World News

Այրիները. «Ես նորից ոտքի եմ կանգնելու, նորից պինդ եմ լինելու». Գայանե Դեմիրճյանը

«Էրեխեքի հետ ծիծաղում, ուրախանում եմ, բայց ներսս կրակ է վառվում։ Ինձ վանդակում եմ զգում, որից փախուստ չունեմ, բայց փորձում եմ չկոտրվել»։  Բազմազավակ մայր Գայանե Դեմիրճյանը իր 10 երեխաներից 9-ի միակ խնամակալն է։ Ավագ դուստրն ամուսնացել է։ 40-ամյա արցախցի կինը այրիացել է չորս տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի վերջին օրերին, երբ դիպուկահարի գնդակից զոհվել են ամուսինն և […]

The post Այրիները. «Ես նորից ոտքի եմ կանգնելու, նորից պինդ եմ լինելու». Գայանե Դեմիրճյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Էրեխեքի հետ ծիծաղում, ուրախանում եմ, բայց ներսս կրակ է վառվում։ Ինձ վանդակում եմ զգում, որից փախուստ չունեմ, բայց փորձում եմ չկոտրվել»։ 

Բազմազավակ մայր Գայանե Դեմիրճյանը իր 10 երեխաներից 9-ի միակ խնամակալն է։ Ավագ դուստրն ամուսնացել է։ 40-ամյա արցախցի կինը այրիացել է չորս տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի վերջին օրերին, երբ դիպուկահարի գնդակից զոհվել են ամուսինն և երկու հարազատ եղբայրները։ 

Գայանեի ընտանիքը Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից է, 2023-ի բռնի տեղահանությունից հետո նախ ապրել է Արարատի մարզի Զորակ գյուղում՝ 22 հոգով, ապա իր ինը երեխաների հետ տեղափոխվել է Արագածոտնի մարզ՝ Օշական գյուղ, որտեղ աշխատանք է գտել և փորձում է զրոյից կազմակերպել իր ընտանիքի կենցաղը։ 

2023 նոյեմբեր. Գայանեն՝ իր 22 հարազատների հետ Արարատի մարզի Զորակ գյուղում։

2020-ը

– Երբ առաջին երեխաս ծնվեց, 17 տարեկան էի։ Ամուսինս` Սերյոժա Դեմիրճյանը, աշխատում էր, Լիսագորում անասնապահ էր։ 2020-ի սեպտեմբերի 27-ին մեր ամենափոքր աղջկա ծնունդն էր։ Մեկ տարեկանն էր լրանում, զանգեց, ասեց՝ արի փող տամ, էրեխու ծնունդը անենք, պատրաստվենք։ Կռիվը սկսվեց։ Ամուսինս շտապօգնության մեքենա ուներ։ Էդ մեքենայով սկսեց վիրավորներ տանել-բերել։ Ասում էի՝ մի՛ գնա, ասում էր՝ առողջ մարդ եմ, ոնց չգնամ։ Գյուղում էլ էի ասում՝ մի՛ գնա, էքան երեխա ունես, ինքն էլ ասում էր՝ հենց էդքան երեխա ունեմ, դրա համար էլ պարտավոր եմ գնալ…

Սերյոժան սպանվել է նոյեմբերի 5-ին, երբ գնալիս է եղել Լիսագոր, այնտեղ գտնվող մեր 5 երեխաներին Իվանյան բերելու։ Պատերազմի ընթացքում չորս հոգով մեր տան նկուղում էինք, մյուսներն այնտեղ էին։ Շտապօգնության մեքենայով են եղել, վերևից սնայպերը տեսել, խփել է ամուսնուս էլ, եղբայրներիս էլ… հեռախոսիս մեջ էդ ֆոտոն կա… Տղաս զանգում է ինձ ասում է՝ մամա, պապան չի՞ գալիս։ Պարզվում է, որ նրան արդեն խփել են։

Մեր բարեկամները մի կերպ գնացին, երեխեքին բերեցին ու բոլորիս տեղափոխեցին Նոյեմբերյան։ Այնտեղ երկու ամիս մնացինք, ամուսնուս էլ այնտեղ հուղարկավորեցինք։ Երկու ամիս հետո հետ գնացինք մեր տունը։ Գյուղի գերեզմանատանը ամուսնուս հագուստը դրեցինք, քար դրեցինք, գերեզման սարքեցինք, որ մեզ մոտիկ լինի, շուտ-շուտ կարողանանք մաքրենք, ծաղիկ դնենք… Այն ժամանակ կարծում էի, որ ամենավատն արդեն եղել է, չէինք պատկերացնում, որ սա դեռ վերջը չէ։

