Կանխիկ առևտուրն անօգտագործելի է դառնալու, այն կորցրել է իր ֆունկցիոնալությունը. Մհեր Գրիգորյան
Եթե անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ հետվճար տրամադրելու ծրագրի մեկնարկի առաջիկա ամիսներին կենսաթոշակային քարտերով թոշակ ստացողների թիվը 300 հազար էր, ապա այսօր ունենք 540 հազար քարտերով թոշակ ստացող կենսաթոշակառու, որոնց 44 %-ն օգտվում է այս ծրագրից։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Նախագծով շահառուներին հնարավորություն է տրվում ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար, այդ նպատակով առաջարկում ենք հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 10 %-ն ավելացնել մինչև 12%, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից դարձնել 6000 դրամ: Միևնույն ժամանակ առաջարկում ենք կոմունալ ծառայությունների դիմաց վճարման հետվճար չհաշվարկել, քանի որ ի սկզբանե ծրագրի հիմքում դրված էր այն հանգամանքը, որ պետք է կրճատել տնտեսության ստվերային շրջանառությունը, իսկ կոմունալ վճարումներն ամբողջությամբ համարվում են ստվերից դուրս»,- ասաց Մկրտչյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելացրեց, որ նախորդ ամիս ՀՀ-ում առաջին անգամ անկանխիկ առևտրի ծավալը գերազանցել է կանխիկ առևտրի ծավալին, ինչը փոխվարչապետը կարևոր համարեց:
«Բայց ես դեռ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու թոշակառուները չեն ծախսում անկանխիկ, կարո՞ղ է բավարար լուսաբանման խնդիր ունենք՞,- դիմելով նախարարին՝ ասաց փոխվարչապետը, ինչին ի պատասխան Նարեկ Մկրտչյանը նշեց, որ անկանխիկ վճարումներ իրականացնող կենսաթոշակառուների թիվը համեմատաբար քիչ է, որովհետև ավելի քիչ բանկեր էին մասնակցում ծրագրին:
«Մենք ինչ-որ առումով մեր թոշակառուներին պատրաստում ենք ռեալ սպասվող իրավիճակին, որովհետև միևնույն է էլեկտրոնային առևտուրը դոմինանտ է լինելու, ու էլեկտրոնային առևտրի պարագայում կանխիկն անօգտագործելի է դառնալու: Զարգացած երկրներում այս հարցն ուղղակի չի էլ քննարկվում, կանխիկն արդեն կորցրել է իր առևտրային ֆունկցիոնալությունը»,- ասաց Մհեր Գրիգորյանը: