World News

Վենեսուելայում ձերբակալվել է 2,000 ցուցարար, որոնք վիճարկում են Մադուրոյի հաղթանակը (լուսանկարներ)

Վենեսուելայում կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնցում երրորդ անգամ հաղթող է ճանաչվել Նիկոլաս Մադուրոն, իշխանությունները կոշտ միջոցներ են ձեռնարկել Մադուրոյի հաղթանակը վիճակող ցուցարարների նկատմամբ։ Բողոքի ցույցերի ընթացքում 2 հազար մարդ է բերման ենթարկվել,  հայտարարել է Մադուրոն։ 

Ինչպես գրում է dw.com-ը, ելույթ ունենալով իր համախոհների առջև՝ նա խոստացել է կալանավորներին ուղարկել Տոկորոն և Տոկույտոյի խիստ ռեժիմի բանտեր։

«Այս անգամ ներողամտություն չի լինի»,- ընդգծել է Մադուրոն։

Նույն օրը հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ամբողջ երկրում՝ ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի կոչով: Նա ելույթ է ունեցել Կարակասում տեղի ունեցած հանրահավաքում: Վենեսուելայի իշխանությունների հակառակորդները երբեք այսքան ուժեղ չեն եղել, իսկ ռեժիմն այդքան թույլ, ասել է նա։

«Մենք չենք լքի փողոցները»,- ընդգծել է Մաչադոն։

Նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալես Ուրուտիան չի երևացել հանրահավաքում, նշում է AFP-ն։

Հուլիսյան նախագահական ընտրություններում Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը պաշտոնապես ընտրությունների հաղթող է հռչակել Մադուրոյին, որը երկիրը ղեկավարում է 2013 թվականից: Ըստ պաշտոնական տվյալների՝ Մադուրոյին աջակցում է ընտրողների 51,2 տոկոսը։ Սակայն առանձին ընտրատարածքների քվեարկության արդյունքները դեռ չեն հրապարակվել։ Միջազգային դիտորդներին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։ Իր հերթին ընդդիմությունը պնդում է իր թեկնածու Էդմունդո Գոնսալես Ուրրուտիայի հաղթանակը: Նրանց պնդմամբ՝ թեկնածուն ստացել է ձայների մոտ 67 տոկոսը։ Ի պաշտպանություն Մադուրոյի հակառակորդները հրապարակել են քվեաթերթիկների ավելի քան 80 տոկոսը, որոնք ստացվել են ուղղակիորեն Վենեսուելայի ընտրատեղամասերից:

Ընտրություններից հետո ամբողջ երկրում սկսվել են ցույցեր՝ ընդդեմ արդյունքների կեղծման։ Foro Penal ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ ցույցերի ընթացքում առնվազն 16 մարդ է զոհվել։ Նախագահ Մադուրոն Գոնսալեսին և Մաչադոյին մեղադրել է ահաբեկչության համար և սպառնացել նրանց մինչև 20 տարվա ազատազրկմամբ։

Միացյալ Նահանգները ընտրություններում հաղթող է ճանաչել Էդմունդո Գոնսալես Ուրրուտիային՝ ասելով, որ քվեաթերթիկների մշակման ժամանակ թույլ են տրվել «լուրջ սխալներ»։ 

Читайте на 123ru.net