World News

Փեզեշքիանն ասել է, որ Հանիեի սպանությունը «անպատասխան չի մնա», Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը «պատրաստ է ցանկացած սցենարի»

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը մեծ սխալ էր, որն անպատասխան չի մնա։ Նա այս մասին ասել է Թեհրանում Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադիի հետ հանդիպմանը, գրում է ԻՌՆԱ-ն:

Իրանի նախագահն ասել է, որ Հանիեի սպանությունը, որը եղել է Իսլամական Հանրապետության հյուրը, հակասում էր միջազգային իրավունքին։

Նա հավելել է, որ Թեհրանն աշխարհից ակնկալում է, որ այս հանցագործությունը խստորեն կդատապարտվի՝ ընդգծելով, որ «սիոնիստների ամբարտավանությունը անպատասխան չի մնա»։

Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ամեն զարգացման և ուժեղ կպատասխան կտա, եթե հարձակման ենթարկվի, գրում է timesofisrael.com-ը:

«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի՝ և՛ հարձակողական, և՛ պաշտպանական»,- ասել է Նեթանյահուն Երուսաղեմում վարչապետի գրասենյակում կառավարության ամենշաբաթյա նիստի սկզբում։

Նրա խոսքով՝ Իսրայել պետությունը բազմճակատ պատերազմի մեջ է «Իրանի չարի առանցքի դեմ»:

«Մենք մեծ ուժով հարվածում ենք նրա բոլոր թևերին: Ես կրկնում եմ և ասում եմ մեր թշնամիներին. մենք կպատասխանենք և ծանր գին կպահանջենք մեր դեմ ագրեսիայի ցանկացած գործողության համար՝ անկախ այն բանից, թե որ կողմից դա լինի», - հայտարարել է Նեթանյահուն։

Նրա մեկնաբանություններից ժամեր անց պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է, որ Իսրայելը «շատ ուժեղ պատրաստված է» և պատրաստ է արագ արձագանքել ցանկացած հարձակման:

Հիշեցնենք, որ ավելի վաղ timesofisrael.com-ը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից: 

Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:

Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել դրանք, հաղորդում է իսրայելական Channel 12-ը:






Читайте на 123ru.net