World News

Հանրային ռադիոն ՔՊ սեփականությունը չի, որքան էլ մեկ անգամ հաջողվել է ջարդել դրա դռները. Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը 

– Տիկի՛ն Սամսոնյան, Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթում հաղթող է ճանաչվել Արմեն Քոլոյանը, իսկ նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը պատրաստվում է հայց ներկայացնել Հանրային հեռարձակողի խորհրդի դեմ, քանի որ մրցույթի անցկացման կարգի ու արդյունքների հետ համակարծիք չէ։ Դուք այս զարգացումների մասին ի՞նչ կարծիք ունեք: 

– Վերջին տարիներին պետական մարմիններում ընտրական բոլոր գործընթացները խնդրահարույց են, որովհետև այս իշխանությունն իր գործելաոճով չի տարբերվում նախորդներից և բոլոր պաշտոններում, բոլոր հնարավոր օրինական և ոչ օրինական ճանապարհներով փորձում է «խցկել» իր մարդկանց։ 

Դեռևս ամիսներ առաջ Հանրային ռադիոյի տնօրենի հայտնի գրառումը վարչապետի հարցազրույցի վերաբերյալ տեսնելուց հետո ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ դա հիշաչար և քինախնդիր իշխանությունը չի մոռանալու, ես հո նրանց լավ եմ ճանաչում։ 

Հայաստանում ազատ խոսքի իրավունքը 2018 թվականից հետո պատկանում է միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հայհոյող և վիրավորող մասսաներին։ Մնացածը դրա իրավունքը չունեն։ Իհարկե, ժողովրդավարության բաստիոնում ուղիղ իմաստով չեն կարող արգելել խոսել, բացառությամբ մի քանի կալանավորման դեպքերի, չնայած դա էլ է վիճելի՝ ազդում է, թե՞ ոչ, իսկ մնացածին լռեցնելու համար կարող են զրկել լծակներից, ճնշել ատելության խոսքով և շատ այլ անուղղակի գործիքներով։ 

Ես վստահորեն կարող եմ ասել, որ մարդիկ հիմա ավելի շատ են վախենում իրենց անկաշկանդ և ազատ կարծիքն արտահայտելուց, քան 2018-ից առաջ։ Իսկ ովքեր չեն վախենում, ստիպված են դեմ առ դեմ կռիվ տալ համակարգի դեմ արդարության հասնելու համար, ինչը և հիմա անում է Հանրային ռադիոյի նախկին տնօրենը։ Ես տնօրենի ընտրության մրցույթին ամբողջությամբ չեմ հետևել, բայց կան արձանագրումներ, որ դրանք անցկացվել են վարչաիրավական խախտումներով։ Որքան գիտեմ, հարցը կբարձրացվի դատարանում, սպասենք իրադարձությունների զարգացմանը։ 

Բոլոր դեպքերում Հանրային ռադիոն ՔՊ սեփականությունը չէ, որքան էլ մեկ անգամ հաջողվել է ջարդել դրա դռները։ Այդ ռադիոն գործում է հանրային միջոցներով, և շատ կարևոր է, թե ով է լինելու հանրային միջոցներով բովանդակություն ձևավորող ռադիոյի պատասխանատուն։ Ես ծանոթ եմ նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի գործունեությանը, նա ապրում է Հայաստանում, գործում է Հայաստանում, հարկ է վճարում Հայաստանում։ 

Ես չեմ ճանաչում նոր ընտրված տնօրենին, նա չի ապրում Հայաստանում, ես չգիտեմ՝ մինչև այսօր ով է եղել նա։ Հանրային ռադիոն պարզապես արկղիկ չէ, դրա գործունեությունը ազգային անվտանգության հարց է, և այդ տեսանկյունից ինձ համար էական է, թե ով է, որտեղ է աշխատել և ում կողմից է ֆինանսավորվել այն մարդը, որին վստահում են Հանրային ռադիոն։ 

Բացի դա, ես միտում եմ նկատում, որ պետական համակարգում աշխատող և ազգային արժեհամակարգ ունեցող անձինք պետք է դուրս մղվեն համակարգից, որովհետև այդ մարդիկ օտար ազդեցություններին հակազդելու, դիմադրելու և այդ իմաստով խնդիրներ ստեղծելու պոտենցիալ ունեն։ 

