World News

Ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերության համասեփականատերը փոխհատուցել է պետության պատճառված 20 մլն դրամի վնասը

Ապօրինի ընդերքօգտագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությամբ ՍՊ ընկերության համասեփականատիրոջ կողմից կատարվել է 20,000,000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

«Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում  իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության  2013-2014թթ. ընթացքում համասեփականատերը, պարտավոր լինելով հողերի թույլատրված օգտագործումն իրականացնել դրանց նպատակային և գործառնական նշանակությամբ, օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, հիշյալ ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ապագա համայնքին և մի շարք անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում հողի և ընդերքի օգտագործումն իրականացրել է հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու, օգտագործելու, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ։ Արդյունքում՝ շրջակա միջավայրին և ընդերքին պատճառվել է   էական վնաս:

Նախաքննության ընթացքում նշանակված դատաէկոլոգիական և դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության արդյունքում պարզվել են ընկերության կողմից, ինչպես օրինական, այնպես էլ` ընդերքի օգտագործման և պահպանման կանոնների խախտմամբ ավազակոպիճային զանգվածի արդյունահանման ծավալները, դրա արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը, այդ թվում նաև` հողային ռեսուրսների վրա ազդեցությունը: 

ՍՊ ընկերության համասեփականատիրոջ  կողմից կատարվել է 20,000,000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցում: 

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Читайте на 123ru.net