2023-ը

Շրջափակման ժամանակ շատ լավ էինք յոլա գնում, եղբայրս մեծ բոստան էր արել, այդ բոստանով ապրում էինք։ Հաց էլ չէր լինում, կարտոֆիլով, լոլիկով ապրում էինք։ 

Մեր տանն էինք, մեզ ուժեղ էինք զգում։

Սեպտեմբերի 19-ին գնացել էի Ասկերան։ Ալյուր էին բաժանում, ուրախացել էի, որ տանը վերջապես հաց կհայտնվի։ Ուրախացած հետ եկա, ամեն ինչ սկսվեց։ Մինչև ամսի 25-ը մեր տանը մնացինք, ճամփեն փակած էր, ռուսներն էին գյուղում։

Իվանյանի տունս նոր վերանորոգած էր, երկու հարկանի, բախչեքս… Շատերը խառը վիճակում տունը թափրտած թողել դուրս են եկել, ես էդպես չկարողացա, ամեն ինչ սիրուն հավաքեցի, մաքրեցի, փակեցի ու դուրս եկա։ Չեմ կարող բացատրել՝ ինչի զգացի, որ էդպես պետք է անեմ… մեզ հանեցին, տարան Ստեփանակերտ, այնտեղից ավտոբուսներով շարժվեցինք Հայաստան։ Գորիսում մնացինք մինչև ժամը հինգը, մինչև մի բարի մարդ, որի անունը մինչև հիմա հիշում եմ՝ Ալբերտ, մեզ բերեց մամայենց տուն՝ Զորակ, որտեղ էլ ութ ամիս մնացինք։ 

2024-ը

Երկու ամիս է՝ ինչ Օշականում ենք։ Ինձ այստեղ դուր է գալիս, օդը լավն է, մարդիկ լավն են, արդեն հարևանների հետ մտերմություն կա։ Մի քանի արցախցի ընտանիքների գիտենք։ Մի ընտանիք հացի փուռ է բացել, մյուս՝ շինանյութի խանութ ունի։ 

Արդեն մեկ տարի է, ինչ չեմ ստանում զոհվածի այրի լինելու գումարը և բազմազավակ մոր նպաստը։ Ստանում ենք միայն 40+10 հազար դրամները, որը, ասում են, տալու են մինչև տարվա վերջ՝ դեկտեմբեր։ Այսինքն՝ այդ ժամանակից մնալու ենք իմ աշխատավարձի հույսին, 35 հազար դրամ եմ ստանում խանութում։ 

Սեպտեմբերից հինգ երեխա եմ ուղարկելու Օշականի դպրոց։ Նոր պետք է հարմարվեն, բայց երևի լավ կլինի։ Չգիտեմ, թե ձմռանը ոնց կլինի, այս տան պատուհանները կոտրված են, տանիքը՝ բաց։ Տանտերն ասեց՝ փայտ կբերեմ, որ ցրտին վառեք, բայց չգիտեմ՝ տունը ինչքան կդիմանա։ Վերևում սենյակ կա, առանց հոսանք ա։ Գետնին եմ էրեխեքին անկողին փռում։ 

Փոքրերն են շատ հիշում հորը, հարցնում են՝ ո՞ւր ա պապան։ Մյուսը նկարը գրկած քնում է։ Ինչ ասեմ… չգիտեմ՝ ինչ ասեմ։ 

Ես չեմ ուզում կոտրվեմ, եթե կոտրվեմ, էլ չեմ վերականգնվի։ Ես նորից ոտքի եմ կանգնելու, նորից պինդ եմ լինելու։ 

Սվետլանա, Սամվել, Կարինե, Լիլիթ, Նարեկ, Մոնիկա, Ադրիանա, Արամ, Լևոն, Կարեն՝ նրանք են ինձ ուժ տալիս։

Պատմությունը և լուսանկարները՝ Անի Գևորգյանի

MediaLab.am

The post Այրիները. «Ես նորից ոտքի եմ կանգնելու, նորից պինդ եմ լինելու». Գայանե Դեմիրճյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net