World News

Ամբողջ բեռը նորից կրելու է հասարակ ժողովուրդը. Փայլակ Թադևոսյանը՝ եկամտային հարկը հարկելու քննարկումների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը  – Պարո՛ն Թադևոսյան, «Հետքի» աղբյուրի համաձայն՝ հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը հարկելու մասին քննարկումներ են սկսվել։ Գաղափարի հեղինակը ֆինանսների նախարարությունն է, որ ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է նախագծի լինելիությունը։ Առաջարկվող գաղափարն ինչպե՞ս եք գնահատում։ – Եթե մեկ բառով գնահատեմ՝ աբսուրդ։ Բացատրեմ, թե ինչու․ […]

The post Ամբողջ բեռը նորից կրելու է հասարակ ժողովուրդը. Փայլակ Թադևոսյանը՝ եկամտային հարկը հարկելու քննարկումների մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը 

– Պարո՛ն Թադևոսյան, «Հետքի» աղբյուրի համաձայն՝ հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը հարկելու մասին քննարկումներ են սկսվել։ Գաղափարի հեղինակը ֆինանսների նախարարությունն է, որ ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է նախագծի լինելիությունը։ Առաջարկվող գաղափարն ինչպե՞ս եք գնահատում։

– Եթե մեկ բառով գնահատեմ՝ աբսուրդ։ Բացատրեմ, թե ինչու․ պատգամավորներին վճարվում է ամսական 250 հազար դրամ փոխհատուցում՝ որոշ ծախսերի համար, ինչը չհարկվող է: Պետությունը վրացական պետհամարանիշներով ավտոքենաների մաքսազերծման համար վճարեց փոխհատուցման վճար՝ հիմնականում այն անձանց, որոնք հարկեր չվճարելու նպատակով շահագործում էին վրացական պետհամարանիշներով, այդ թվում՝ թանկարժեք մեքենաների համար, որոնց սեփականատերերը բարձր եկամուտներ ունեին։ 

Հիմա եթե պետությունն ուզում է հիփոթեքի մասով պակասեցնել ծախսերը, թող 20%-ով պակաս գումար վճարի, արդյունքը նույն է, բայց դա չի անում, այլ որոշել է, որ հիփոթեքի գումարի 80%-ը վճարելու փոխարեն պետք է հարկել։ Հիմնավորման լիրիկական մասը եթե մի կողմ թողնենք, ապա շատ պարզ կերևա պատասխանը, թե ինչու են նման բան որոշել: 

Նման քայլով՝ հարկեր-համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) հարաբերությունը վիրտուալ կլավանա, և կասեն, որ, օրինակ՝ 0.5 տոկոսային կետով հարկերն ավելացել են: Սա իհարկե լրիվ տուն-տունիկ է։ 

Տեսեք, 2023 թվականին և 2024 թվականին վերադարձվող գումարների ավելացման պատճառներից մեկն էլ բանկերի կողմից վարկի տոկոսների բարձրացումն է, որը իբրև հիմնավորվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ, բայց երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեց, ոչ մի բանկ չվերանայեց հիփոթեքի տոկոսները: Արդյունքում՝ առնվազն հենց վերադարձվող գումարի գրեթե 20%-ով ավելացավ վերադարձի մասով պետության ծախսային բեռը: 

Ստացվում է, որ իրականում բանկերի բարձրացրած տոկոսների գումարների չափով պետությունը փոխհատուցում է բանկերին, բայց այդ գումարը վերցնելու է նորից ֆիզիկական անձանցից:

– Այսինքն՝ ձեր բնորոշմամբ, այս աբսուրդ միտքը նպատակ ունի օգնել բանկերին քաղաքացիների հաշվի՞ն։