– «Հանրային հեռարձակողի խորհուրդը (նախագահ՝ Արա Շիրինյան) 2016 թ. ապրիլի 1-ից փակեց Հանրային ռադիոյի ուղիղ եթեր մտած իմ հեղինակած «Ստատուս քվո» քաղաքական-վերլուծական հաղորդումը: Պատճառը՝ քննադատություն իշխանության քաղաքականության նկատմամբ». այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգ Մելիքյանը։ Երևույթն ինչի՞մասին է խոսում։

– Այո՛, իշխանությունը չէր կարող հանդուրժել քննադատություն այնպիսի եթերում, որի վրա վերահսկողություն է իրականացնում։ Դուք պատկերացնո՞ւմ եք այդպիսի հաղորդում, օրինակ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում։ Նույնն էլ ռադիոն է։ 

Օրինակ՝ երբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան էր, Հանրային հեռուստաընկերությունից ժամանակ առ ժամանակ մեզ կանչում էին արտաքին քաղաքական հարցերի քննարկումների համար, լավ հասկանալով, որ մենք չենք կարող հակադրվել իշխանության արտաքին քաղաքական կուրսին, իսկ ներքաղաքական հարցերով նախապես ասել էինք, որ համերաշխ չենք ու չենք պաշտպանելու։ Բայց հետո այդ եթերն էլ փակվեց «Լուսավոր Հայաստանի» համար, որովհետև բացահայտ ասելու էինք, որ արտաքին քաղաքականությունը տապալել եք, կարմիր գծերը ջնջել եք։ 

Վերջ, դարձանք պերսոնա նոն գրատա, և որպեսզի իշխանության համար այդ պերսոնա նոն գրատաները հանկարծ մեկ րոպեով չերևան հանրային եթերներում, պետք է հեռացնել այն մարդկանց, ովքեր դա թույլ են տալիս։ Իսկ ո՞ւր մնաց ժողովրդավարության բաստիոնի բազմակարծությունը։ Բոլորին հնարավորինս փորձում են լռեցնել, դրա համար ունեն լծակներ և օգտագործում են։ Ես ճանաչում եմ պարոն Մելիքյանին և գիտեմ, որ նրա հաղորդումը փակելով հաստատ չեն լռեցնի։ Ես ինքս մի քանի անգամ եղել եմ պարոն Մելիքյանի հյուրը, և պարզ է, որ դա իշխանությանը դուր չէր գա։

– Տիկի՛ն Սամսոնյան, կարծում եք, որ նման որոշումները կատարվում են գործող իշխանության ղեկավարի ուղիղ հրահանգո՞վ։

– Այո՛, կատարվում են գործող իշխանության ուղիղ հրահանգով։

– Հասարակական կազմակերպությունները, քաղաքացիները, լրագրողական կազմակերպությունները ի՞նչ քայլերի պետք է դիմեն այս իրավիճակում և արդյոք կարողանալո՞ւ են արդյունքի հասնել։

– Քաղաքացիները դարձել են անտարբեր, նույնիսկ սկսել են լուրերին չհետևել, որ դա իրենց չստիպի մտածել, թե ինչ է կատարվում երկրում։ Մարդիկ ասում են՝ դե մեզնից բան կախված չէ, ավելի լավ է շառ ու փորձանքից հեռու ապրեմ իմ համար։ Ու այդպես ապրում են, մինչև անարդարությունն ու բեսպրեդելը իրենց դուռն են թակում։ Հայաստանն այնքան փոքր է, որ մի կատվի մլավոցը կարող է ամբողջ երկրի նյարդային համակարգի վրա ազդել։ 

Մարդկանց անտարբերությունը պետք է ոչ թե հիասթափեցնի քաղաքական գործիչներին կամ լրագրողներին, այլ հակառակը՝ աշխատեցնի միտքը, թե ոնց պետք է արթնացնել մարդկանց, գրավել մարդկանց ուշադրությունը։ Եթե այս երկու սեգմենտն էլ նահանջեցին, իշխանությունը դառնալու է է՛լ ավելի սանձարձակ։ Այս վիճակից դուրս գալու համար մեզ ներքին ուժ է պետք, որովհետև արտաքին բոլոր ուժերը աշխատում են այս թմրած վիճակը պահելու և խորացնելու վրա։ Մենք բոլորս և հատկապես մեդիան պետք է համբերություն և կամք ցուցաբերենք դրան հակազդելու ուղղությամբ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Հանրային ռադիոն ՔՊ սեփականությունը չի, որքան էլ մեկ անգամ հաջողվել է ջարդել դրա դռները. Անի Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net