ ի նշան նրա արյան վրեժի։
Շիա ավանդույթի համաձայն՝ կարմիր դրոշները խորհրդանշում են ինչպես անարդար արյուն թափվել, այնպես էլ սպանվածի վրեժ լուծելու կոչ:
Անցած գիշեր Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին մեղադրել է Իսրայելին և ասել, որ «իրենց պարտքն են համարում վրեժ լուծել Հանիեի արյան համար, քանի որ սպանությունը տեղի է ունեցել իրանական հողում»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներգրավված չէ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը: