World News

Միգուցե լրագրողները, ՀԿ-ները  ավելի ակտիվ փորփրեն չզեկուցվող հարցերն ու հետևեն, թե ինչ են անում մեր հայրենի իշխանությունները. Հոկտանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը

– Պարո՛ն Հոկտանյան, Կառավարությունը 49 նոր ավտոմեքենա ձեռք բերելու որոշում է կայացրել՝ չզեկուցվող նախագծով, առանց հանրային լայն քննարկման, պետական միջոցներից 1 մլրդ 38 մլն դրամ է հատկացրել այդ ուղղությամբ, որպեսզի Volvo էլեկտրական մեքենաներ գնեն։ Նման հարցերը չզեկուցվողների բաժնում ներառելը նորմա՞լ եք համարում, այն էլ այս իշխանության պարագայում, որի խոստումները շատ լավ հիշում ենք։

– Նախ ասեմ, որ եթե 2019-ին մոտավորապես 500 զեկուցվող հարց կար Կառավարության նիստերում, ապա անցյալ տարի այդ թիվը կազմել է ընդամենը 155, ինչ վերաբերում է նիստերում հարցերի զեկուցվող-չզեկուցվող լինելուն, ես մի քիչ այլ մոտեցում ունեմ։ Խնդիրն այն չէ, որ բոլոր հարցերը զեկուցվող լինեն, պատկերացրեք, թե ինչ ձանձրալի կլիներ, եթե բոլոր հարցերը զեկուցվող լինեին: Երկրորդ նկատառումն այն է, որ մենք չունենք կոալիցիոն կառավարություն, ունենք մեկ քաղաքական ուժի ձևավորած կառավարություն, ու քիչ հավանական է, որ այդպիսի կառավարության նիստերում ինչ-որ կարծիքների բախում լինի։ 

Իմ մոտեցումն այն է, որ ավելի ճիշտ կլինի նախ բավականին շուտ՝ նիստից երեք օր առաջ, այսինքն՝ երկուշաբթի, դրվի օրակարգը: Սովորաբար հիմա դրվում է մեկ օր առաջ, ընդ որում՝ ոչ ամբողջովին, որովհետև երբ նայում ենք այդ օրակարգն արդեն նիստից հետո՝ ուրբաթ օրը, հարցերը չորեքշաբթի օրվա համեմատ ավելացած են լինում։ Ճիշտ կլինի, որ ամբողջ օրակարգը՝ առանց փոփոխությունների, դրվի երկուշաբթի առավոտյան, ու արդեն լրատվամիջոցները, ՀԿ-ները ժամանակ ունենան ուսումնասիրել դա, որից հետո ինչ-որ իրավական ակտով պարտավորեցվեր, որ, ասենք, զեկուցող նախարարները կամ փոխնախարարները հետագայում հրապարակային պարզաբանումներ տային, եթե դրա կարիքը լիներ, բայց դա պարտադիր լինի, ու իրենք չխուսափեն դրանից։ Սա երևի ավելի կոնստրուկտիվ թափանցիկություն կլիներ, ես այս տարբերակն եմ նախընտրում, որն այդպես էլ կյանքի չկոչվեց։ 

– Իսկ նման հարցերը, որոնք պետական բյուջեից մեծ չափով գումար են պահանջում, գոնե չպե՞տք է զեկուցվող հարցերի մեջ լինեն։ 

– Բնական է, որ ցանկացած կառավարություն կխուսափի, չի ցանկանա նման տհաճ հարցեր հրապարակային քննարկել, որովհետև դա իրենց ժողովրդայնությունը այսպես ասած կգցի, քիչ հավանական է, որ նման հարցերը դնեն զեկուցվողների շարքում։ Այո՛, կարող ենք դա պահանջել, բայց արդյունքը կլինի բացասական, դրան չեն համաձայնի։ Երկրորդը՝ այդ հարցը նույնիսկ կարիք ունի ավելի պրոֆեսիոնալ կերպով քննարկվելու։ Այնպես որ, ես մնում եմ իմ կարծիքին, որ ճիշտ կլինի գտնել այլ լուծումներ, որ այդ թափանցիկությունն աշխատի, կրկնում եմ՝ այն էլ մեկ քաղաքական ուժի կազմած կառավարության պարագայում։ 

– Իսկ այն ձևաչափը, որն առաջարկում եք, մեր իրականության մեջ կարո՞ղ է կյանքի կոչվել։

– Դա հարցրեք Կառավարությանը, ես չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել, դա իմ առաջարկն է։ Դուք ոչ առաջինն եք, ոչ էլ վերջինն եք լինելու, որ թափանցիկության վերաբերյալ այդ հարցը բարձրացնում են, երևի ճիշտ կլիներ, որ դա իսկապես դառնար քննարկման առարկա, ու տեսնեինք, թե Կառավարությունն ինչ կասեր, բայց առայժմ, դժբախտաբար, դիսկուրսն այլ թեմայի շուրջ է՝ զեկուցվող հարցերի քանակն ավելացնե՞լ, թե՞ ոչ, ինչն անպտուղ է։

– Պարո՛ն Հոկտանյան, իսկ նորմա՞լ է, որ որոշումը կայացվել է, գումարը հատկացվել է մեքենաները գնելու համար, բայց դեռ չգիտեն, թե այդ մեքենաներն ո՛ւմ են սպասարկելու։

