World News

Զորավար Գևորգն այն սուրբն է, որի մասունքները պահվում են Սուրբ Գևորգ եկեղեցում՝ Մուղնու վանքը դարձնելով համաքրիստոնեական ուխտատեղիի. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ)

Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ 13-րդ դարում, և քանի որ այս վանքում են պահվում Զորավար Գևորգի մասունքները, այն դարձել է կարևոր ուխտատեղի ոչ միայն հայերի, այլև մյուս քրիստոնյա ժողովուրդների համար: Երկար ժամանակ Սուրբ Գևորգը հանդիսացել է Անգլիայի պահապան սուրբը, սկզբում բյուզանդացիները, այնուհետև ուղղափառ վրացիներն ու ռուսները մեծ համակրանք ունեին Սուրբ Գևորգի հանդեպ՝ համաքրիստոնեական այս նահատակին դիտարկելով որպես հավատքի և քաջության կարևորագույն խորհրդանիշ:

Ըստ պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի՝ Սուրբ Գևորգ եկեղեցին և Մուղնի գյուղը միջնադարում ունեցել են ոչ միայն հոգևոր, այլև բացառիկ տնտեսական նշանակություն: Վանքի և գյուղի տնետեսական նշանակությունն այնքան մեծ էր, որ 15-րդ դարում այն նվիրաբերվեց Մայր Աթոռին և երկար դարեր հանդիսանում էր Կաթողիկոսության գործնությունը Էջմիածնում կազմակերպելու տնտեսական հենարաններից մեկը: Անգամ 16-րդ դարի թուրք-պարսկական ավերիչ պատերազմների շրջանում Սուրբ Գևորգը գործող եկեղեցի է եղել՝ ապահովելով տարածաշրջանում հայկական ինքնության պահպանումն ու անձեռնմխելիությունը: Վանքում պահվում են ոչ միայն Սուրբ Գևորգի, այլև Թադեոս Առաքյալի և Մաթեոս Ավետարանիչի մասունքները: Հռոմեական կայսրությունում քրիստոնյաների հալածանքների վերջին շրջանում նահատակված Սուրբ Գևորգը համաքրիստոնեական այնպիսի բացառիկ նշանակություն ունի, որ նրա մասունքները պահպանող վանքը երբևիցե չի դադարել գործել: Ավելին՝ անգամ ամենածանր ժամանակներում Մուղնու վանքը նորոգվել, ամրացվել ու գեղեցկացվել է:

Պատմաբան, լրագրող Անի Հակոբյանը նշում է, որ միջնադարում Վրաստանի թագավորի խնդրանքով Սուրբ Գևորգի մասունքները տեղափոխվել են Թիֆլիս՝ բուժիչ դեր խաղալու հիվանդ վրաց արքայազնի համար: Սակայն, հիվանդությունը հաղթահարելուց հետո վրաց արքան հրաժարվել է մասունքները վերադարձնել Մուղնու վանք՝ խնդրելով, որ Թիֆլիսի հայերը տեղում եկեղեցի կառուցեն և մասունքները պահեն հենց Թիֆլիսում: Ճիշտ է, Թիֆլիսում կառուցվել է Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին և ինչ-որ ժամանակ Զորավար Գևորգի մասունքները պահվել են այդտեղ, սակայն հետագարում դրանք հետ են բերվել Մուղնու վանք, որը չնայած դավանաբանական տարբերություններին՝ վրացիների համար մինչև հիմա էլ կարևոր ուխտատեղի է:

Համաքրիստոնեական սուրբ Զորավար Գևորգին և Մուղնու Սուրբ Գևորրգ եկեղեցու պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Читайте на 123ru.net