– Տեսեք թե խնդիրը որն է․ պետությունը, կոպիտ ասած, ոտքին է գցել, չգիտեմ՝ բյուջեն են շատ պլանավորել, թե՞ այլ խնդիր կա, բայց փաստն այն է, որ հիփոթեքի վերադարձի հարցը պետության համար հստակ բեռ է։ Բայց ամեն ինչ թարս են անում, ես դրա համար եմ ասում, որ սա աբսուրդ է։ Տեսեք՝ քովիդից հետո բանկերը վերաֆինանսավորման տոկոսադրույքները բարձրացրեցին, բանկերը բոլոր հիփոթեք ունեցողներին ասացին՝ քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացել է, ով պայմանագիրը կնքել էր լողացող, այլ ոչ թե ֆիքսված տոկոսադրույքով, իրենց անփոփոխության ժամկետն արդեն անցել էր, այսինքն՝ երեք տարվա մեջ տոկոսը չեն փոխում, հետո նոր անցնում են լողացողի, բանկերը բռնեցին բոլորի տոկոսները առնվազն 2 տոկոսային կետով բարձրացրեցին։ Բանկերը բարձրացրեցին տոկոսները, պետությունն էլ ասում է՝ կտամ հիփոթեքի տոկոսները, չէ՞, ու ստացվում է, որ այդքան ավելի գումար տալիս են բանկերին, այսինքն՝ բանկերին տրվող գումարի չափն ավելացավ, ստացվում է, որ բանկը մեզանից տանում է, իսկ պետությունն էլ բանկին է հետ տալիս։ 

Հիմա, փոխանակ պետությունը բանկերին ասի՝ հարգելի՛ բանկ, ինչո՞ւ ես այդքան ավելացրել տոկոսը, որովհետև վերաֆինանսավորման տոկոսադրույքը ավելի ցածր է, քան այն ժամանակ, որ բարձրացնելու շեմին էր, կամ պայմանագիրը կնքելու ժամանակ էր։ Հիմա բանկերին չի կարողանում ասել, որ այդ բարձրացումն անհիմն է, որովհետև վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջել է, հիմա բանկերն իրենց համար տոկոսադրույքը բարձրացնում են, մարդիկ դա վճարում են, հետո բանկերը պետությանն ասում են՝ տուր գումարը, հիմա պետությունն էլ ասում է՝ այդքան չեմ կարողանում, բեռս շատ է։ 

Ստացվում է, որ պետությունը բանկերի վրա չի կարողանում, բանկերին մենք վճարում ենք, պետությունն էլ ասում է՝ «վերադարձող» անունը կփոխեմ, փոխատուցում չենք դնի, այդ դեպքում արդեն կարող եք նաև հարկել, ստացվում է՝  իբր պետությունը մեզ փող է տալիս, ինչն էլ կարող են հարկել։ Ամբողջ պատկերը սա է, չեն կարողանում մի բան անել, որբի գլուխն էլ մե՞նք ենք։ Խաղի կանոնները ճանապարհի կեսից փոխում են ու մարդկանց փոսը գցում։  Ստացվում է, որ բանկերը հարստանալու են, կառուցապատողները վաճառքի ժամանակ կհարստանան, բայց ամբողջ բեռը նորից կրելու է հասարակ ժողովուրդը, մեծ պատկերը սա է։

– Պարո՛ն Թադևոսյան, եթե այս նախագիծն օրենքի ուժ ստանա, ի՞նչ հետևանքներ իր հետ կբերի։

– Նախ՝ կարծում եմ, որ սա օրենքի ուժ չի ստանա, որովհետև կբերի համաժողովրդական լարման, բայց եթե ստանա՝ հետևանքները տխուր են լինելու։ Սա ուրիշ բան չէ, քան մարդկանց կոպիտ ասած քցել, մարդիկ տները կվաճառեն, առանց այն էլ ծանր վիճակում գտնվող շուկան կպայթի։ Այս գաղափարի կողմնակիցները չեն կարող որևէ փաստարկ բերել, որը հնարավոր չլինի ջախջախել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ամբողջ բեռը նորից կրելու է հասարակ ժողովուրդը. Փայլակ Թադևոսյանը՝ եկամտային հարկը հարկելու քննարկումների մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net