– Դա մեծագույն խնդիրն է, ի՞նչ է նշանակում գնել մեքենաները՝ առանց նշելու, թե կոնկրետ ո՛ր գերատեսչություններին են դրանք սպասարկելու։ Իհարկե, պետք է նշվեր, որ այս-այս նախարարությունների ծառայողական մեքենաները հնացել են և պետք է փոխարինել։ Այստեղ իհարկե կա նաև շատ ավելի կարևոր հարց, իսկ ընդհանրապես արժե՞ր այդքան գումար ծախսել այդ մեքենաների վրա։ Սա գլխավոր հարցն է, որի համար էլ նմանատիպ հարցերը զեկուցվող չեն։ Ընդհանրապես, ինչո՞ւ այդքան գումար ծախսել այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ տնտեսական վիճակը վատթարանում է, արտագաղթը շարունակվում է, տնտեսության շարժիչ ուժը, որն առայժմ մնում է այդ վերարտահանումը, թուլանում է։ Այդ մեքենաների գումարներով թող պետական աշխատողների միջին ու ցածր օղակի աշխատավարձերը բարձրացնեն, որպեսզի կադրերի արտահոսք չլինի պետական ապարատից, իսկ մնացողներն էլ գերծանրաբեռնված չաշխատեն։ 

– Կարծում եք, որ իշխանությունը բյուջեի գումարներն արդյունավետ ու նպատակայի՞ն չի ծախսում։

– Ինքս կրթությամբ հանրային քաղաքականության մասնագետ եմ, իսկ այդ հարցը, որ տվեցիք, ավելի շատ պետք է տնտեսագետներին ուղղել, բայց հանրային քաղաքականության տեսանկյունից ես արդեն ասացի մի ասպեկտը, այլ ասպեկտներ կան, որ ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ այսպիսի հանրային քաղաքականություն չպետք է վարել։ Շատ ավելի լուրջ խնդիրներ էլ կան, որոնց ես չէի ուզենա անդրադառնալ, համենայնդեպս, որքան ես եմ հասկանում տնտեսագիտությունից, այն, ինչ տեսնում եմ, կարող եմ ասել, որ լավ լուծում չէ, այսպիսի գումարներ տրամադրել, երբ երկրում լրջագույն խնդիրներ են, նաև անվտանգության ոլորտում խնդիրներ ունենք։ 

Ես չեմ ասում, որ մաշված մեքենաներով շրջեն, չնայած մեր վարչապետը՝ մեծարգոն, մինչև հեղափոխությունը «պադավատապետություն» ասելով, իրավացիորեն ծաղրելով նախկիններին, ակնկալվում էր, որ իր իշխանության գալու դեպքում «պադավատապետության» ծավալները կկրճատվեն։ Իհարկե, պետք է նշել, որ ինքը ընդամենը քննադատում էր, բայց չի խոստացել, որ իր պարագայում այդպես չի լինի, սա մի կողմ թողնենք, կարելի է փոխարինել ավելի էժան ու հասարակ մեքենաներով։

– Կարո՞ղ ենք ասել, որ իշխանությունը թափանցիկ չի գործում:

– Այդ չզեկուցվող հարցերը դրվում են https://www.e-gov.am/ կայքում իրենց ամփոփաթերթով, հիմնավորումներով։ Խնդիրը, նորից եմ ասում, միգուցե լրագրողները, ՀԿ-ները, քաղաքացիներն ավելի ակտիվ սկսեն փորփրել այդ չզեկուցվող հարցերը ու հետևեն, թե ինչ են անում մեր հայրենի իշխանությունները, ու նրանց հարցնել՝ ինչո՞ւ։ Արդեն կոնկրետ հարցերով պետք է պատասխան պահանջել։ 

– Իսկ ինչու հասարակական կազմակերպությունները, որոնք նախկինում անհամեմատ ակտիվ էին, այսօր  շատերը պասիվություն են դրսևորում:  Ինչո՞վ եք բացատրում։

– Ես հիմա ՀԿ-ի ղեկավար չեմ, ու լավ կանեք, որ այդ հարցերը տաք կազմակերպությունների ղեկավարներին, խորհուրդների անդամներին։ Սա շատ բարդ հարց է, ես ունեմ իմ անձնական կարծիքը, բայց չէի ուզի դա բարձրաձայնել։ Մեկ բացատրություն չունի, շատ հարցեր կան։ 

– Պարո՛ն Հոկտանյան, իսկ եթե ձեր ասածով լինի, ու այդ «ինչո՞ւ»- ներն ուղղենք իշխանությանը, պատասխանները կհնչե՞ն։

– Եթե մեզ մոտ լիներ կայացած բազմակուսակցական համակարգ, եթե լիներ այնպիսի հասարակություն, որը որոշ չափով լիներ քաղաքացիական, ապա չպատասխանելու համար իշխանությունը կվճարեր իշխանությամբ, այսինքն՝ հաջորդ ընտրություններին չէին ընտրվի։ Եթե մեզ մոտ այդ մշակույթը մտնի, ապա կկարողանանք իշխանություններին մեզ հաշվետու դարձնել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Միգուցե լրագրողները, ՀԿ-ները  ավելի ակտիվ փորփրեն չզեկուցվող հարցերն ու հետևեն, թե ինչ են անում մեր հայրենի իշխանությունները. Հոկտանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net